Հիմնախնդիրներ

ՀՀ Կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի թիվ 27 արձանագրային որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը, որտեղ իրենց արտացոլումն են գտել ժողովրդագրական պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: ՀՀ ժողովրդագրական զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններն են`

  1. ծնելիության խթանում` երեխաներ ունենալու և մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով,
  2. երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի բարելավմանը, ամուսնաընտանեկան արժեքների համակարգի պահպանմանն ու զարգացմանը նպատակաուղղված ծրագրերի իրականացում,
  3. կյանքի միջին տևողության ավելացում,
  4. վերարտադրողական տարիքի անձանց արտագաղթի ծավալների նվազեցում,
  5. ներգաղթի խթանմանն ուղղված համարժեք քաղաքականության մշակում,
  6. բնակչության ժողովրդագրական ծերացման ազդեցության հաղթահարում,
  7. բնակչության առողջության և հատկապես վերարտադրողական առողջության վիճակի բարելավում,
  8. ընդհանուր կրթական մակարդակի, բնակչության գիտելիքների և սեռական ու վերարտադրողական կուլտուրայի բարձրացում,
  9. սոցիալական բոլոր խմբերի վերարտադրողական առողջ կյանքի համար հավասար պայմանների ապահովում,
  10. սերունդների միջև փոխհամաձայնության և համերաշխության ձևավորում,
  11. բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափության նվազեցում և որոշ շրջանների ու գյուղական բնակավայրերի ապաբնակեցման տեմպերի սահմանափակում,
  12. Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների, էթնիկ խմբերի, պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և դավանական ինքնության պահպանման համատեքստում հավասար հնարավորություններ և պայմաններ ապահովել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ պետության կողմից իրականացվող համալիր ծրագրերում մասնակցության և ընդգրկման համար,
  13. ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործում և համապատասխանեցում:

Վերջիններիս իրագործմանն են ուղղվում Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագրերն ու դրանց իրականացումն ապահովող միջոցառումները: