Հանրային վերահսկողություն․ նախարարության կոչն ուղղված նպաստառուներին

Հարգելի քաղաքացիներ,

Ինչպես գիտեք՝ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ ստուգումներ պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր գերատեսչություններում արատավոր երևույթների, չարաշահումների և օրինախախտումների բացահայտման նպատակով։

Արդեն իսկ հրապարակվել են բազմաթիվ տեղեկություններ ՀՀ մարզպետարաններին և համայնքներին կից գործող սոցիալական աջակցության տարածքային մարմիններում, ինչպես նաև փոտային բաժանմունքներում առկա չարաշահումների և օրինախատումների բացահայտման վերաբերյալ։  Հատկապես՝ ուշադրության է արժանի Կոտայքի և Լոռու մարզերի մարմիններում տեղ գտած չարաշահումները, որոնք փաստում են կոռուպցիոն մեխանիզմների կիրառման մասին։

Տեղեկություններն ու ահազանգերը թույլ են տալիս ենթադրելու, որ այս կառույցները միակը չեն և այդ օրինախախտումները և չարաշահումներ կրում են զանգվածային բնույթ ։

Հաշվի առնելով այս հանգամանքը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, առաջարկում է մեր քաղաքացիներին իրենց մասնակցությունն ունենալ և միանալ սոցիալական աջակցությանն ուղղված հանրային ֆինանսների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, հասցեականության բարձրացմանը և չարաշահումների ու խախտումների բացահայտմանը։

Ձեր անմիջական մասնակցությունն ունենալու համար անհրաժեշտ է՝

  • Այցելել ՀՀ ԱՍՀ նախարարության կայքէջ հետևյալ հղումով (http://www.mlsa.am/?page_id=368) և,
  • Ստուգել նպաստառուների ցանկն՝ ընտրել համապատասխան մարզը, տարածքը, համայնքը, սոցիալական աջակցության տեսակը (հրատապ օգնություն, նպաստ, սոցիալական նպաստ), տարեթիվը և ամիսը։

Վերը նշված գործողությունների միջոցով դուք հնարավորություն կունենաք պարզել թե  արդյո՞ք ձեր բնակության հասցեում կան գրանցված այլ անձինք, ովքեր ստանում են նպաստ թե՞ ոչ կամ արդյոք նշված գումարը համապատասխանում է ձեր ստացած նպաստի գումարին։

Խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմեք՝

  • ոստիկանության տարածքային բաժին կամ զանգահարել 1-02 կամ;
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114  կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@mlsa.am հասցեին

Անհրաժեշտության դեպքում խնդրի մասին ահազանգելու համար կարող եք  նաև գրավոր դիմում ներկայացնել նախարարություն։
Համատե՛ղ ջանքերով և հանրային վերահսկողությա՛ն միջոցով նաև պետք է և կարող ենք թիրախային ծախսել հարկատուի վճարած յուրաքանչյուր դրամ՝ դարձնելով պետական համակարգերը և պետության կողմից տրամադրվող աջակցությունը ավելի բաց և հասցեական։