ՇՏԿՈՂԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ - հատուկ հնարքների և միջոցառումների տեսակ, որն ուղղված է զարգացման շեղմամբ երեխաների շեղումների հաղթահարմանը կամ մեղմմանը: Տերմինը երևան եկավ XIX դ. վերջերին-XX դարի սկզբներին՝ Մ. Մոնտեսորիի և Օ. Դեկբոլիի գործունեության առնչությամբ և երկար ժամանակ օգտագործվում էր միայն մտավոր հետամնաց երեխաների հետ տարվող աշխատանքների ժամանակ: Շ.դ.ա. ուղղված է ոչ միայն առանձին խանգարումները շտկելուն, այլև երեխայի անհատականության ձևավորմանը, այն ընդգրկում է շեղումներով երեխաների բոլոր կատեգորիաները և իրականացվում է մանկավարժների ու բժիշկների համատեղ գործունեությամբ:

Շտկողական ուղղվածությունը յուրահատուկ է ողջ ուսումնադաստիարակչական աշխատանքին, որ տարվում է շեղումներով երեխաների հետ: Այն կախված է երեխայի  զարգացման շեղման բնույթից և անհատական առանձնահատկություններից, սակայն մի շարք խնդիրներ ունեն ընդհանուր բնույթ և կիրառելի են խանգարումների բոլոր տեսակների նկատմամբ: Այդ միջոցառումներն ուղղված են երեխայի անհատականության զարգացմանը, նրա օրգանիզմը կոփելուն, շարժումների, զգայական փորձի և մտածողության զարգացմանը, երեխային իր ուժերի չափով աշխատանքի մեջ ընդգրկելուն և այլն: Որքան շուտ է սկսվում շտկումը, այնքան հաջողությամբ և ամբողջությամբ է հաղթահարվում շեղումը: Շ.դ.ա. լրիվ ու բազմակողմանի իրականացվում է հատուկ նախադպրոցական հիմնարկներում` կազմելով դրանց ծրագրերի յուրօրինակ բովանդակությունը:

Նախադպրոցական տարիքի զարգացման շեղումով բոլոր երեխաների հետ տարվող Շ.դ.ա-ի մեջ գերիշխում է ուսուցման գործընթացը, որը նախատեսում է փոխհատուցումային հնարավորությունների զարգացումը և օգտագործումը: Այսպես, անհրաժեշտ է խուլ երեխաներին սովորեցնել բառերի արտասանություն, ընթերցանություն, կույր երեխային` տարածության մեջ կողմնորոշվել, շրջապատող աշխարհն ընկալել շփվելու և լսելու օգնությամբ: Կույր, խուլուհամր երեխայի դաստիարակությունն սկսվում է տարրական հմտություններ ուսուցանելով (սնվել, քայլել, հիգիենայի հմտություններ և այլն): Զարգացման խանգարում ունեցող երեխային պետք է ուսուցանել նրա տարիքին հատուկ գործունեության տեսակ` խաղ: Նախադպրոցական հիմնարկներում անցկացվող Շ.դ.ա-ի շնորհիվ` զարգացմզն շեղումներով երեխաները դպրոցական տարիքի հասնելիս պատրաստ են լինում սովորելու համապատասխան դպրոցներում: Թեթև խանգարումներով տառապող որոշ երեխաներ (օրինակ` խոսքի հնչյունաբանական խանգարում) պատրաստ են լինում հանրակրթական դպրոց ընդունվելուն:

Շ.դ.ա. բոլոր հատուկ դպրոցներում իրականացվում է հանրակրթական առարկաների ուսուցման ընթացքում, բացի այդ, կրտսեր դասարաններում այս կամ այն ձևով անց է կացվում նախնական ուսուցում: Մտավոր սահմանափակումներ ունեցող երեխաների դպրոցներում ուսուցման նախնական փուլում առանձնացվում է մի ամբողջ ժամանակահատված` շտկողական միջոցառումների համար: Հատուկ ուշադրություն է դարձվում լոգոպեդական խմբային կամ անհատական պարապմունքներին, ինքնասպասարկման հմտությունների դաստիարակմանը:

Խուլ երեխաների դպրոցների ցածր դասարաններում անց են կացվում առարկայական-գործնական ուսուցման հատուկ դասեր: Այդ պարապմունքների ժամանակ երեխաները տիրապետում են կենցաղային հասկացությունների լայն շրջանակի, նրանց սովորեցնում են ձեռքի աշխատանքի հմտություններ, ակտիվանում է նրանց հաղորդակցվելու պահանջմունքը, խթանվում է բանավոր խոսքի զարգացումը:

Հոգեկան դանդաղ զարգացումով երեխաների դպրոցում անց են կացվում շտկողական պարապմունքներ` "ծանոթություն շրջակա աշխարհի հետ և խոսքի զարգացում", որոնց նպատակն է վերացնել նախադպրոցական հասակում ստացած գիտելիքների պակասը:

Հանրակրթական առարկաների դասավանդման նպատակն է գիտելիքներ տալ սովորական դպրոցի ծրագրին մոտեցված ուսումնական ծրագրերի ծավալով: Հատուկ դպրոցում աշխատանքային նախապատրաստությունն ունի շտկողական-դաստիարակչական մեծ նշանակություն: Այն օգնում է երեխաներին տիրապետել մատչելի մասնագիտության և նրանց նախապատրաստում է հանրօգուտ գործունեության:

Շ.դ.ա. խնդիրներն իրագործելու համար, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում և կիրառվում են հատուկ դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ուսուցման տեխնիկական միջոցներ:

 

Վերադարձ

Թարմացվել է` 16-11-2012