Հիմնախնդիրներ

Հայաստանում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման անհրաժեշտությունը.

Հայաստանում մասնագիտական կողմնորոշման գործուն և կայացած համակարգ երբևէ չի եղել, թերևս` միայն խորհրդային տարիներին գործող համակարգը, որն ավելի շատ իմիտացիոն, ձևական բնույթ ուներ, հիմնականում` ճանաչողական, խիստ գաղափարականացված էր և կապ չուներ աշխատաշուկայի հետ:

Հայաստանի անկախացումից հետո երկրում տեղի ունեցած համակարգային փոփոխությունների շնորհիվ ձևավորվող շուկայական հարաբերություններն իրենց հետ բերեցին  նոր մոտեցումներ ու գործելակերպ: Մասնագիտական կողմնորոշման խորհրդային համակարգը ևս դադարեց գործել, իսկ նորը, որպես այդպիսին, չստեղծվեց:

Միայն ՀՀ կառավարության 2006թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1915-Ն որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում ստեղծված “Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակն էր դպրոցականներին դեպի աշխատաշուկա ուղղորդելը` բացահայտելով նրանց անհատական առանձնահատկություններն ու նախասիրությունները, աջակցել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանն ու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելուն:

Ներկայումս քայլեր են տարվում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման ուղղությամբ: Համաձայն ՀՀ կառավարության կողմից 04.10.2013թ. հավանության արժանացած “Հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգի”` մասնագիտական կողմնորոշման համակարգի հիմնական նպատակն է անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում որակավորված և մրցունակ կադրերի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գործունեության ազատ և գիտակից ընտրության հնարավորության ստեղծումը: Մասնագիտական կողմնորոշման համակարգի նպատակն ու խնդիրներն իրագործելու համար առաջարկվում է մասնագիտական կողմնորոշման այնպիսի մոդել, որի առանցքային հենքը կազմելու է ողջ կյանքի ընթացքում տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց համար մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների ապահովումը` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը:

ՀՀ կառավարության  2012  թվականի  դեկտեմբերի 13-ի թիվ 1549–Ն որոշմամբ  Կենտրոնը անվանափոխվել է “Մաuնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի”` դրան վերապահելով մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովման, կադրերի վերապատրաստման, ուսուցման և որակավորման, ինչպես նաև հանրային իրազեկման կազմակերպման ու անցկացման գործառույթներ:

Ի դեպ, զարգացած երկրներում “մասնագիտական կողմնորոշումը” փոխարինվում է “կարիերայի ուղղորդում” հասկացությամբ: Այն ուսումնառության և աշխատանքի փոխազդեցությունն է: “Կարիերայի ուղղորդում” հասկացության սահմանումը տրվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից (ՏՀԶԿ՝ OECD) (2004), այն է` “Կարիերայի ուղղորդումը ծառայությունների և գործունեության տեսակ է, որն ուղղված է օգնելու անձին, անկախ տարիքից՝ իր ողջ կյանքի ընթացքում ցանկացած պահի կատարելու կրթությանը, ուսուցմանը և զբաղմունքին առնչվող որոշումներ և կառավարելու իր կարիերան”։

Կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն են` մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովումը, մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:

Ուստի, Կենտրոնը լինելով միակ հանրապետական կառույցը, իր կանոնադրական նպատակների շրջանակում իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները.

1) մշակում է հանրակրթության համակարգում սովորողների` տարիքային առանձնահատկություններով տարբերակված մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանությունը,

2) մշակում է մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության իրականացման մեթոդաբանությունը,

3) նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդնելու նպատակով մշակում է անձի ինքնագնահատման, կարիերայի պլանավորման, ձեռներեցությամբ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատաշուկա մուտք գործելու համար հիմնական կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրեր,

4) մշակում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում կրթության համակարգից դուրս մասնագիտության, աշխատանքի և զբաղմունքի հարցերում հստակ կողմնորոշում չունեցող, վերամասնագիտացման ու վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարիք ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանությունը,

5) աջակցում է մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների գործունեությանը,

6) կազմում է մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման ուսումնական պլաններ և ծրագրեր,

7) իրականացնում է մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ,

8) իրականացնում է մասնագիտական կողմնորոշման համակարգում ընդգրկված մասնագետների մասնագիտական ու մեթոդական աջակցություն և խորհրդատվություն,

9) աջակցում է մեծահասակների կարիերայի կողմնորոշման հիմնախնդիրների լուծմանը,

10) կազմակերպում է մարզային, հանրապետական, միջազգային սեմինարներ և գիտաժողովներ, ցուցահանդեսներ, տոնավաճառներ,

11) պատրաստում է ուսումնամեթոդական ձեռնարկներ, իրականացնում է հանրային իրազեկման աշխատանքներ: