Պարզաբանում 18.03.2010թ. “Առավոտ” օրաթերթի “Քաղաքացիներին ցրում են” հոդվածում բարձրացված հարցերի վերաբերյալ

Հոդվածում նշված քաղաքացիների դժգոհությունը “անկարևոր” փաստաթղթեր պահանջելու վերաբերյալ անհիմն է, քանի որ զբաղվածության կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառելու համար քաղաքացիներից բացառապես պահանջվում են ՀՀ գործող օրենսդրությամբ ամրագրված փաստաթղթեր (ՀՀ կառավարության 23.03.2006թ. թիվ 472-Ն որոշում):

Բացի դրանից, անձի ապահովագրական ստաժը հաշվարկելու և դրա հիման վրա գործազրկության նպաստ նշանակելու համար անձից պահանջվում է նաև ՀՀ կառավարության թիվ 793-Ն որոշմամբ ամրագրված այլ փաստաթղթեր (զինվորական գրքույկ, երեխաների ծննդյան վկայականներ, կրթության մասին վկայական և այլն):

Միաժամանակ զբաղվածության կենտրոնը համաձայն ՀՀ կառավարության 23.03.2006թ. թիվ 472-Ն որոշման հարցումներ է կատարում ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե` անձի անվամբ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության կամ վարձակալության իրավունքի առկայությունը ճշտելու նպատակով, ինչպես նաև ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայություն` 1992թ. հետո անձի կատարած սոցիալական ապահովագրության վճարների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Վերոնշյալ տեղեկատվությունը իրավական ակտերով սահմանված է ստանալ առավելագույնը 7-օրյա ժամկետում, սակայն գործընթացը հաճախ տևում է 1-2 ամիս և առաջացնում  քաղաքացիների արդարացի  դժգոհությունը, որն արտահայտված է հոդվածում:

Վերջին ամիսներին քաղաքացիները դժգոհում են նաև զբաղվածության կենտրոններում գոյացող հերթերից, որն անդրադառնում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կտրուկ մեծացել է զբաղվածության կենտրոն դիմող քաղաքացիների թիվը, սակայն աշխատողների թվաքանակը մնացել է անփոփոխ:

Վերջին ամիսներին զբաղվածության շատ կենտրոններում օրական միջինը հաշվառվում է 20-25 աշխատանք փնտրող: Յուրաքանչյուր անձի հաշվառման և խորհրդատվության տրամադրման միջին ժամանակահատվածը կազմում է շուրջ 20 րոպե, մինչդեռ անհրաժեշտ է նվազագույնը 40-45 րոպե:

Զբաղվածության կենտրոններում մեկ աշխատողին ամսվա ընթացքում բաժին է ընկնում 252 աշխատանք փնտրող և 110 գործատու: Այս ցուցանիշները շուրջ 3 անգամ գերազանցում են միջազգային միջին ցուցանիշները:

2010թ.-ի մարտի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 99.7 հազար (միայն 2009թ.-ի ընթացքում զբաղվածության կենտրոններում  հաշվառվել է 54000 աշխատանք փնտրող), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4.8%-ով /94.9հազ. մարդ/, իսկ տարեսկզբի նկատմամբ` 0.4%-ով /99.3 հազ. մարդ/: Մարտ ամսին գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 26131 գործազուրկ, այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55.2%-ով /16836 մարդ/:

2010թ. մարտի մեկի դրությամբ 26248 աշխատանք փնտրող ընդգրկված է  զբաղվածության պետական ծրագրերում: 2010թ. հունվար-փետրվար ամիսներին աշխատանքի է տեղավորվել 1557 աշխատանք փնտող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 33.1%-ով /1170 մարդ/: Աշխատանքի տեղավորվածներից 392-ը երիտասարդներ են:

ԿԻՍՎԵԼ