Չորեքշաբթի, Հուլիս 15, 2020
Գլխավոր Հարց ու պատասխան Հարց ու պատասխան/Հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցեր

Հարց ու պատասխան/Հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցեր

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարց 1. Ու՞ր պետք է դիմել հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:

Եթե անձն  ունի առողջական խնդիրներ, հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա կարող է դիմել իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա),  որտեղ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում՝ նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր (ձև 088):

Ուղեգրի առկայության դեպքում, բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով, անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:

Հարց 2. Ո՞վ է անձին սահմանում հաշմանդամություն:

Անձին հաշմանդամություն սահմանելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը և տարածքային բժշկասոցիալական փորձաքննական բաժինները։

Հարց 3. Ի՞նչ իրավական ակտերով  են առաջնորդվում բժշկասոցիալական փորձաքննական (ԲՍՓ) մարմինները անձին հաշմանդամություն սահմանելիս:

Հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը և հաշմանդամության սահմանման չափորոշիչները հաստատված են ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն և ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշումներով։

Հարց 4. Ինչպե՞ս է իրականացվում ՀՀ քաղաքացի, սակայն հաշվառում չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը:

Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

Հարց 5. Ե՞րբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:

Հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

Հարց 6. Ի՞նչ կարգավիճակ է սահմանվում  բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմինների կողմից բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում:

Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձին սահմանվում է`

  1. Հաշմանդամության 1-ին խումբ,
  2. Հաշմանդամության 2-րդ խումբ,
  3. Հաշմանդամության 3-րդ խումբ,
  4. «Հաշմանդամ երեխա»  կարգավիճակ։

Հարց  7. Ի՞նչ  ժամկետում է հաշմանդամության սահմանման մասին որոշումը հանձնվում անձին:

Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամության սահմանման մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:

Հարց 8. Ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն:

Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչև 18 տարին լրանալը և անժամկետ:

1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

Հարց 9. Ո՞ր դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:

Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,

բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետևանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,

գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների),

դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

Հարց 10. Ի՞նչ արտոնություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք:

Հաշմանդամություն ունեցող անձինք՝

  1. ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում և կարող են օգտվել սահմանված՝ անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու արտոնություններից,
  2. ընդգրկված են անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում։ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ուեցող անձինք՝ 50% զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից,
  3. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում,
  4. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելու իրավունք,
  5. իրավունք ունեն ստանալու աջակցող միջոցներ՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ, համապատասխան վերականգնողական անհատական ծրագրին, պետական հավաստագրի հիման վրա։

Հարց 11. Ի՞նչ է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը:

ՎԱԾ-ը սահմանված որոշակի վավերապայմաններով և ձևով, լրացման համար անհրաժեշտ դաշտեր պարունակող փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը: Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող  անձ ճանաչելու դեպքում: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, աջակցող միջոցների և այլ ծառայությունների տեսակները:

ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձևից և ծավալից, ինչպեu նաև ամբողջ ծրագրի իրականացումից:

Հարց 12. Ի՞նչ աջակցող միջոցներ են տրամադրվում հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց:

Պրոթեզներ (վերին և ստորին վերջույթի), կրծքագեղձի էկզոպրոթեզ, ակնագնդի պրոթեզ, ձայնաստեղծ սարքեր/պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, գուլպաներ (անդամահատված ծայրատի համար), լսողական սարքեր, լսողական սարքերի անհատական ներդիրներ, աղեկապեր, սեղմիրաններ, հենակներ, ձեռնափայտեր, քայլակներ, ծնկակալեր, ռեկլինատորներ, կոշիկներ (oրթոպեդիկ, պրոթեզի, օրթեզի):

Հարց 13. Ի՞նչ ընթացակարգով են տրվում աջակցող միջոցները և ո՞ւր դիմել:

Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-ն որոշման աջակցող միջոցները տրվում են պետական հավաստագրերի միջոցով` համապատասխան որակավորում անցած կազմակերպությունների կողմից: Պետական հավաստագիր ստանալու համար քաղաքացին կարող է դիմել սոցիալական ծառայության տարածքային գործակալություն կամ նախարարություն` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Հարց 14.  Ինչպե՞ս ներկայացնել պետական հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը սոցիալական ծառայության տարածքային գործակալության մարմին կամ նախարարություն:

Քաղաքացին կարող է առձեռն, կամ փոստային առաքմամբ, կամ էլեկտրոնային փոստով դիմումը և փաստաթղթերը ներկայացնել սոցիալական ծառայության տարածքային գործակալության մարմին կամ նախարարություն: Ընդ որում` էլեկտրոնային փոստով ուղարկվող դիմումները և փաստաթղթերը պետք է լինեն գունավոր լուսապատճենված և ուղարկվեն` info@mlsa.am էլ. փոստի հասցեին, իսկ փոստային առաքմամբ` ուղարկվում է փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ անձնագրի և սոցիալական քարտի, որոնք ներկայացվում են պատճենահանված տարբերակով:

Հարց 15. Ո՞ւր պետք է դիմել պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցներ ստանալու համար:

Աջակցող միջոցների համար պետք է դիմել որակավորում անցած և նախարարության հետ պայմանագիր կնքած կազմակերպություններին: Կազմակերպությունների ցանկը այստեղ՝ http://www.mlsa.am/?page_id=10837:

Հարց 16. Ո՞ր իրավական ակտով է սահմանված աջակցող միջոցների ժամկետները:

Աջակցող սարքերի օգտագործման ժամկետները սահմանված են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ:

Հարց 17.  Ու՞ր  պետք  է  դիմել  օրթեզներ ստանալու, առաջին անգամ պրոթեզավորվելու կամ սահմանված ժամկետից շուտ աջակցող միջոց ստանալու իրավունք ձեռք բերելու համար:

18 տարեկանից բարձր անձանց օրթեզներ ստանալու, առաջին անգամ պրոթեզավորվելու կամ սահմանված ժամկետից շուտ աջակցող միջոց ստանալու իրավունք ձեռք բերելու համար անձը պետք է դիմի Բուժատեխնիկական հանձնաժողով: Հանձնաժողովը քաղաքացիներին ընդունում է ամեն երեքշաբթի, ժամը 09:00-18։00, ուրբաթ օրերը 14։00-18։00` «Արթմեդ» բժշկական կենտրոնի 1-ին հարկում /հասցեն` Երևան, Ծարավ Աղբյուրի 55 ա/: Հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքում տրամադրում է համապատասխան եզրակացություն:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Հարց 1. Ո՞վ է համարվում տարեց:

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի տարեց է համարվում 65 տարին լրացած անձը:

Հարց 2. Որո՞նք են խնամքի տրամադրման տեսակները:

Խնամքը տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր կամ հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններում և  սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:

Հարց 3. Ո՞վ իրավունք ունի օգտվելու խնամքի ծառայություններից:

Գնահատված կարիքների համաձայն` խնամքի ծառայությունները տրամադրվում են ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:

Հարց 4. Բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր  տիպի  հաստատություն ընդունվելու համար ու՞մ պետք է դիմի քաղաքացին:

Քաղաքացին (կամ նրա օրինական ներկայացուցիչը) պետք է դիմի փաստացի բնակության վայրի տարածքը սպասարկող սոցիալական աջակ­ցության տարածքային գործակալություն կամ բաժին (այսուհետ՝ տարածքային մարմին), որտեղ քաղաքացուն տրամադրվում է «Խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտ» ձևաթուղթը, որը լրացվում է քաղաքացուն սպասարկող տարածքային պոլիկլինիկայի կողմից: Տարածքային մարմնի ղեկավարը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին և այն ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունը տարածքային մարմնից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:

Հարց 5. Ովքե՞ր կարող են խնամվել բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում:

Բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում կարող են խնամվել քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով հիվանդ անձինք:

Հարց 6. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատ ընդունվելու համար սոցիալական աջակցության տարածքային մարմին ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի քաղաքացին: 

Համաձայն ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմին պետք է ներկայացնել`

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայություն­ների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք,
  • խնամքի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնա­կու­թյան իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղա­քացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակ­վելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,
  • հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք` տրված բժշկասոցիալական փորձա­քննու­թյուն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը ՀՀ օրենսդրու­թյամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ,
  • անձի բժշկական քարտը՝ Աշխատանքի և սոցիա­լա­կան հարցերի նախարարի ու Առողջապահության նախա­րարի համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան կամ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112 -Ն որոշման N 3 հավել­վածի հիվանդությունների ցանկում ներկայացված հիվանդություններով հիվանդ չլինելու հանգամանքը հիմ­նավորող փաստաթուղթ (փաստա­թղթեր)՝ տրված համապատասխան բժշկական հաս­տա­տության (հաստատություն­ների) կողմից:

Հարց 7.  Հատուկ (մասնագիտացված) հաստատություն՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տունինտերնատ և «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոն ընդունվելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ:

Համաձայն ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը (կամ նրա օրինական ներկայացուցիչը) պետք է ներկայացնի`

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայություն­ների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք,
  • խնամքի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնա­կու­թյան իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղա­քացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակ­վելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,
  • հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք` տրված բժշկասոցիալական փորձա­քննու­թյուն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը ՀՀ օրենսդրու­թյամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ,
  • անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում` անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը,
  • անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգա­բարձության մարմնի որոշման պատճենը,
  • անձի բժշկական քարտը՝ Աշխատանքի և սոցիա­լական հարցերի նախարարի և Առողջա­պա­հու­թյան նախա­րարի համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան կամ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112 -Ն որոշման N 3 հավել­­վածի հիվանդությունների ցանկում ներկայացված հիվանդու­թյուն­ներով (բացառությամբ այդ հավելվածում նշված հոգեկան հիվան­դությունների) հիվանդ չլինելու հանգամանքը հիմ­նավորող փաստաթուղթը (փաստաթղթերը)՝ տրված համա­պա­տաս­խան բժշկական հաստա­տու­թյան (հաստատություն­ների) կողմից, ինչպես նաև քաղվածք անձի հիվանդության պատ­մու­թյունից կամ հոգեբուժական դիս­պան­սերի բժշկական քարտից:

Հարց 8. Ու՞մ որոշման հիման վրա է հաճախորդին խնամք տրամադրվում:

Հաճախորդին խնամք տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետի որոշման հիման վրա:

Հարց 9. Ո՞ր դեպքում կարող է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը) տրամադրել նոր ուղեգիր:

Բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի շուրջօրյա հաստատություն չգնալու հարգելի պատճառներ ունենալու դեպքում (հիվանդություն, հարազատի հիվանդություն կամ մահ և այլն) գործակալությունը (բաժինը) տրամադրում է նոր ուղեգիր:

Հարց 10. Ո՞ր դեպքերում և որքա՞ն ժամանակով կարող է հետաձգվել քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ:

Քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ կարող է հետաձգվել քաղաքացու կամ նրա խնամակալի կողմից սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացված դիմումի (հիմնավոր պատճառների՝ առողջական խնդիրներ, հարազատի մահ, եղանակային պայմաններ և այլն) հիման վրա՝ մինչև 6 ամիս ժամկետով:

Հարց 11. Քաղաքացին ուղեգիրը ստանալուց հետո ի՞նչ ժամկետում կարող է ներկայանալ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (տուն-ինտերնատ):

Քաղաքացին պետք է  ներկայանա բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի շուրջօրյա հաստատություն (տուն-ինտերնատ) ուղեգիրը ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում: 

Հարց 12. Կենսաթոշակի ո՞ր մասն է ստանում ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամվողը:

Տուն-ինտերնատում խնամվողը ստանում է կենսաթոշակի ապահովագրական մասը, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստացողները` կենսաթոշակի 50 տոկոսը:

Հարց 13. Կարո՞ղ են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվողներին այցելել իրենց հարազատներն ու ծանոթները:

Այո, խնամվողների հարազատներն ու ծանոթները կարող են այցելել: Եվ հատուկ այդ նպատակով հաստատություններում կան համապատասխան պայմաններ (տեսակցության սենյակ):

Հարց 14. Շուրջօրյա խնամքի հաստատությունում խնամվողը կարո՞ղ է արդյոք ժամանակավորապես դուրս գրվել հաստատությունից և որքա՞ն ժամանակով:

Հաստատության ղեկավարի հրամանով խնամվողը կարող է տարվա մեջ առավելագույնը 90 օրով դուրս գրվել խնամքի հաստատությունից՝ իր ազգականներին հյուրընկալվելու նպատակով՝ իր կամ իր ազգականի գրավոր դիմումի հիման վրա:

Հարց 15. Բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատությունում խնամվողն ու՞նի արդյոք տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք և ի՞նչ կարգով է իրացնում իր իրավունքը: 

Տուն-ինտերնատներում խնամվողներն օգտվում են քաղաքային ուղևորատար  տրանսպորտից` անվճար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված անվճար երթևեկության վկայականի հիման վրա:

Հարց 16. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվողի մահվան դեպքում ո՞վ է կազմակերպում հուղարկավորությունը:

Հուղարկավորությունը կազմակերպում են հանգուցյալի ընտանիքի անդամները կամ այլ ազգականները։ Այն դեպքում, երբ մահացած անձը չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ կամ նրանք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո երկօրյա ժամկետում չեն ներկայանում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, հուղարկավորությունը կազմակերպվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության կողմից:

Հարց 17. Ինչպի՞սի ծառայություններ են տրամադրվում խնամքի կարիք ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում:

Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետևյալ ծառայությունները` կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն:

Հարց 18. Խնամքի կարիք ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններն ո՞ր ժամերին է տրամադրվում:

Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում է ցերեկային ժամերին՝ 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, անձի բնակության վայրում՝ նրա գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:

Հարց 19. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում քան՞ի օր է շաբաթական տրամադրվում ծառայություններ և ո՞ր ժամերին:

Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում ծառայությունները տրամադրվում են երկուշաբթիից-ուրբաթ ցերեկային ժամերին՝ 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կազմած անհատական սոցիալական ծրագրի հիման վրա` անձի գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:

Հարց 20. Համաձայն գործող օրենսդրության ո՞ւմ կարող է տրամադրվել ժամանակավոր կացարան և որքա՞ն ժամանակով:

Ժամանակավոր կացարան տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակվող՝ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ մինչև 90 օր ժամանակով:

Հարց 21. Ու՞մ է տրամադրվում ժամանակավոր կացարան և որքա՞ն ժամանակով:

Ժամանակավոր կացարան տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անօթևան քաղաքացիներին ժամանակավոր օթևան տրամադրելու և նրանց սոցիալական խնդիրների լուծումներ գտնելու նպատակով: Ժամանակավոր օթևանը տրամադրվում է մինչև 90 օր տևողությամբ:

Հարց 22. Ո՞ր ժամերին է իրականացվում ժամանակավոր կացարան անօթևան անձի ընդունելությունը:

Ժամանակավոր կացարան անօթևան անձի ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա:

Հարց 23. Ժամանակավոր կացարանում անօթևան անձին քանի՞ անգամ է սնունդ տրամադրվում:

Ժամանակավոր կացարանում անօթևան անձին սնունդ տրամադրվում է առնվազն երկու անգամ:

Հարց 24. Որոշակի բնակության վայր չունեցող անօթևան անձը որքա՞ն ժամանակ կարող է մնալ անօթևանների ժամանակավոր կացարանում:

Անօթևան անձը կարող է մնալ ժամանակավոր կացարանում ոչ ավել, քան 90 օր:

Հարց 25. Ովքե՞ր կարող են ընդունվել «Վետերան» օթևան:

«Վետերան» օթևանը, որպես հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարան է, այն տրամադրվում է սեփականության կամ համասեփականության իրա­վունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող, ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող, ինքնասպասարկման ունա­կություն ունեցող՝ աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց, «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող երեխայով միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն և եթե այդ անձինք (նրանց ընտանիքները) չեն օտարել բնակարան (բնակելի տուն) դիմելուն նախորդող հինգ տարվա ընթացքում:

Հարց 27. Ո՞վ է համարվում Հայրենական մեծ պատերազմի վետերան:

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների և ստացած վնասվածքների հետևանքով:

Հարց 28. Ովքե՞ր կարող են ստանալ պատվովճար:

ՀՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի N 236 որոշման համաձայն պատվովճարը (50 000 դրամ) տրվում է միայն Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: 

Հարց 29. Որքա՞ն է Հայրենական մեծ պատերազմի վետերանի ամենամսյա պատվովճարի չափը:

Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 100 000 դրամ:

Հարց 30. Ի՞նչ արտոնություններ ունեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք:

Բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի  վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու /այդ թվում` դեղորայք/, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթևեկելու:

Հարց 31. Ո՞ր կատեգորիաներին պատկանող անձինք են օգտվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար սահմանված արտոնություններից:

Այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները և նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականություննրը կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք:

Հարց 32. Ի՞նչ արտոնություններ ունեն նախկին անհատական կենսաթոշակառուները:

Ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, ինչպես նաև հեռախոսի  բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու:

Հարց 33. Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբասիր աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված անձինք ի՞նչ արտոնություններ ունեն:

Թիկունքի վետերաններն օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու իրավունքից:

Հարց 34. ՀՀ օրենսդրությամբ սահմանված ի՞նչ արտոնություններ ունի բռնադատվածը:

Բռնադատվածն ունի քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու, պետական պատվերի շրջանակում անվճար բուժօգնություն /այդ թվում` 50 տոկոս զեղչով դեղորայք/ ստանալու, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում` անհատական տան շինարարության կամ բնակարան ձեռք բերելու իրավունք:

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png