Չորեքշաբթի, Հունվար 23, 2019
Գլխավոր Հարց ու պատասխան Հարց ու պատասխան/Աշխատանք և զբաղվածություն

Հարց ու պատասխան/Աշխատանք և զբաղվածություն

Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ

աշխատանքային օրենսդրության կարգավորումների վերաբերյալ

 

Հարց 1. Ու՞մ կողմից են ընդունվում կազմակերպության ներքին կարգապահական կանոնները:

Գործատուի:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդված)

 

Հարց 2. Ինչ հիմքով է ծագում աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները:

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդված)

 

Հարց 3. Ո՞րն է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը:

Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված)

 

Հարց 4. Սովորաբար առավելագույնը ի՞նչ ժամկետ է նախատեսված փորձաշրջանի համար:

Փորձաշրջանի ժամկետը աշխատանքային պայմանագրում հիմնականում սահմանվում է մինչև երեք ամիս: Նախքան փորձաշրջանի ժամկետի լրանալը աշխատանքային պայմանագիրը հնարավոր է լուծել՝ առնվազն 3 օր առաջ ծանուցելով:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 92-րդ և 93-րդ հոդվածներ)

 

Հարց 5. Ե՞րբ է թույլատրվում փոփոխել աշխատանքի էական պայմանները:

Աշխատանքի վայրի, աշխատանքի վարձատրության չափի և (կամ) այն որոշելու ձևի, արտոնությունների, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի, տարակարգերի և պաշտոնների անվանումների, աշխատանքային պայմանագրի տեսակի և (կամ) գործատուի փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները: Փոփոխելու դեպքում գործատուն պետք է գրավոր ծանուցի մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, 1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ, 5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ, 10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ և 115-րդ հոդվածներ)

 

Հարց 6. Ինչպե՞ս է լուծվում աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ:

Աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելիս, մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Համաձայնության դեպքում մյուս կողմը 7 օրվա ընթացքում պետք է ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին, որից հետո կնքվում է գրավոր համաձայնագիր:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդված)

 

Հարց 7. Ծանուցման ի՞նչ ժամկետ է նախատեսված աշխատանքային պայմանագիրը՝ գործողության ժամկետը լրանալու հիմքով լուծելիս:

Աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետը լրանալու պատճառով լուծելիս, աշխատողը կամ գործատուն պետք է առնվազն 10 օր առաջ ծանուցի մյուս կողմին: Եթե ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

 (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդված)

 

Հարց 8. Ո՞ր դեպքերում է կարող գործատուն իր նախաձեռնությամբ լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

1) Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում,

2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում,

3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում,

4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում,

5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում,

6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում,

7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով),

8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում,

9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում,

10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում,

11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդված)

 

Հարց 9. Գործատուն իր նախաձեռնությամբ ո՞ր դեպքերում չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը:

Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`

1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի,

2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում,

2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը,

2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերի,

3) գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունելուց հետո և գործադուլի ընթացքում, եթե աշխատողն այդ գործադուլին մասնակցում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով,

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:

Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չեն կիրառվում 114-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդված)

 

Հարց 10. Ի՞նչ է նշվում աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ:

Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են` աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին, աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված)

 

Հարց 11. Ո՞րն է աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու կարգը:

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե ՀՀ աշխատանքային օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:

Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իսկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը` դրա արժեքի սահմաններում:

Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական սոցիալական ապահովության վճարումների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդված)

 

Հարց 12. ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատաժամանակի տևողության ինչպիսի՞ կարգավորումներ են նախատեսված:

Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:

Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդված)

 

 

Հարց 13. Ինչպիսի՞ սահմանափակումներ են նախատեսված արտաժամյա աշխատանքի հետ կապված:

Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու oրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իuկ տարվա ընթացքում` 180 ժամը:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդված)

 

Հարց 14. Աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում որքա՞ն է կրճատվում աշխատանքային օրվա տևողությունը ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին:

Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի oրերի նախoրյակին աշխատանքային oրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդված)

 

Հարց 15. Ո՞րն է համարվում գիշերային ժամանակ:

Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդված)

 

Հարց 16. Ե՞րբ է տրամադրվում աշխատողին ընդմիջում:

Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 152-րդ հոդված)

 

Հարց 17. Որքա՞ն է ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը:

Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված)

 

Հարց 18. Ե՞րբ է թույլատրվում աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչել:

Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդված)

 

Հարց 19. Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը ե՞րբ է վճարվում:

Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ hոդված)

 

Հարց 20. Ինչպե՞ս է աշխատող կանանց տրամադրվում հղիության և ծննդաբերության  արձակուրդ:

Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:

Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդված)

 

Հարց 21. Ե՞րբ է տրամադրվում երեխայի խնամքի համար արձակուրդ:

Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ հերթականությամբ:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդված)

 

Հարց 22. Գիշերային աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ hոդված)

 

Հարց 23. Արտաժամյա աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ hոդված)

 

Հարց 24. Աշխատանքի ժամանակացույցով չնախատեսված հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ hոդված)

 

Հարց 25. Աշխատանքի ժամանակացույցով նախատեսված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:

Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ hոդված)

 

Հարց 26. Աշխատավարձը ի՞նչ պարբերականությամբ և ժամկետներում պետք է վճարվի:

Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ hոդված)

 

Հարց 27. Որքա՞ն տուժանք է վճարում գործատուն աշխատավարձի ժամկետանց  վճարման դեպքում:

Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ hոդված)

 

Հարց 28. Ե՞րբ է աշխատողը կրում նյութական պատասխանատվություն:

Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`

1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով,

2) նյութերի գերածախu թույլ տալու հետևանքով,

3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում,

4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից,

5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով,

6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդված)

 

Հարց 29. Ինչպիսի՞ աշխատանքներում չեն կարող ներգրավվել մինչև տասնութ տարեկան անձինք:

ՀՀ oրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև oրենքով սահմանված այլ դեպքերում:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդված)

 

Հարց 30. Ի՞նչ կարգով են լուծվում աշխատանքային վեճերը:

Աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Կոլեկտիվ աշխատանքային վեճերը լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

Աշխատանքային վեճերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, կարող են հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը, եթե աշխատողի և գործատուի միջև կնքվել է համաձայնություն, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված է վեճն արբիտրաժին հանձնելու հնարավորություն։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային վեճերը կարող են հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը նույն հոդվածով սահմանված ժամկետում։ Արբիտրաժային համաձայնությունը չի սահմանափակում աշխատողի աշխատանքային պայմանագրից բխող վեճը դատարան հանձնելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդված)

 

Հարց 31. Որքա՞ն է նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 55000 դրամ:

(«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդված)

 

Հարց 32. ՀՀ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի մեջ մտնու՞մ են հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

(«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված)

Ծանոթություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔ ԱՐՁԱԿՄԱՆ ՆՊԱՍՏ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ
կազմակերպության լուծարման Մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով Ոչ ուշ, քան 2 ամիս առաջ
աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման
աշխատողին նախկին աշխատանքում վերականգնման Նախապես չի ծանուցվում
աշխատողի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով, 1-5 տարի՝ քսանհինգապատիկի, 5-10 տարի՝ երեսնապատիկի, 10-15 տարի՝ երեսունհինգապատիկ, 15 և ավել՝ քառասունչորսապատիկի մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, 1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ, 5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ, 10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ
աշխատողի երկարատև անաշխատունակության
աշխատողի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ունենալու
աշխատանքի Էական պայմանները փոփոխվելու
աշխատողի՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու

 

 Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ

Զբաղվածության օրենսդրության կարգավորումների վերաբերյալ

Հարց 1. Ովքե՞ր են համարվում աշխատանք փնտրող անձինք:

Աշխատանք փնտրող են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատանքային տարիքի հասած` 16 տարին լրացած անձինք, ովքեր, անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններ:

(«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված)

 

Հարց 2. Ովքե՞ր կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ:

Գործազուրկը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրողն է, ով զբաղված չէ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որևէ տեuակով, աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում, պատրաuտակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ:

Գործազուրկի կարգավիճակը տրվում է Զբաղվածության պետական գործակալության կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային oրվա ընթացքում:

(«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված, 9-րդ հոդված)

 

Հարց 3. Ովքե՞ր են աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձինք:

Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձինք աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձինք են, ովքեր`

  • մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից,
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից,
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում և ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալությանտարածքային կենտրոնների կողմից:

(«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված)

 

Հարց 4. Ո՞րն է հարմար աշխատանքը:

Աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը կամ պահանջում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում:

Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որին հնարավոր չի եղել լիազորված մարմին դիմելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, տեղավորել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հարմար աշխատանքի, հարմար է համարվում այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ համապատասխանում է վերամասնագիտացման շնորհիվ ձեռք բերված մասնագիտությանը:

Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին 5 տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող՝ աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն և որակավորում կամ պահանջում է մինչև վեց ամիս ժամկետով` լիազորված մարմնի կողմից կազմակերպվող մասնագիտական կամ վարպետային ուսուցում:

Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պահանջները, ինչպես նաև աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:

(«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված)

 

Հարց 5. Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինք:

Աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի`

  • հաշվառվելու նպատակով դիմել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններ,
  • Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններից uտանալ զբաղվածության մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն,
  • ստանալ տեղեկություններ զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովման համար նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ,
  • հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության,
  • մասնագիտական կողմնորոշման
  • Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության` վերադաuության կամ դատական կարգով բողոքարկման:

(«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված)

 

Հարց 6. Ի՞նչ իրավունքներ ունեն գործազուրկները: 

Գործազուրկը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում հետևյալ ուղղություններով`

  • մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով, ընդ որում` կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամuվա ընթացքում իրականացված ուuումնական դաuընթացների oրերի համար,
  • ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման աջակցություն,
  • գործատուի կողմից Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններ ներկայացված և առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով` այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն,
  • վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն:

(«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված)

 

Հարց 7. Ինչպե՞ս է որոշարկվում աշխատաշուկայում անմրցունակությունը:

Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն են`

  • անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը,
  • անձի սոցիալական կարգավիճակը` հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալու, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիuիայի) շրջանում գտնվելու, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքները,
  • անձի տարիքը,
  • անձի գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը,
  • անձի բնակության վայրը (սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային, քաղաքային, գյուղական),
  • անձի փախստական լինելու հանգամանքը,
  • անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը,
  • անձի` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը,
  • անձի աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի ունեցած մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից,
  • անձի մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը,
  • անձի ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը,
  • անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը:

(«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդված)

 

Հարց 8. Աշխատանք փնտրող անձը հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի:

Աշխատանք  փնտրող  անձը  հաշվառման  համար   պետք  է   ներկայացնի՝

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,
  • կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում,
  • աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել է կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,
  • զինվորական գրքույկ՝ զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները, իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք` ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն դիմելու դեպքում,
  • գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամարը, այդ թվում` բջջային և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն):

 (ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 3 hավելվածի 3-րդ կետ)

 

Հարց 9. Որո՞նք են գործազուրկի հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար տարածքային կենտրոն չներկայանալու հարգելի պատճառները:

Տարածքային կենտրոն չներկայանալու հարգելի պատճառներն են՝

  • գործազուրկի հիվանդությունը,
  • տնային (ամբուլատոր) պայմաններում գործազուրկի կողմից ընտանիքի հիվանդ անդամի խնամքը,
  • գործազուրկի կողմից հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող իր կամ իր խնամքի տակ գտնվող հիվանդ երեխայի խնամքը` հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում,
  • գործազուրկի կողմից իր կամ իր խնամքի տակ գտնվող մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում խնամքը` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում,
  • գործազուրկի կողմից մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքը, այն դեպքում, երբ երեխայի ծնողը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել,
  • զինվորական վարժական հավաքների մեջ գտնվելը՝ դրանց ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, ինչը պետք է հավաստվի տարածքային զինկոմիսարիատի կողմից տրված համապատասխան տեղեկանքով,
  • տարածքային կենտրոն ներկայանալու օրը կամ դրան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում գործազուրկի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կամ գործազուրկի խնամարկյալի մահվան դեպքը, ինչը պետք է հավաստվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված մահվան վկայականով և համապատասխան այնպիսի այլ փաստաթղթերով (ծննդյան վկայական, անձնագիր, ամուսնության վկայական), որոնցով հավաստվում է գործազուրկի ու մահացած անձի միջև մերձավոր ազգակցությունը կամ խնամիությունը,
  • արտակարգ և անկանխատեսելի այնպիսի հանգամանքներ (անհաղթահարելի ուժ), ինչպիսիք են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, տեխնածին և տարերային այլ աղետները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, որոնք օբյեկտիվորեն անհնար են դարձրել տարածքային կենտրոն գործազուրկի ներկայանալը,
  • տարածքային կենտրոն ներկայանալու մասին նախապես տեղեկացված չլինելը:

(ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 4 hավելվածի 1-ին կետ)

 

Հարց 10. Զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ո՞ր ծրագրերի   շրջանակներում է գործատուին տրվում միանվագ փոխհատուցում:

Միանվագ փոխհատուցում տրվում է գործատուին հետևյալ ծրագրերի շրջանակներում.

  • անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար,
  • հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար:

(ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 8 hավելվածի 3-րդ կետ)

 

Հարց 11. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին ծրագրի շրջանակներում ինչպիսի՞ աջակցություն է տրամադրվում:

Մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկին տրվում է աշխատավարձ` նվազագույն ամսական աշխատավարձի չափով. իսկ գործատուին գումար` գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը փոխհատուցելու համար:

(ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 12 hավելվածի 3-րդ  և 8-րդ կետեր)

 

Հարց 12. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակում ի՞նչ աջակցություն է տրամադրվում:                                                          

Գործազուրկի՝ բնակության վայրից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ բնակավայրում աշխատանքի տեղավորելու դեպքում գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են`

  • իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով,
  • իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը։

(ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 13 hավելվածի 3-րդ և 15-րդ կետերը)

 

Հարց 13. Ովքե՞ր կարող են ընդգրկվել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում:                      

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում  ընդգրկման ենթակա են՝

  • մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձը (այսուհետ` հողօգտագործող), որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, և որի ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում,
  • հողօգտագործողի ընտանիքի 16-63 տարեկան գործունակություն ունեցող անդամները, որոնք որպես աշխատանք փնտրող հաշվառվել են տարածքային կենտրոնում,
  • տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձը, որը ծրագրի շրջանակներում աշխատանքային պայմանագրով` որպես վարձու աշխատող, կամ քաղաքացիաիրավական պայմանագրով` որպես որոշակի ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ներգրավվում է հողօգտագործողի գյուղացիական տնտեսության աշխատանքներում:

(ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 hավելվածի 4-րդ կետ)

 

Հարց 14. Ու՞մ է տրվում առաջնահերթությունը վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագիրն իրականացնելիս:

Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է աշխատաշուկայում անմրցունակ հետևյալ անձանց՝

  • որոնց ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ,
  • որոնց ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս,
  • որոնց ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող անձ (անձինք),
  • ովքեր ունեն արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:

(ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 21 hավելվածի 7-րդ կետ)

 

Հարց 15. Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրում ընդգրկվելիս ու՞մ է տրվում առաջնահերթությունը:

Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անմրցունակ անձին, ով՝

  • ունի երեք և ավելի երեխա,
  • նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ:

 (ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 22 hավելվածի 3-րդ կետ)

 

Հարց 16. Ովքե՞ր են հանդիսանում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի շահառուները:                                                                                      

Ծրագրի շահառուներն են զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձինք, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի:

 (ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 23 hավելվածի 3-րդ կետ)

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png