“Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում

2010թ. մարտի 9-ին “Գոլդեն Թուլիպ” հյուրանոցում տեղի ունեցավ “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումը, որը կազմակերպել էր “Արազա” հասարակական բարեգործական կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, Կայուն զարգացման ծրագրի իրականացման (ԿԶԾ) աշխատանքային խմբի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, հանձնաժողովների անդամներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ԱԺ–ՀԿ համագործակցության “Հանրային ցանցի” անդամ կազմակերպություններ, սոցիալական գործընկերներ, սոցիալական բարեփոխումների աջակցությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններ, խորհրդականներ:

Քննարկման նպատակն էր հանրության առավել լայն շրջանակների` գործատուների, արհեստակցական միությունների, տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչների, քաղաքացիների հետ մեկ անգամ ևս անդրադառնալ այն հարցերին, որոնք` ըստ կազմակերպիչների, խնդրահարույց են:

Բացելով հանդիպումը` ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ա. Ասատրյանը կարևորեց հանրային քննարկումների  նման ձևաչափը: Նա շեշտեց ինչպես գործող օրենքի հետագա կատարելագործման, այնպես էլ նախատեսվող բարեփոխումների կարևորությունը, նշելով, որ  ՀՀ նախագահի մոտ մարտի 5-ին կայացած հանդիպման ընթացքում երկրի նախագահի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ և շահագրգիռ մարմինները ձեռնամուխ են եղել դրանց կատարմանը:

Այնուհետև տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ընթացքում հանրային ցանցի և մասնակիցների կողմից բարձրացված  հարցերի վերաբերյալ  պարզաբանումներ ներկայացրեցին Ա. Ասատրյանը, Վ. Արամյանը և ՀՀ ԱՍՀ նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ս. Սաիյանը:

Քննարկման ընթացքում հավաքագրված դիտողությունների ու առաջարկների համաձայն կլրամշակվի հանրային փորձաքննությունը և որպես հանրային եզրակացություն ԿԶԾ ՔՀՑ-ի ու ԱԺ–ՀԿ համագործակցության  “Հանրային ցանց” կողմից կներկայացվի ՀՀ կառավարություն ու Ազգային Ժողով:

ԿԻՍՎԵԼ