Հոդվածներ

√. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգին։ Ազատ շուկայական հարաբերություններին անցնելու արդյունքում սկզբունքորեն փոխվել են աշխատանքային հարաբերությունների բնույթը, աշխատաշուկայի կարգավորման սկզբունքներն ու մեխանիզմները։ Հայեցակարգով և դրա իրականացման ժամանակացույցով նախատեսվում է մեր երկրում ներդնել մասնագիտական կողմնորոշման համակարգ` իրավական, ինստիտուցիոնալ, գործառնական և տեղեկատվական ապահովման անհրաժեշտ և ամբողջական հիմքերով։ Համակարգի ներդրման հիմնական նպատակն ու դրանից բխող խնդիրներն իրագործելու համար առաջարկվում է մասնագիտական կողմնորոշման այնպիսի մոդել, որի առանցքային հենքը կազմելու է ամբողջ կյանքի ընթացքում, տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց համար մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների ապահովումը` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը։

 

√. Մասնագիտությունների մեծ աշխարհում կողմնորոշման և համապատասխան մասնագիտական ուսումնական հաստատության ընտրության առջև կանգնած աշակերտները սեպտեմբերի 28-ին հնարավորություն ունեցան ծանոթանալու Երևանի տասից ավելի քոլեջների, ուսումնարանների, վարժարանների հնարավորություններին:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մշակույթի տան շենքում` մեկ հարկի տակ նրանց համախմբելու նախաձեռնողներն էին “Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն” ՊՈԱԿ-ը և Վորլդ Վիժն-Հայաստան գրասենյակը: “Կողմնորոշում, կրթություն, կամավորություն” խորագրով Կարիերայի օր-տոնավաճառի նպատակն էր նպաստել 14-16 տարեկան դեռահասների մասնագիտության գիտակցված ընտրությանը, ծանոթացնել նրանց ուսումնական հաստատություններին, կամավորական աշխատանքին, ինչպես նաև կողմնորոշման գործընթացում ներգրավել ծնողներին ու մանկավարժներին:

Տոնավաճառին մասնակցած հաստատությունները հանդես եկան ինտերակտիվ տաղավարներով, ներկայացրեցին իրենց ուսումնական հաստատությունը, ուսուցանվող մասնագիտությունները, հնարավորությունները, ընդունելության կարգը, անցկացրեցին նաև վարպետաց դասեր մի շարք մասնագիտությունների գծով:

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի կողմից արդեն ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվեց “13 կարողություններ և հմտություններ” թեմայով ոչ ֆորմալ դասընթացը, ցուցադրվեց աշխատաշուկայում առավել պահանջարկված տասը մասնագիտություններ ներկայացնող ֆիլմաշարը: Չորս ժամ տևած միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 200 դեռահասներ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թվով հինգ դպրոցներից: Նրանց մասնակցությունը ապահովվեց Վորլդ Վիժն-Հայաստան գրասենյակի կողմից:

Միջոցառման մասնակիցներից մի քանիսն ըստ ցանկության գրառումների տեսքով կիսվեցին իրենց տպավորություներով.

“Շատ մեծ բավականություն ստացա այս դասընթացից: Հիմա կարծես ավելի ռեալ եմ մտածում: Հայտնում եմ շնորհակալությունս նման դասընթաց անցկացնելու համար”:

Թիվ 127 ավագ դպրոց

Մարիամ Ասրյան

“Մեր քոլեջի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կազմակերպիչներից, որ մեզ հնարավորություն տրվեց ներկայացնել մեր քոլեջի մասնագիտությունները, մեր ուսանողներին: Նմանատիպ միջոցառումներն ունեն ճանաչողական բնույթ, որոնք հնարավորություն են տալիս դպրոցականներին ավելի ճիշտ ընտրել հետագա իրենց մասնագիտությունը”:

Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ

Լ. Ջուլհակյան

 

√. Աշխատաշուկայում առկա մրցակցության պայմաններում աշխատանք փնտրողներն ավելի ու ավելի հաճախ են ստեղծագործ մոտեցում ցուցաբերում աշխատանքային ինքնակենսագրական կազմելիս, ինչն էլ հաճախ նպաստում է գործատուի ուշադրությանն արժանանալուն:

Տեղեկացված լինելով աշխատանքի ընդունման հնարավորություններին, ունենալով գրագետ պատրաստված աշխատանքային ինքնակենսագրական, օգտագործելով բոլոր հնարավոր թույլա­տրելի միջոցները, համառ ջանքերի շնորհիվ կարելի է գտնել ցանկալի աշխատանք: Այդ իսկ նպատակով, հերթական անգամ, ս/թ սեպտեմբերի 27-ին Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնում անցկացվեց “Ինչպես կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)” և “Ինչպես ներկայանալ աշխատանքային հարցազրույցի” թեմաներով ինտերակտիվ դասընթացներ: Դասընթացին մասնակցում էին հիմնականում ավարտական կուրսերում սովորող ուսանողներ և շրջանավարտներ: Թեմաների շուրջ մասնակիցների հետաքրքրվածությունը մեծ էր, ուստի դասընթացն անցավ նրանց ակտիվ ներգրավմամբ, քննարկումներով, հարցերի պարզաբանմամբ, բանավեճերով: Ավարտին մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին և հավելեցին, որ ոչ միայն ծանոթացան գործատուին ներկայանալու հմտություններին, այլև զուգահեռաբար զարգացրեցին թիմային աշխատանքի և ինքնաներկայացման իրենց կարողություններն ու հմտությունները:

 

√. Եվրասիա միջազգային համալսարանի և “Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն” ՊՈԱԿ-ի միջև կնքված փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում, կենտրոնը պարբերաբար մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման դասընթացներ էր իրականացնում ինչպես համալսարանի ուսանողների, այնպես էլ վարժարանի աշակերտների համար:

Ս/թ հուլիսի 25-ին “Ամառային դպրոց” ծրագրի շրջանակներում կենտրոնը վարժարանի աշակերտների մասնագիտության գիտակցված ընտրությանը նպաստելու նպատակով իրականացրեց “Մասնագիտական կողմնորոշում” ոչ ֆորմալ դասընթացը: Հաշվի առնելով աշակերտների արձակուրդային տրամադրությունը դասընթացն ամբողջությամբ խաղային բնույթ էր կրում, ինչն էլ ավելի էր բարձրացնում աշակերտների ակտիվությունն ու ներգրավվածությունը:

Դասընթացի արդյունքում աշակերտները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրած մասնագիտությունները,  ընդգծել դրանց բովանդակությունն ու նշանակությունը, համադրել իրենց նախըտրած մասնագիտությունը և անձնային առանձնահատկություններն ու նախասիրությունները: