ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդունելու վերաբերյալ

 

1. Անհրաժեշտությունը

<<Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի նիստի N 29.6/[55237]-10(48) արձանագրության 4-րդ կետի հանձնարարականի և նպատակ ունի լուծել ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կապակցությամբ առկա խնդիրները:

2. Ընթացիկ վիճակը և առկա խնդիրները

Ժամանակավոր անաշխատունակության նպաստները հաշվարկելը, նշանակելը և վճարելը կարգավորվում են <<Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով:

Համաձայն օրենքի`

1) հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար սահմանված է առավելագույն շեմ` նվազագույն ամսական աշխատավարձի հինգապատիկի չափով,

2) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալու իրավունքը փոխկապակացված չէ նրա կողմից հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունները կատարած լինելու հետ, որի շրջանակներում խնդրահարույց է օրենքով սահմանված պարտականությունները չկատարելով սահմանված իրավունքից օգտվելը,

3) կարգավորված չէ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ճշտված հաշվետվություն ներկայացնելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահման և պակաս վճարած նպաստի գումարի վճարման հետ կապված հարաբերությունները (եթե ճշտված հաշվետվության հիման վրա ճշտվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող եկամուտը):

Խնդրո առարկա է նաև վարձու աշխատողի` նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի հաշվարկման գործող կարգը, քանի որ տրամադրվող փոխհատուցման (նպաստի) չափը որոշելիս հաշվի չի առնվում անձի աշխատած ժամանակահատվածը:

Միաժամանակ, սահմանված է, որ նպաստը չի տրվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում վարվող քաղաքականությունը նպատակ ունի նպաստի միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցել օրենքով սահմանված պատճառներով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած եկամուտը:

Համաձայն գործող օրենքի` նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, ինչի արդյունքում, մինչև նվազագույն ամսական աշխատավարձի հինգապատիկը աշխատավարձ ստացող անձանց փոխհատուցվում է կորցրած եկամտի 100 տոկոսը` անկախ աշխատելու ժամանակահատվածից:

Նվազագույն ամսական աշխատավարձի հինգապատիկից բարձր  աշխատավարձ ստացող անձանց տրվող փոխհատուցումը (անկախ աշխատելու ժամանակահատվածից) համամասնորեն նվազում է, ինչը խնդրահարույց է բարձր եկամուտներ ունեցող վարձու աշխատողների հղիության և ծննդաբերության նպաստի պարագայում:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է վերանայել վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը` այն փոխկապակցելով անաշխատունակությունը առաջանալուն նախորոդող տասներկուամսյա ժամանակահատվածում ստացած աշխատավարձի չափին: Ընդ որում, տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում` հաշվի կառնվի նաև անաշխատունակությունը առաջանալուն նախորդող տասներկուամսյա ժամանակահատվածում այլ գործատուներից ստացած աշխատավարձը:

Առաջարկվում է նաև վերացնել վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Ներկայացվող նախագծի նպատակն է` լուծել ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կապակցությամբ առկա խնդիրները:

Նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը, միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը սահմանված են օրենքով և վերոնշյալ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել գործող օրենքում:

Մյուս կողմից, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստը վճարելու սահմանափակումները (կապված նրա հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունների հետ), վճարված նպաստը վերահաշվարկելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման օրենքով` որպես անձանց իրավունքներին առնչվող դրույթներ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներկայացված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության կողմից` համակարգող նախարարի տեղակալի ղեկավարությամբ:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում.

1. սահմանվում է, որ նպաստը վճարվում է նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումը ընդհանուր հանգստյան (շաբաթ և կիրակի) օրերի համար (վերացվում է նախկինում կատարված բացթողումը):

2. Վերացվում է վարձու աշխատողներին վճարվող հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը (առավելագույն շեմը պահպանվում է մյուս նպաստների համար)` ըստ այդմ վերանայելով նաև վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը (արդյունքում` վերջին 12 ամիսների ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված անձի կորցրած եկամուտը կփոխհատուցվի 100 տոկոսով):

3. Սահմանվում է, որ անհատ ձեռնարկատիրոջ նպաստը վճարվում է նպաստի համար դիմելու ամսվա վերջին օրվա դրությամբ հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները կատարելուց հետո: Միաժամանակ, հնարավորություն է տրվում անհատ ձեռնարկատիրոջ դիմումի հիման վրա, նպաստի համար դիմելու ամսվա վերջին օրվա դրությամբ հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները հաշվանցել վճարման ենթակա նպաստի դիմաց` վճարելով նպաստի մնացած մասը:

4. Կարգավորվում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից ճշտված հաշվետվություն ներկայացնելու դեպքում (եթե ճշտվում է նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող եկամուտը) ավել վճարված նպաստի գումարը հետպահելու և պակաս վճարած նպաստի գումարը վճարելու հետ կապված հարաբերությունները:

5. Նախատեսվում է փոփոխություններին տալ հետադարձ ուժ: Ըստ այդմ, գործող օրենքի հիման վրա նշանակված հղիության և ծննդաբերության նպաստները կվերահաշվարկվեն նոր կարգով: Եթե վերահաշվարկված նպաստի չափը բարձր է նախկինում նշանակված (վճարված) հղիության և ծննդաբերության նպաստի չափից, ապա շահառուին կվճարվի տարբերությունը: