Վիճակագրություն

Զբաղվածություն և գործազրկություն (ըստ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2011թ. “Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց”-ի)

Հետազոտության տվյալներով` Հայաստանի 18-ից 30 տարեկան երիտասարդների շրջանում զբաղվածները կազմում են 48.7%, գործազուրկները` 18.7%, իսկ տնտեսապես ոչ ակտիվ հատվածը` 32.6%: Երիտասարդության շրջանում գործազուրկների քանակն ավելի մեծ է, քան Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես գործազուրկների քանակը:

Գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում կազմել է 27.8%, և դա այն դեպքում,երբ հանրապետության մասշտաբով 2011 թ-ի սեպտեմբերին այն հավասար էր 20.7%-ի: 18-ից 30 տարեկան երիտասարդների տարիքային ենթախմբրում գործազրկությունն ամենաբարձրն է 20-24 տարեկանների շրջանում: Նրանց կազմում գործազուրկ է 23.4%-ը: Տնտեսապես ոչ ակտիվ հատվածն էլ (52.6%) առավել բարձր է 18-19 տարեկանների շրջանում:

Կրթամակարդակի տեսակետից գործազրկությունն ամենաբարձրն է բարձրագույն կրթությամբ (բակալավրի աստիճանով) երիտասարդների շրջանում (25.8%), ինչն արտացոլում է այն իրողությունը, որ հասարակությունում առկա է այդ կրթամակարդակով, սակայն տնտեսության կողմից չպահանջված մասնագետների գերարտադրություն:

Զբաղված երիտասարդների ամենամեծ հատվածը (32.6%) երկարատև (մեկ տարի և ավելի) պայմանագրերով վարձու աշխատողներ են:

Երկրորդ խոշոր խումբն արդեն գտնվում է ստվերային զբաղվածության ոլորտում (22.4%). նրանք բանավոր համաձայնությամբ (առանց պայմանագրի) վարձու աշխատողներ են: Գործատու է երիտասարդների 2.3%-ը: Երիտասարդների ընդամենը 16.4%-ն է զբաղված գյուղատնտեսության ոլորտում:

Ըստ “Իրական գործազրկության մակարդակը Հայաստանում” հետազոտության արդյունքների

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստան կողմից “Բարձր դասարանների աշակերտների կողմնորոշումը դեպի բարձրագույն կրթություն. շարժառիթների և արժեքների ուսումնասիրություն Երևանի օրինակով, 2010թ.” թեմայով իրականացված հետազոտության արդյունքները

Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ այսօր դպրոցների մեծ մասում թե ուսուցիչների և թե այլ կոմպետենտ մարմինների կողմից չեն իրականացվում պրոֆօրիենտացիոն աշխատանքներ`66.1%: Սա կարելի է համարել ներկայիս կրթական համակարգի լուրջ բացթողումներից մեկը, որն ունի բարելավման և վերանայման կարիք: Համեմատելով այս առումով սովորական դպրոցները, վարժարանները և մասնավոր դպրոցները կարող ենք տեսնել, որ վարժարաններում պրոֆօրիենտացիոն աշխատանքներ տարվում են մի փոքր ավելի շատ` 59.4%, համեմատած մյուս երկու տիպի դպրոցների հետ` 30,4% (սովորական դպրոց) և 45,8% (մասնավոր դպրոց), սակայն այնուամենայնիվ այս բոլոր տիպի դպրոցների աշակերտները զգում են լրացուցիչ ինֆորմացիայի կարիք թե բուհերի և թե մասնագիտությունների վերաբերյալ:

Ըստ մասնագիտությունների բաշխվածության, այսօր երիտասարդների շրջանում առավել մեծ պահանջարկ է նկատվում հետևյալ մասնագիտությունների գծով` տնտեսագիտություն (15.1%), օտար լեզու (12%), ինֆորմատիկա (9.8%), իրավաբանություն (7.7%) և ֆինանսներ (4%), ինչը սակայն բոլորովին չի կարելի դիտարկել որպես աշխատանքի շուկայում առկա պահանջարկի արտացոլում:

Այս արդյունքները մեկնաբանելիս պետք է հաշվի առնել այն գործոնները, որոնք ազդում են տվյալ մասնագիտության ընտրության որոշման վրա:

Ըստ հետազոտության արդյունքների հիմնական գործոնները հետևյալն են `

– հետաքրքրությունը մասնագիտության հանդեպ` 52,9% (այստեղ պետք է նշել, որ անցկացված ֆոկուս խմբերի քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ այդ հետաքրքրությունը հիմնված է մի շարք մասնագիտությունների վերաբերյալ առկա հասարակական ստերեոտիպերի վրա: Մինչդեռ այն հանգամանքը, թե տվյալ երիտասարդն ունի արդյոք համապատասխան ունակություններ, կարողություններ տվյալ մասնագիտության համար, հաշվի չի առնվում)

– հեռանկարային մասնագիտություն է` 30,2%

– համապատասխանում է ընդունակություններին և կարողություններին` 17,7%

– մասնագիտությունը համարում եմ իմ կոչումը` 17,7%

– մեծ պահանջարկ ունի Հայաստանում` 13,8%

Այսօր շրջանավարտների մեծամասնությունը բուհերի և/կամ մասնագիտությունների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների կարիք ունի 85.2% և միայն 14,8%-ի համար է իրենց ունեցած ինֆորմացիան բավարար` բուհի և ապագա մասնագիտության վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու համար: