Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական, աշխատանքի և տնտեսական հարցերի նախարարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 15-ին ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին իր հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Հայաստան գալու համար և վստահություն հայտնել, որ հետագա համագործակցությունը կնպաստի հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների զարգացմանը և երկու նախարարությունների միջև համագործակցության կայացմանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու պետությունների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կազմակերպմանը հաստատություններում և ցերեկային կենտրոններում:

Երկու երկրների միջև կապն առավել ամրապնդելու և սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար առաջարկություն է արվել կնքել փոխըմբռնման հուշագիր, որն իրավական դաշտ կապահովի հետագա համագործակցության, ինչպես նաև աշխատանքային միգրացիային վերաբերող հարցերի կանոնակարգման ուղղությամբ աշխատանքների իրականացման համար:

Հանդիպման ավարտին տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին նախարար Արտեմ Ասատրյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթի Պետություն համագործակցությունն ամրապնդելու և հուշագիրը կնքելու նպատակով: Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է հրավերը և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կծառայի ի շահ երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների:

Աշխատանքային այցի շրջանակներում Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին այցելել է Թիվ 1 տուն ինտերնատի անկողնային խնամքի համար նախատեսված նոր մասնաշենք, ծանոթացել պայմաններին և գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների համար:

 

 

 

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ