Հիմնախնդիրներ

Աշխատանքի ոլորտի հիմնախնդիրները

Քաղաքականությունը

ՀՀ աշխատանքի ոլորտի քաղաքականության նպատակը աշխատանքային հարաբերությունների, աշխատանքի անվտանգության ապահովման, աշխատանքի որակի  բարելավմանն ուղղված ընդհանուր համակարգի ստեղծումն է: Մասնավորապես աշխատանքային օրենսդրության նպատակն է`

  • սահմանել ֆիզիկական անձանց` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, oտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները.
  • նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը.
  • պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:

Աշխատանքային օրենսդրության սկզբունքները

  • աշխատանքի ազատությունը, ներառյալ` աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է կամ որին ազատորեն համաձայնում է), աշխատանքային ունակությունները տնoրինելու, մասնագիտության և գործունեության տեսակի ընտրության իրավունքը.
  • ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը.
  • աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռաuայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից.
  • յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը (ներառյալ` անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը).
  • աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավաuարությունը.
  • յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր.
  • գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը (ներառյալ` արհեuտակցական և գործատուների միություններ uտեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքը).
  • աշխատանքային հարաբերությունների կայունությունը.
  • կոլեկտիվ բանակցությունների ազատությունը.
  • կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կողմերի պատաuխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների:

Խնդիրները

  • Աշխատանքի ոլորտի պետական կարգավորման քաղաքականության մշակում,
  • աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում,
  • աշխատանքային պայմանների բարելավման ու աշխատանքի պաշտպանության վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում,
  • աշխատանքի վայրում անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գործընթացի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում,
  • աշխատանքի ոլորտի միջազգային պայմանագրերի վավերացման աշխատանքների կատարում և դրանց պարբերական հաշվետվությունների կազմում:

Աշխատավարձի ոլորտի հիմնախնդիրները

Քաղաքականությունը

Աշխատավարձը և եկամուտները մեծ դեր են ունենում պետության եկամտային քաղաքականության, ինչպես նաև մակրոտնտեսական քաղաքականության վրա` զբաղվածության, պահանջարկի, ինֆլյացիայի և աղքատության վրա: Աշխատավարձը և եկամուտները հանդիսանում են կոլեկտիվ բանակցությունների, ինչպես նաև մակրոտնտեսական քաղաքականության հիմնախնդիր:
Անձի բավարար կենսամակարդակ ունենալու հնարավորությունը կանխորոշող գործոններից է աշխատավարձը, որը հանդիսանալով վարձու աշխատողի եկամտի բաղադրատարրերից մեկը, իսկ հաճախ նաև` եկամտի միակ աղբյուրը, ըստ էության հանդիսանում է վարձու աշխատողին պատկանող ռեսուրսի` աշխատուժի նկատմամբ սեփականության իրավունքի տնտեսական իրացման ձև:
Աշխատավարձի մակարդակը և դինամիկան հիմնականում որոշում են հասարակության մեջ եկամուտների բաշխումը, հետևաբար նաև` սոցիալական բաշխվածությունը: Աշխատավարձը պետք է ուղղակի կախվածության մեջ լինի աշխատանքի արտադրողականությունից, միևնույն ժամանակ աշխատավարձի կազմակերպման գործընթացում չպետք է անտեսվի դրա սոցիալական ուղղվածությունը:
Հաշվի առնելով տնտեսության տարբեր սոցիալ-տնտեսական ոլորտների վրա աշխատավարձի ուղղակի և անուղղակի ազդեցությունները, աշխատավարձի պետական կարգավորումը, առավելապես կարևորվում է որպես հնարավոր բոլոր բացասական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործիք, որն ի թիվս այլ խնդիրների, նպատակաուղղված պետք է լինի`

  • նվազագույն անվանական (նոմինալ) աշխատավարձի այնպիսի չափի սահմանմանը, որը հնարավորություն կտա աշխատողին ապահովել կենսաապահովման համար անհրաժեշտ սպառման ապրանքներով և ծառայություններով.
  • աշխատուժի գնի բարձրացմանը` այն ուղղակի կախվածության մեջ դնելով արտադրության և ծառայությունների ծավալներից.
  • աշխատավարձի սոցիալական ուղղվածության ամրապնդմանը` կրճատելով դրա չափից ավելի դիֆերենցումը ճյուղերի, տարածաշրջանների, աշխատողների կատեգորիաների և խմբերի միջև:

Խնդիրները

Անկախությունից ի վեր իրականացվող նվազագույն աշխատավարձի քաղաքականությունը Հայաստանում նպատակ է հետապնդել չխոչընդոտել ձեռնարկությունների զարգացմանը և միաժամանակ նպաստել ֆորմալ զբաղվածության ընդլայնմանը: Հաշվի առնելով երկրում աշխատող բնակչության խոցելի  խմբերի սոցիալական պաշպանության իրավունքի ապահովման անհրաժեշտությունը` նվազագույն աշխատավարձի և աղքատության սահմանագծի միջև փոխհարաբերություն սահմանվեց, համաձայն որի երկրում նվազագույն աշխատավարձը չպետք է ցածր սահմանվեր աղքատության ընդհանուր գծից: Այնուհանդերձ, ինչպես ցույց է տալիս նախկին տարիների փորձը, նվազագույն աշխատավարձի քաղաքականության նման զուսպ մոտեցումը չհանգեցրեց ցանկալի արդյունքների, այն  է.

  • աղքատության կրճատման նպատակով, նվազագույն աշխատավարձը աղքատության ընդհանուր գծին հավասար սահմանելու  մեխանիզմը  չունեցավ արդյունավետ կիրառում, քանի որ  ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, յուրաքանչյուր հաջորդ տարվա համար նվազագույն աշխատավարձի նախատեսվող ցուցանիշն չէր կարող հաշվի առնել անգամ նախորդ տարվա համար սահմանված աղքատության գծի ցուցանիշը` պայմանավորված դրա վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետով,
  • նվազագույն աշխատավարձի արդյունավետ չափի սահմանմանը խոչընդոտում է նաև դրա հաճախակի օգտագործումը տարբեր տեսակի սոցիալական օժանդակության  ծրագրերում
  • նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի չի առնվում կյանքի նվազագույն պայմանների ապահովման անհրաժեշտ միջոցները:

Աշխատանքի վարձատրության բնագավառի պետական կարգավորման արդյունավետ քաղաքականության իրականացման նպատակով  ներկայում մշակվում է “Հայաստանի Հանրապետության աշխատանքի և աշխատավարձի ոլորտի ռազմավարությունը”, որում տեղ կգտնեն անցած տարիներին աշխատավարձի բնագավառում առկա բոլոր հիմնախնդիրների լուծումները:

Զբաղվածության ոլորտի հիմնախնդիրները

Քաղաքականությունը

Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծումն է, որն իրականացվում է տնտեսության պետական կարգավորման և բնակչության սոցիալական պաշտպանության միջոցով:
Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես տնտեսական քաղաքականության բաղադրիչի, անհրաժեշտ քանակով և որակով աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումն է, որը պետք է դիտվի տնտեսական կայուն զարգացման հիմնական պայմաններից մեկը:
Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես սոցիալական պաշտպանության քաղաքականության բաղադրիչի, արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների երաշխավորումն ու պայմանների հետևողական ապահովումն է, ինչպես նաև աշխատանք փնտրող անձի աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումն ու արդյունավետ ներառման ապահովումն է, որը պետք է դիտարկվի երկրում սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից մեկը:
Զբաղվածության պետական քաղաքականությունը միտված է ամրապնդելու սոցիալական համերաշխությունը, զարգացնելու զբաղվածության ոլորտում սոցիալական գործընկերությունը` նոր աշխատատեղերի ստեղծման, թափուր աշխատատեղերի համալրման, աշխատանքային պայմանների բարելավման և աշխատանքի վարձատրության համակարգերի կատարելագործման միջոցով:

Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները`

  • աշխատանքի կամավորությունը և աշխատանքի ազատ ընտրությունը` բացառելով խտրականությունը,
  • սոցիալական ներառումն ու համերաշխությունը,
  • կայուն զբաղվածության միջոցով անձի հասարակական դերի բարձրացումը,
  • սոցիալական գործընկերությունը,
  • աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում տեղեկատվական համաչափությունը և թափանցիկությունը,
  • արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների հետևողական ապահովումը,
  • ըստ առաջնահերթությունների` պետական աջակցությունը,
  • զբաղվածության ծառայություններ մատուցող պետական և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև մրցակցային, փոխշահավետ և կայուն համագործակցությունը: 

Խնդիրները

  • Հայաստանի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանությունը, առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման խոչընդոտները, գործազրկության բարձր մակարդակը,
  • Աշխատաշուկայի տարածքային անհամամասնություններով պայմանավորված առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայությունը, գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածությունը, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական զբաղվածության ցածր մակարդակը,
  • Աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման դժվարությունները,
  • Կանանց շրջանում գործազրկության միջին հանրապետական ցուցանիշից բարձր մակարդակը,
  • Առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունների ցածր մակարդակը,
  • Պետական-մասնավոր հատվածների միջև, այդ թվում` աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ գործակալության գործընկերային և փոխշահավետ համագործակցության բացակայությունը:
  • Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության բարձր մակարդակը: