Երկուշաբթի, Օգոստոս 21, 2017
Գլխավոր Թեժ գիծ

Թեժ գիծ

114 հարց ու պատասխան 

Նախաբան

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է արմատական կենսաթոշակային բարեփոխումներ, որի նպատակն է պատշաճ կենսաթոշակ ապահովել կենսաթոշակառուների համար, կենսաթոշակային համակարգը դարձնել ֆինանսապես կայուն, ապահովել ուղղակի կապ կատարված սոցիալական վճարների և կենսաթոշակի չափի միջև:

Հայաստանում ներկայումս գործող բաշխողական կենսաթոշակային համակարգում առկա են մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են հետևյալ գործոններով: Առաջինը, համակարգը ֆինանսապես կայուն չէ, քանի որ հավաքագրված սոցիալական վճարները բավարար չեն կենսաթոշակների վճարումն ապահովելու համար: Երկրորդը, բաշխողական կենսաթոշակային համակարգում բացակայում է ուղղակի կապը աշխատողի կատարած սոցիալական ապահովության վճարների և ապագա կենսաթոշակի չափի միջև: Այդ հանգամանքն ապախրախուսում է աշխատողներին ցույց տալ իրենց իրական եկամուտները և կատարել սոցիալական ապահովության վճարներ: Աշխատողները շահագրգռված չեն կենսաթոշակային վճարումներ կատարել համակարգին, որն ի վիճակի չէ ապահովել համարժեք կենսաթոշակ: Գործատուները նույնպես խուսափում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելուց` թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերի մեծությունը: Երրորդը, ժողովրդագրական բարդ իրավիճակն է, որն հետևանք է վերջին քսան տարիների ընթացքում ծնելիության կրճատման և աշխատունակ տարիքի բնակչության միգրացիայի: Արդյունքում  մեկ սոցիալական վճարում կատարողը ֆինանսավորում է մեկ  կենսաթոշակառուի կենսաթոշակի վճարումը, այն դեպքում երբ ընդունելի է համարվում 3 աշխատող-1 կենսաթոշակառու հարաբերակցությունը:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ֆինանսապես անկայուն կենսաթոշակային համակարգ ունեցող երկրները խնդիրը փորձում են լուծել հիմնականում հետևյալ երեք անցումային միջոցառումները կիրառելու միջոցով`

  • անցում` սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող կենսաթոշակային բաշխողական համակարգից դեպի “ինքնաֆինանսավորվող” կուտակային համակարգը,
  • անցում` բանաձևերի հիման վրա հաշվարկվող և քաղաքական որոշումներով սահմանվող կենսաթոշակի մոդելից դեպի իրական եկամուտների հիման վրա սահմանված վճարների մոդելը,
  • անցում` պետության կողմից անմիջապես կառավարվող կենսաթոշակային համակարգից դեպի պետության կողմից կարգավորվող և վերահսկվող մասնավոր կենսաթոշակային համակարգի:

Իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Հայաստանում գործելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի Հայաստանյան մոդելը խարսխված է գործող բաշխողական համակարգի վրա, որն ըստ էության լրացվել է երկու նոր՝ պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչներով: Կենսաթոշակային նոր համակարգը կհանգեցնի նոր մտածելակերպի արմատավորմանը` քաղաքացուն մասնակից և պատասխանատու դարձնելով սեփական բարեկեցության ապահովման համար:

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png