Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության հետևանքով փոփոխությունների ենթարկված կարգավորումների նկարագրություններ

Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը արտերկրից ներմուծված պրոթեզաօրթոպեդիկ  և վերականգնողական պարագաները, դրանց նյութերը և այլ օժանդակ պարագաները մաքսազերծվել են ԱՍԳ 9021-10100 ծածկագրով, մաքսային մարմինների կողմից կիրառվել են 0-ական դրույքաչափ, որով ներմուծվող ապրանքները ազատվել են մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից:
Միաժամանակ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի համաձայն` պրոթեզաօրթոպեդիկ պարագաների իրացումը ազատված է ավելացված արժեքի հարկի վճարումից:
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունից հետո` 2015 թվականի հունվարի 2-ից ուժի մեջ է մտել միասնական մաքսատուրքերի դրույքաչափերը, որի արդյունքում` վերոնշյալ ծածկագրով ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվում է մաքսատուրքի 5 տոկոս դրույքաչափ և մաքսային մարմինների կողմից գանձվում է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս դրույքարչափ:
Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, դրանց նյութեր և օժանդակ պարագաներ, լսողական սարքեր և օժանդակ միջոցներ, ինչպես նաև այլ պարագաներ ներմուծող կազմակերպությունների համար առաջացած խնդիրների կարգավորման նպատակով, ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության  տարածք կրթական, գիտական եվ մշակութային բնույթի ապրանքների ներմուծումը կանոնակարգելու մասին»  թիվ 112-Ն որոշման N 3 հավելվածով սահմանվել է, որ  կույր  և ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար նյութեր և պարագաները և պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները և դրանց նյութերը ու օժանդակ  միջոցները, ձայնաստեղծ սարքերը  և ձայնաստեղծ պրոթեզները ու դրանց նյութերը  և օժանդակ միջոցները, աչքի պրոթեզները և դրանց նյութերը ու օժանդակ միջոցները, լսողական սարքերը, լսողական սարքերի  մասերը և օժանդակ միջոցները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված եզրակացության հիման վրա, ազատվում են  ներմուծման մաքսատուրքից:
Համաձայն նշված որոշման` եզրակացություն ստանալու համար ներմուծողը ՀՀ ԱՍՀ նախարարություն է  ներկայացնում դիմում`  /համաձայն հաստատված  ձևի/  և ներմուծվող  ապրանքի հաշիվ-ապրանքագիրը (նաև հաշիվ-ապրանքագրի  հայերեն թարգմանությունը):
Ներկայացրած փաստաթղթերի հիման վրա`  նախարարությունը  3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն /համաձայն  հաստատված ձևի/:
Վերոնշյալ որոշումն ուժի մեջ է մտել ս.թ. փետրվարի 25-ից, և դրա գործողությունը տարած­­վում է 2015 թվականի հունվարի 2-ից ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
Միաժամանակ, ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Կազ­մա­կերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույ­քաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատա­րելու մասին» ՀՀ օրենքը, որով ԵՏՄ անդամ հանդիսացող և չհանդիսացող երկրներից համա­պա­տասխան ցանկում ներառված ապրանքների (այդ թվում՝ 9021 ապրանքային դիրքին դաս­վող լսողական սարքերը) ներմուծումը ազատվել է նաև ավելացված արժեքի հարկից: Ընդ որում, հարկ է նկատել, որ օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջոր­դող տասներորդ օրը և տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից ծագող հարա­բե­րու­թյուն­ների վրա: