Վիճակագրություն

Վիճակագրություն՝ ինֆոգրաֆիկա

Տարեցների վիճակագրական տվյալներ

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ծնելիության անկումն ու միգրացիայի բարձր տեմպերը հանգեցրել են նրան, որ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան) կազմում է ՀՀ մշտական բնակչության ընդհանուր թվաքանակի (2 995,1 մլն) 66.3%-ը, աշխատունակ տարիքից ցածրը (0-15 տարեկան)՝ 20.8%-ը, իսկ 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12.9%-ը (387 659 մարդ): 65 տարին լրացած անձանց թիվը կազմում է 323 100 կամ բնակչության ընդհանուր թվի 10.8%-ը:

Բնակչության  ընդհանուր թվաքանակում տարեցների թվի ավելացման միտում է նկատվում: Այսպես, 2011 թվականի դրությամբ ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում 63 և բարձր տարիքի անձանց թիվը կազմել է 11,5 %  (376 100 մարդ): Տարեցների թվաքանակի  աճը  բնակչության ընդհանուր թվաքանակում վերջին 5 տարվա ընթացքում կազմել է 1,4 % կամ  11559 մարդ:

Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին։ Իսկ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսնումները վկայում են, որ  Հայաստանը շուտով կհատի այդ շեմը։  Ըստ կանխատեսումների 2050թ-ին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-23%-ը:

Քաղաքաբնակ է ընդհանուր բնակչության 63.5%-ը, իսկ տարեց բնակչության՝ 69%-ը: Կանայք կազմում են ընդհանուր բնակչության 52%-ը, իսկ տարեց բնակչության մեջ՝ 59%-ը:

Կյանքի միջին տևողությունը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 74,8 տարի (կանանց համար՝ 77,9 տարի, տղամարդկանց՝ 71,5 տարի), վերջին երկու տարվա ընթացքում կյանքի միջին տևողությունը աճել է 0.5-ով:

Համաձայն վիճակագրությանը, աղքատության մակարդակը Հայաստանում կազմում է շուրջ 30%, 60-64 տարեկանների շրջանում` 24%, իսկ 65 և բարձր տարիք ունեցող անձանց շրջանում՝ 32%:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2016թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 47 276 կենսաթոշակառու, որից ընտանեկան նպաստ է ստանում 35 867-ը, կամ՝ տարեցների ընդհանուր թվի 9.2%: