ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ - Բ. այն արժանիքներից մեկն է, որ վսեմացնում է մարդուն, նրան դարձնում ավելի քաղաքակիրթ: Հայ ժողովրդի Բ-ի ավանդույթները գալիս են վաղնջական ժամանակներից: Հայոց մեծերի համար Բ. եղել է կարեկցանքի դրսևորում հայրենակիցների, տկարների, կարոտյալների, արյունակիցների ու մերձավորների հանդեպ: Հնում Բ. հավասարվել է արդարությանը: Մեր իմաստուն նախնիներն առաջնորդվել են հետևյալ խրատանիով՝ հարուստը նա չէ, ով շատ փող ունի, այլ՝ նա, ով շատ է նվիրաբերում:

Բ. մեր պատմության ոսկեղենիկ դրվագներից է:

Քրիստոնեության ընդունումից հետո մեզ համար Բ. դարձել է կենցաղավարության արտահայտություն, բարոյական պարտավորություն: Բ-ի շնորհիվ է պահպանվել ազգային դիմագիծն ու հայկականությունը: Հենց դրա համար էլ Բ. ինչ-որ չափով եղել է ՙստվերային պետականության սոցիալական ապահովության համակարգ՚:

Բ-ի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է Քրիստոսի ծննդից առաջ 2-րդ դարին: Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բագավան բնակավայրում Արտաշես Ա-ի քրմապետ որդու՝ Մաժանի մահվան կապակցությամբ նրա եղբայր Տիգրան Ա-ն կառուցում է հեթանոսական մեհյան, որտեղ թե ուխտավորները և թե անցորդները ստանում էին ձրի օթևան ու սնունդ:

290-291թթ. նախարար Սուրեն Սալահունու կնոջ միջոցներով Եկեղյաց գավառում կառուցվում է առաջին բորոտանոցը (ի դեպ, Եվրոպայում առաջին բորոտանոցը ստեղծվել է 570 թվականին):

Դեռևս 4-րդ դարում, կաթողիկոս Մեծն Ներսեսի ժամանակ, Մեծ Հայքը պատվել էր բարեգործական հաստատությունների խիտ ցանցով, որոնց թիվն անցնում էր 1000-ից: Եկեղեցուն կից եղել են մենաստաններ, անկելանոցներ, բորոտանոցներ, հիվանդանոցներ, որբանոցներ, օտարանոցներ, հյուրանոցներ ու պանդոկներ, անգամ բարեգործական  ճաշարաններ:

Պետականության դարավոր կորուստը ստիպել է Հայ առաքելական եկեղեցուն ստանձնել ազգապահպան և ազգանպաստ պետական գործառույթներ: Նրա անմիջական ղեկավարությամբ է, որ նպաստավոր պայմաններ են ստեղծվել թե նախախորհրդային Հայաստանում և թե սփյուռքում, հայերի սոցիալական շատ խնդիրներ լուծվել են բացառապես Բ-ի և հովանավորության շնորհիվ:

Մինչև 19-րդ դարը շարունակվում էին բարեգործական միջոցներով կառուցվել հազարավոր եկեղեցիներ, սակայն 19-20-րդ դարերում Բ. նվաճեց նոր բնագավառներ. այն թափանցեց մշակույթի ոլորտ, բազմաթիվ ձեռնարկումներ ֆինանսավորվեցին թարգմանության, գրքերի հրատարակության, ինչպես նաև չունևոր երիտասարդների ուսումնառությունն այլ երկրներում հովանավորելու համար: Կառուցվեցին վարժարաններ, դպրոցներ, ճեմարաններ և այլն: Հավանաբար քչերին է հայտնի, որ բազում Բ-ներից զատ, Նուբար փաշայի պատվերով է գրվել է Ջուզեպպե Վերդիի ՙԱիդա՚ օպերան: Այսպիսի երախտավորների թիվը հազարների է հասնում:

Նշենք նաև, որ գոյություն ունեն առնվազն 40 հազար բարեգործական կտակներ, որոնց գումարները տասնյակ միլիարդավոր դոլարների են հասնում (Տես Կարեն Միքայելյանի 1928թ. լույս տեսած ՙՀայ ժողովրդական հարստությունները Հայաստանում, կտակներ, նվիրատվություններ և հասարակական գումարներ՚ գիրքը):

Հայաստանի երկրորդ Հանրապետության տարիներին սոցիալիստական պետության պայմաններում որպես սոցիալական խնդիրների անվերապահ կրող և լուծող հանդես էր գալիս պետությունը, սակայն հայ մարդը շարունակում էր դարերով ձևավորված իր ազգային նկարագրին համապատասխան օգնել և աջակցել սոցիալական ծանր վիճակում գտնվող ազգակիցներին և հարևաններին:

1988 թ. Սպիտակի երկրաշարժը արթնացրեց մեր ժողովրդի լավագույն հատկություններից մեկը և մարդիկ զանգվածաբար Բ-ի իսկապես անգնահատելի օրինակներ հանդես բերեցին` օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ մեկտեղ: Դա դրսևորվեց նաև հարևան հանրապետությունից մեր հայրենակիցների զանգվածային արտագաղթի ժամանակ:

Խորհրդային Միության փլուզումից հետո տևական շրջափակման մեջ հայտնված, անկախության ու ժողովրդավարության ուղին բռնած և տնտեսական բարեփոխումների շեմին հայտնված Հայաստանի բնակչությունը Բ-ի շնորհիվ խուսափեց սովի, ցրտի հետևանքով մահացության զանգվածային դեպքերից:

Բ. շարունակվում է նաև այսօր, Հայաստանի Հանրապետության Բ-ի մասին օրենքի ուժով: (Տես նաև` Բ-ի մասին ՀՀ օրենքը):

 

Վերադարձ

 

 

Թարմացվել է` 15-11-2012