ՄՏԱՎՈՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐ - մտավոր հետամնաց երեխաներ: "Մտավոր հետամնաց" տերմինը արատաբանության մեջ նշանակում է ճանաչողական գործունեության կայուն արտահայտված նվազում, որն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական խանգարման հետևանքով և կարող է լինել տարբեր ծանրության, տեղայնացման և ծագման ժամանակի: Մտավոր հետամնաց երեխաների ուսուցման, դաստիարակության և սոցիալական հարմարվողականության խնդիրների հաղթահարման ուղիներն ու միջոցները մշակում է հատուկ մանկավարժության ճյուղերից մեկը՝ օլիգոֆրենամանկավարժությունը:

Մտավոր զարգացման խանգարումը "օլիգոֆրենիա" տերմինով է անվանել գերմանացի հոգեբան Է. Կրեպելինը (1915թ.): Այդ տերմինն ավանդաբար օգտագործվում է հատուկ մանկավարժության և բժշկագիտության մեջ: Ըստ խանգարման խորության, մտավոր հետամնացությունը բաժանվում է երեք աստիճանի՝ ապուշություն, խելապակասություն և տկարամտություն:

Ապուշությունը մտավոր հետամնացության ամենախոր աստիճանն է: Ապուշ երեխաներին մատչելի չէ շրջապատի իմաստավորումը, խոսքի գործառույթը զարգանում է ծայրահեղ դանդաղ և սահմանափակ (մի շարք դեպքերում ընդհանրապես չի զարգանում): Այս երեխաներին բնորոշ են շարժումների համակարգման, տարածության մեջ կողմնորոշման խանգարումները. հաճախ այդ խանգարումները այնքան ծանր են, որ ապուշ երեխաներն ապրում են պառկած վիճակում: Չափազանց դանդաղ և դժվար են ձևավորվում նրանց ինքնասպասարկման տարրական ունակությունները, այդ թվում` և հիգիենիկ: Ապուշ երեխաներն իրավական առումով անգործունակ են, գտնվում են ուրիշների խնամքի տակ: Հաճախ նրանք տեղափոխվում են  հատուկ հաստատություններ, որտեղ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք: 

Խելապակասությունը մտավոր հետամնացության ավելի թեթև աստիճանն է, քան ապուշությունը: Խելապակաս երեխաները խոսքին տիրապետելու, առանձին ոչ բարդ աշխատանքային ունակություններ յուրացնելու որոշակի հնարավորություն ունեն: Սակայն ընկալման, հիշողության, մտածողության, հաղորդակցման, խոսքի, շարժման և զգայակամային ոլորտի խոր արատներն այդ երեխաներին դարձնում են գործնականում անուսուցանելի նույնիսկ օժանդակ դպրոցներում: Իրավական առումով նրանք, ինչպես և ապուշները, անգործունակ են, և նրանց համար խնամակալություն է նշանակվում: 

Տկարամտությունը մտավոր հետամնացության առավել թեթև աստիճանն է՝ նախորդ երկու աստիճանների համեմատությամբ: Սակայն այս երեխաների մտածողության և զգայակամային ոլորտի յուրահատկությունները նրանց թույլ չեն տալիս յուրացնել հանրակրթական դպրոցի ծրագիրը: Ուսումնական նյութը ուսումնասիրելը և յուրացնելը տկարամիտ երեխայի համար չափազանց բարդ է: Օրինակ՝ տիրապետելով գրավոր և բանավոր խոսքին, թվի հասկացությանը, հաշվելու ունակությանը՝ նրանք դժվարանում են հասկանալ հնչյունի և տառի, բազմության և նրա թվային արտահայտության կապը և այլն: Այդ ամենը կենսաբանորեն պայմանավորված է բարձրագույն նյարդային գործունեության վերլուծական-համադրական գործառույթների թերզարգացածությամբ: Նույնիսկ մաթեմատիկական տարրական գիտելիքների յուրացումը պահանջում է վերացական մտածողության բավականաչափ բարձր աստիճան, բայց քանի որ տկարամիտ երեխաների այդ գործառույթը խանգարված է, նրանք մեծ դժվարությամբ են տիրապետում պարզագույն մաթեմատիկական գործողություններին: Օբյեկտների և երևույթների ժամանակային, տարածական և պատճառահետևանքային փոխհարաբերությունները որոշելու և ընկալելու ունակության անբավարար զարգացումը այս երեխաներին թույլ չի տալիս հանրակրթական դպրոցի ծավալով յուրացնել այնպիսի առարկաների նյութը, ինչպիսին են պատմությունը, աշխարհագրությունը, գծագրությունը, իսկ մի շարք առարկաներ (օրինակ՝ ֆիզիկա, քիմիա) ընդհանրապես չեն ընդգրկվում նման երեխաների ուսումնական ծրագրերում:

Մարմնական (սոմատիկ) խանգարումները, ընդհանուր ֆիզիկական թուլությունը, շարժողական (մոտորիկայի) խախտումները, որոնք յուրահատուկ են տկարամիտ երեխաների մեծ մասին, ինչպես նաև զգայակամային ոլորտի, դրդապատճառների, բնավորության և վարքագծի համակարգերի առանձնահատկությունները, զգալիորեն սահմանափակում են նրանց հետագա մասնագիտական աշխատանքային գործունեության շրջանակը:

 

Վերադարձ

 

 

Թարմացվել է` 15-11-2012