Հանրային քննարկում

Փետրվարի 16-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ “Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման հայեցակարգի” հանրային քննարկումը, որին մասնակցում էին պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչությունների և հասարակական կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջունեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մոշիրին:

Փաստաթուղթը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, այն ուղարկվել է շահագրգիռ կազմակերպություններ, ստացվել են կարծիքներ և առաջարկություններ, որոնք արդեն իսկ ներառվել են Հայեցակարգ: Այս քննարկումը նպատակ ուներ մեկ անգամ ևս լսել բոլոր առաջարկությունները, լրամշակել և վերջնական տեսքի բերել նախագիծը և ներկայացնել ՀՀ կառավարություն:

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրեց Հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք ստացվել էին պետական այլ գերատեսչություններից և հասարակական կազմակերպություններից: Ներկայացմանը հաջորդեց շահագրիռ քննարկում, որի ընթացքում եղան բազմաթիվ նոր առաջարկություններ, որոնք ևս ներառվեցին հայեցակարգ:

ԿԻՍՎԵԼ