Ուրբաթ, Մարտ 22, 2019
Գլխավոր Հարց ու պատասխան Հարց ու պատասխան/Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցեր

Հարց ու պատասխան/Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցեր

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՈԼՈՐՏ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարց 1. Ի՞նչ իրավական ակտի հիման վրա է իրականացվում խնամատար ընտանիք երեխաներին դաստիարակության հանձնելու գործընթացը:

Հայաստանի Հանրապետությունում երեխաները խնամատար ընտանիք դաստիարակության են հանձնվում համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի և ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 8-ի «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգը և չափը խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» թիվ 459-Ն որոշման:

Հարց 2. Ո՞րն է խնամատար ծնող դառնալու իրավական հիմքը:

Խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին ՀՀ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կողմից տրված դրական եզրակացությունը:

Հարց 3. Ո՞ր մարմին է դիմում խնամատար ծնող դառնալու համար եզրակացություն ստացած քաղաքացին երեխայի մասին տեղեկատվություն ստանալու համար:

Խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձը դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում է իր բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին կամ մարզպետարան, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Հարց 4. Ու՞մ միջև է կնքվում երեխային խնամատար ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը:

Խնամատար ընտանիքում խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են խնամատարության մասին պայմանագրի հիման վրա՝ պայմանագրով նախատեսված ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև երեխայի 18 տարին լրանալը։ Երեխային խնամատար ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կնքվում է խնամատար ծնողի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ու խնամատար ծնողների միջև:

Հարց 5. Ինչպե՞ս են հաշվարկվում խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները:

Խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները մեկ երեխայի հաշվարկով կազմում են տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150 տոկոսի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200 տոկոսի չափով:

Հարց 6. Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ծնողներից մեկին` որպես վարձատրություն տրամադրվող ամսական դրամական միջոցները:

Մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկին տրամադրվում է վարձատրություն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, երկու երեխայի համար` նվազագույն ամսական աշխատավարձի 150 տոկոսի, երեք և ավելի երեխաների համար` նվազագույն ամսական աշխատավարձի 200 տոկոսի չափով:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ) ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2006 թվականից իրականացնում է ՀՀ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում) ծրագիրը:          

Հարց 1. Ի՞նչ իրավական ակտի հիման վրա է իրականացվում «Հաստատությունների բեռնաթափում» ծրագիրը:

Ծրագրի իրականացման իրավական հիմքը հանդիսացել է «Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010թթ. ռազմավարությունը և Լոռու մարզի Վանաձորի մանկատան, Վանաձորի N2, Վանաձորի N3, Ստեփանավանի N1 և Սպիտակի «Որբ, ծնողական խնամքից զրկված մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բեռնաթափման 2006 թվականի փորձնական ծրագիրը հաստատելու և ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 988-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Ծրագիրը ներկայում ներառվել է Միջնաժամկետ ծախսերի ծրագրում և իրականացվում է այդ ծրագրի շրջանակներում:

2014թ. հաստատվել է «Հայաստանի Հանրապետության մի շարք հաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպելու /բեռնաթափում/ և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 743-Ն որոշումը, որի հիման վրա ծրագիրն իրականացվում է նաև ՀՀ Շիրակի մարզում:

Հարց 2. Քանի՞ երեխա է ծրագրի շրջանակում վերադարձել կենսաբանական ընտանիք և քանի՞ երեխայի մուտք է հաստատություններ կանխարգելվել:

2006 թվականից սկսած, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ Լոռու մարզում, իսկ 2014 թվականից նաև ՀՀ Շիրակի մարզում իրականացնում է հաստատությունների բեռնաթափման ծրագիր, որի արդյունքում 2006-2016թթ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից և երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններից կենսաբանական ընտանիք է վերադարձվել 950 երեխա, ինչպես նաև կանխվել է ավելի քան 1580 երեխայի մուտք՝ այդ հաստատություններ, բացի այդ ծրագրում ընդգրկված շահառուներին տրամադրվել է բնաիրային օգնության փաթեթ, հագուստեղեն, գրենական պիտույքներ, դասագրքեր, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների մասնակի փոխհատուցում:

2006թ. Լոռու մարզի հաստատություններում խնամվում էին շուրջ 1000 երեխա: Հայաստանի Հանրապետությունում երեխաների ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականության արդյունքում վերոհիշյալ հաստատություններում խնամվող երեխաների թիվը նվազել է, ներկայում նրանց թիվը մոտ 150 է: 2018թ. սույն ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում  ընտանիք է վերադարձել 8 երեխա, կանխարգելվել է 112 երեխայի մուտքը հաստատություններ:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ «ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարց 1. Ո՞րն է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի նպատակը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրն իրականացվել է 2003-2013թթ., որի շրջանակում մանկատների 453 շրջանավարտ դարձել է ծրագրի շահառու:

Հարց 2. Ո՞վքեր են դարձել ծրագրի շահառուներ:

Ծրագրի իրականացման առաջին տարիներին ծրագրում հիմնականում ընդգրկվել են 1991 թվականից մինչև 2003 թվականը մանկատներն ավարտած անձինք, ովքեր հիմնականում անօթևան էին, ունեին ծանր հոգեբանական և առողջական խնդիրներ, ոմանք ունեին նաև դատվածություն:

Հարց 3. Ի՞նչ աջակցություն է տրամադրվել մանկատների շրջանավարտներին ծրագրի շրջանակում:

Ծրագրի իրականացման ժամանակաշրջանում իրականացվել են սոցիալական պաշտպանության հետևյալ միջոցառումները`

  1. Միանվագ դրամական օգնություն – 233 շրջանավարտի
  2. Կրթաթոշակ – 103 շրջանավարտի
  3. Մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում–212 շրջանավարտի
  4. Բժշկական ծառայություն – 252 շրջանավարտի
  5. Բնակարանի տրամադրում – 160 շրջանավարտի:

Նրանք բազմամասնագիտական տարբեր խմբերի աշխատանքի շնորհիվ հիմնականում ինտեգրվել են հասարակությանը: Ծրագրի շրջանակում բնակարան է տրամադրվել մանկատների 160 շրջանավարտի և հարազատների ընտանիքներում բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 6 անձի: «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատների) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրում» միջոցառման շրջանակում  2018թ. ընթացքում 11 շրջանավարտի տրամադրվել է միանվագ /50 հազ. դրամ/ դրամական օգնություն:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարց 1. Որո՞նք են որդեգրելու պայմանները:

Որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց դիմումի համաձայն, ովքեր հաշվառված են որպես որդեգրողի թեկնածուներ: Եթե միևնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ: Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է ՀՀ մարզպետարանների, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տրված որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա:

Հարց 2. Ո՞ր մարմիններն են տալիս որդեգրման մասին եզրակացություն:

Որդեգրման հնարավորության մասին եզրակացություն են տալիս և որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնում են ՀՀ մարզպետարանները /Երևանի քաղաքապետարանը/, օտարերկրացիների դեպքում՝ որդեգրման հարցերով կենտրոնական մարմինը, իսկ կենտրոնացված հաշվառումը իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Հարց 3. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար:

Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)` ներկայացնելով.

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,

3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,

4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մաuին տեղեկանք,

5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,

6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,

7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),

8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,

9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:

Եթե որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների /ծնողի/ գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:

Հարց 4. Ո՞ր պայմանի դեպքում է որդեգրել ցանկացող անձը հաշվառվում որպես որդեգրողի թեկնածու:

Որդեգրել ցանկացող անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը)` մեկամսյա ժամկետում կատարում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում է համապատասխան ակտ: Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը)  որդեգրել ցանկացող անձից ստացված փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա տալիս է որդեգրման հնարավորության մասին եզրակացություն, դրական եզրակացության դեպքում լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը, նրան վերցնում հաշվառման որպես որդեգրել ցանկացող անձ:

Հարց 5. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար:

Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու դեպքում անձամբ, իրենց լիազորած անձի, ինչպես նաև տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են որդեգրման կենտրոնական մարմին, ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,

3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,

4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մաuին տեղեկանք,

5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,

6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,

7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),

8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,

9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:

Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների (ծնողի) գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ: Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին համապատասխան փաստաթղթերը կենտրոնական մարմին է ներկայացրել լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր կողմից այդ անձին օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:

Հարց 6. Ո՞ր պայմանի դեպքում է որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին հաշվառվում որպես որդեգրողի թեկնածու:

Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով անցկացվում է այդ անձի և նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմվում է համապատասխան ակտ:

Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնում է կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի կազմը ձևավորվում է ՀՀ արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության  ներկայացուցիչներից։ Աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա կենտրոնական մարմինը մեկամսյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն և գրավոր տեղեկացնում համապատասխան երկրի կենտրոնական մարմնին կամ դիմողին։

Երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն տալու դեպքում, որն ուժի մեջ է տալու օրվանից 18 ամիս, կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ փաստաթղթերը և դրական եզրակացության մեկ օրինակը ուղարկում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով:

Հարց 7. Ո՞ր երեխաները կարող են հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխաներ:

Որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվում են այն երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքեր։

Հարց 8. Ինչպե՞ս կարելի է որդեգրման ենթակա երեխաների մասին ստանալ տեղեկություններ:

Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով հաշվառված` որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարանի աշխատակազմ կամ նախարարություն, իսկ հաշվառված` որդեգրել ցանկացող ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները` կենտրոնական մարմին։ Հաշվառված` որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացին և օտարերկրացին կարող են ծանոթանալ երեխաների անձնական գործերին` նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար։

Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրել ցանկացող անձը հաշվառումից չի հանվում։

Այն դեպքում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ, երբ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի (անձանց) միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առկա է գրավոր համաձայնություն, որդեգրման նպատակով երեխայի կենտրոնացված հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը կենտրոնական մարմին է ուղարկում տվյալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը։ Այդ դեպքերում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում։

Որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից։

Հարց 9. Ինչպե՞ս է կայացվում որդեգրման մասին որոշումը:

Որդեգրողի թեկնածուն երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը ներկայացնում է որդեգրման ենթակա երեխայի բնակության վայրի քաղաքացիական գործեր քննող դատարանին:

Առաջադրվող պահանջներն են`

  • դիմում,
  • որդեգրել ցանկացող անձի /անձանց/ ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը,
  • որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը,
  • եթե որդեգրվող երեխան մինչև մեկ տարեկան է,
  • որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը,
  • անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, ապա որդեգրել ցանկացող անձի /անձանց/ ցանկության դեպքում նրա /նրանց/ միջնորդությունը որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը փոփոխելու, իրեն /իրենց/ որպես որդեգրվող երեխայի ծնող /ծնողներ/ գրառելու մասին:

Դիմումին պետք է կցվեն`

  • որդեգրել ցանկացող անձի /անձանց/ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • որդեգրել ցանկացող անձի /անձանց/ ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը /անձինք/ գտնվում են ամուսնության մեջ,
  • երեխան ամուսիններից մեկի կողմից որդեգրվելու դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը,
  • տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան որդեգրման համար դիմելը երեխան բնակվել է որդեգրել ցանկացող անձի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը,
  • որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը /պատճենը/,
  • առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք,
  • որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք,
  • խնամակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխայի խնամակալի /հոգաբարձուի/ գրավոր համաձայնությունը, ինչպես նաև խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամատար ծնողի գրավոր համաձայնությունը,
  • որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր`
  • ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները),
  • ծնողի (ծնողների) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը (պատճենները),
  • երեխայի ընկեցիկ լինելու փաստը հաստատող ակտը,
  • երեխայի ծնողների, խնամակալի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը,
  • երեխայի առողջական վիճակի մասին եզրակացություն` տրված համապատասխան մանկական առողջապահական հիմնարկի կողմից,
  • ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ երեխայի հարաբերությունները պահպանելու մասին ցանկությունը,
  • ՀՀ կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի /որդեգրողների/ անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք որդեգրել ցանկացող անձը /անձինք/ ներկայացրել է եզրակացություն ստանալու համար:

 

ԿԱՆԱՆՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՈԼՈՐՏ

Հարց 1. Ո՞ր իրավական ակտով է կարգավորվում ընտանիքում բռնության կանխարգելումը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը:

ՀՀ ԱԺ-ի կողմից 2017թ. դեկտեմբերի 13-ին ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որը կանոնակարգում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանիքում բռնության հասկացությունը, ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:

Հարց 2. Ի՞նչ է ընտանիքում բռնությունը, որոնք են ընտանիքում բռնության տեսակները:

  1. Ընտանիքում բռնություն Է համարվում օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:
  2. Ընտանիքում բռնության տեսակներն են՝

1) ֆիզիկական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը,

2) սեռական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները,

3) հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը,

4) տնտեսական բռնություն` անձին հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ իշխելու նպատակով նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը,

5) անտեսում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն), իսկ չափահաս աշխատունակ զավակների կողմից իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում) դիտավորությամբ չբավարարելը, եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կամ չափահաս աշխատունակ զավակները տիրապետում են պատշաճ տեղեկատվության և հնարավորությունների, և եթե համապատասխան ծառայությունները նրանց համար հասանելի են:

Հարց 3. Որո՞նք են ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները և հատուկ կառույցները:

  1. Ընտանիքում բռնության կանխարգելումը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են`

1) սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմինը (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն),

2) ոստիկանությունը,

3) կրթության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը,

4) առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը,

5) խնամակալության և հոգաբարձության մարմինները,

6) ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները`

ա. աջակցության կենտրոնները,

բ. ապաստարանները:

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ընտանիքում բռնության դեմ պայքարին և այդ բնագավառում համագործակցում են Լիազոր մարմնի հետ: Նշված մարմինները նաև մասնակցում են նշված բնագավառում հանրության իրազեկմանը, ընտանիքում բռնության ենթարկվածներին սոցիալական և նյութական աջակցություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Հարց 4. Ի՞նչ աջակցություն է tրամադրում աջակցության կենտրոնը ընտանիքում բռնության ենթարկված անձանց:

  1. Աջակցության կենտրոնը սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կազմակերպություն է, որը.

1) աջակցության կենտրոն դիմած անձանց նրանց համար հասկանալի լեզվով, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում նրանց համար մատչելի եղանակով տեղեկացնում է նրանց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների և դրանցից օգտվելու կարգի մասին,

2) կազմակերպում է ընտանիքում բռնության ենթարկվածներին անհրաժեշտ և անհատույց հոգեբանական և իրավաբանական օգնության և այլ անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրումը,

3) սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին՝ նրանց համաձայնությամբ,

4) ուսումնասիրում է ընտանիքում բռնության պատճառներն ու պայմանները, վարում ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրություն և արդյունքները ներկայացնում Լիազոր մարմին,

5) Լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կազմակերպում է ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիան, այդ թվում՝ նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների պատճեններն ստանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանիքում բռնություն գործադրած անձին առաջարկում է ստանալ ռեաբիլիտացիոն ծրագրի մաս կազմող համապատասխան աջակցություն և մասնակցել որոշակի միջոցառումների,

6) նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների պատճեններն ստանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանիքում բռնության ենթարկվածին առաջարկում է հոգեբանական աջակցության տրամադրում,

7) Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կարգով իրականացնում է հաշտեցում կամ կազմակերպում է դրա իրականացումն ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջև.

8) ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցում է աշխատանքի տեղավորման և պետությունից կամ համապատասխան կազմակերպություններից սոցիալական աջակցություն ստանալու հարցերում,

9) աջակցության կենտրոն դիմած անձի համաձայնությամբ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով դիմում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հիմքերի առկայությունն ստուգելու համար, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքում դիմում է դատարան` պաշտպանական որոշում կայացնելու դիմումով:

Հարց 5. Ի՞նչ է ապաստարանը և ովքե՞ր կարող են օգտվել ապաստարանի ծառայություններից:

Ապաստարանը   ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան է, որտեղ նրանք օգտվում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններից:

Ապաստարանը`

1) շահառուներին անհատույց տրամադրում է ապահով բնակելի տարածք, հոգեբանական և իրավաբանական օգնություն, սոցիալական աջակցություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների, ինչպես նաև ապահովում է սննդով և հագուստով, իսկ երեխաներին` նաև դասապատրաստմանն անհրաժեշտ կահավորմամբ և պիտույքներով տարածություն,

2) անհրաժեշտության դեպքում և շահառուների համաձայնությամբ կազմակերպում է նրանց կողմից առողջապահական հաստատություններ դիմելը՝ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար:

Շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Ապաստարանում գտնվելու ժամկետը որոշում է ապաստարանը՝ շահառուներին համապատասխան օգնություն ցույց տվող մասնագետների առաջարկությամբ` հաշվի առնելով նրանց անվտանգության համար սպառնալիքների առկայությունը կամ բացակայությունը, նրանց` ինքնուրույն կամ այլ անձի հետ համատեղ բնակվելու հնարավորությունը և այլ վերաբերելի հանգամանքներ՝ որպես պարտադիր պայման դիտելով ապաստարանում մնալու՝ շահառուների համաձայնությունը:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հարց 1. Ո՞վ է համարվում հատուկ կատեգորիայի զոհ:

Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված այն անձը, որը հայտնաբերման պահին եղել է երեխա կամ հոգեկան խանգարման հետևանքով զրկված է իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից:

Հարց 2. Ի՞նչ է նույնացման հանձնաժողովը և ո՞րն է նրա գործունեության նպատակը:

Մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված մարմին է, որն ընձեռում է զոհերին աջակցության և պաշտպանության իրավունք:

Հարց 3. Որո՞նք են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի աջակցության և պաշտպանության իրավասու մարմինները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Ոստիկանությունը և գործընկեր հասարակական կազմակերպությունները:

Հարց 4. Ի՞նչ աջակցության պետական ծրագրեր են գործում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի համար:

  • «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիր,
  • պետական պատվերով բուժօգնության ծրագիր,
  • զբաղվածության ծրագրեր,
  • երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում խնամքի կազմակերպում,
  • միանվագ դրամական փոխհատուցում:

Հարց 5. Ի՞նչ լրացուցիչ գործառույթ է իրականացվում «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագրի շրջանակում:

Մատուցվում են մասնագիտական ծառայություններ սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկներին:

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png