Հիմնախնդիրներ

 Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտ

ՀՀ-ում հաշմանդամության ոլորտում որդեգրած քաղաքականությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն, ինչը ենթադրում է`

  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն,հասարակական կյանքի բոլոր բնագավառներում հավասար պայմանների և հավասար հնարավորությունների ապահովում:
  • Ներառական կրթության ապահովում  և հաշմանդամություն ունեցող անձանց  զբաղվածության խթանում:
  • Հաշմանդամության սահմանման գործընթացի կատարելագործում և վերականգնողական ծառայությունների մատչելիության բարձրացում ու տեսականու ընդլայնում:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի լուծմանն ուղղված պետական և ոչ պետական մարմինների միջև սոցիալական գործընկերության սկզբունքների կիրառում:
  • Ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում:

Պետական քաղաքականության նշված ուղղություններն ամրագրված են ՀՀ կառավարության 2005 թվականին ընդունած Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարության մեջ, որը նորովի է մեկնաբանում հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման և ներառման խնդիրներըը և նպատակ է դնում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բժշկական մոդելից անցում կատարել սոցիալական մոդելին:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում կարևորագույն խնդիրը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումն է: Այդ նպատակով քայլ առ քայլ իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ, փնտրվում քաղաքաշինական լուծումներ` կառուցված և նոր կառուցվող շենքերն ու շինությունները հաշմանդամություն ունեցող անձանց  մատչելի դարձնելու համար: Չնայած վերջին տարիներին այս ուղղությամբ կատարված աշխատանքներին, այնուամենայնիվ այսօր հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ենթակառուցվածքների թիվը փոքր է: Նախարարությունը սկսել և իրականացնում է հետևողական աշխատանքներ քաղաքաշինության ոլորտում այս խնդրի վրա հատուկ ուշադրություն դարձնելու և հսկողություն սահմանելու նպատակով: Կարևոր խնդիր է նաև հարմարեցված փոխադրամիջոցների ձեռքբերումը, որոնց թիվը հանրապետությունում շատ սահմանափակ է:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և ինքնուրույնության ապահովման խնդրում հիմնարար գործոններից մեկը կրթությունն է:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում: Հանրապետությունում ներդրվել է ներառական կրթության մոդելը, և հաշմանդամություն ունեցող (ելնելով հաշմանդամ երեխաների հատուկ կրթական կարիքներից նրանց համար մշակվում են հատուկ ուսումնական ծրագրեր) ու ոչ հաշմանդամ երեխաները կարող են սովորել միասին, նույն ուսումնական  հաստատությունում: Սա կարևոր հանգամանք է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի ձևավորման համար: Այնուամենայնիվ, խնդիր է մնում հաշմանդամության պատճառով կրթությունից դուրս մնալու հանգամանքը:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման գործընթացում կարևոր տեղ ունի զբաղվածության խնդրի կարգավորումը: Զբաղվածության ցուցանիշը մեր երկրում, ցավոք, բավական ցածր է, չնայած ՀՀ գործող օրենսդրությունը պարունակում է դրույթներ, որոնք երաշխավորում են հաշմանդամություն ունեցող անձանց  աշխատանքի իրավունքի ապահովումը: Այս ոլորտի հիմնական խնդիրներն են` օրենսդրության կատարելագործում, հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի տեղավորման նպատակով գործատուին շահագրգռող դրույթներ պարունակող ծրագրերի ծավալների ընդլայնում  և այլն:

Հաշմանդամություն ունեցող անձանց  տրամադրվող պետական աջակցության կարևորագույն ձևերից մեկը նրանց տրամադրվող բժշկական օգնությունն է: Բոլոր հաշմանդամություն ունեցող անձիք  ունեն պետական պատվերով բուժվելու արտոնություն, 1-ին և 2-րդ խմբերը օգտվում են անվճար, իսկ 3-րդ խումբը` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնությունից: Այս ոլորտի հիմնախնդիրներն են` մատուցվող առողջապահական ծառայությունների ծավալի մեծացում, որակի բարելավում, հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հասանելի պայմանների ստեղծում և այլն:

Հիմնական խնդիրներից է բժշկասոցիալական փորձաքննության համակարգի կատարելագործումը` ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարեփոխումներ, բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչների և չափորոշիչների հստակեցում և այլն: Քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում գործում է վերափորձաքննության բաժինը ու նրա տարածքային մարմինները /ԲՍՓՀ` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ/: Հանձնաժողովները գործում են տարածքային սկզբունքով: Բացի ընդհանուր գործող հանձնաժողովներից, գործում են նաև երկու մասնագիտացված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ` հոգեբուժական և ակնաբանական: ԲՍՓՀ-ն փորձաքննության արդյունքում կայացնում է որոշում և անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում, նրա համար մշակում է վերականգնողական անհատական ծրագիր /ՎԱԾ/, որտեղ նշվում են վերականագնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, տալիս են աշխատանքային երաշխավորագիր, ինչպես նաև հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:

Հաշմանդամություն ունեցող անձանց  ինտեգրման ճանապարհին շատ կարևոր է վերականգնողական միջոցառումների ճիշտ և լիարժեք կազմակերպումը: Հաշմանդամույթյուն ունեցող անձաի վերականգնումն իր մեջ ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումների համակարգ, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս նվազեցմանը /փոխհատուցմանը/: Չնայած իրականացվող աշխատանքներին, այս ոլորտում դեռևս կան մի շարք խնդիրներ` վերականգնողական ծառայությունների միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտություն, համապատասխան մասնագետների վերապատրաստում, իրականացված վերականգնողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական բազայի ձևավորում և այլն: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված պետական ծրագրերի (պրոթեզավորում, օրթեզավորում, վերականգնողական պարագաներով ապահովում) ծավալները և տրամադրվող  միջոցները  տարեցտարի  ավելանում են,  տրամադրվող ծառայություններն  ընդլայնվում են` դառնալով ավելի որակյալ և մատչելի:

Իրականացվում են պետական մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները բավարարելուն` հնարավորինս փոխհատուցելով նրանց կորցված ֆունկցիան: Այսպես, տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար  կազմակերպվում  է Բրայլի այբուբենի  ուսուցում, տպագրվում  են հատուկ  տառատեսակներով  դասագրքեր, տետրեր, ամսագրեր և  ձայնագրվում  <<Խոսող գրքեր>>,  ձայնալարերը  հեռացված  հաշմանդամություն ունեցող անձանց ապահովվում են ձայնաստեղծ սարքերով և այլն:

Հաշմանդամության  ոլորտին  վերաբերվող խնդիրների կարգավորումը նախարարությունը տեսնում է շահագրգիռ պետական մարմինների և հասարակության ակտիվ խմբերի ու հատկապես` հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: 
Ելնելով հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման գործընթացը համակարգելու, կանոնակարգելու և վերահսկելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008թ. փետրվարի 25-ի որոշմամբ ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային հանձնաժողով, որի գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելն է: Հանձնաժողովի ուշադրությունը բևեռվում է հատկապես այն ոլորտների վրա, որտեղ բացակայում են հաշմանդամություն ունեցող անձանց համար հնարավորությունների հավասարեցման գործընթացները:

Հայաստանի Հանրապետությունը 2007թ. մարտի 30-ին ստորագրել է ՄԱԿ-ի 2006թ-ի դեկտեմբերի 13-ին ընդունած <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին>> կոնվենցիան և նրան կից արձանագրությունը: Նշված փաստաթուղթը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2010թ. մայիսի 17-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ից: Ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման նպատակով իրականացվում են համապատասխան     քայլեր:
Մասնավորապես, մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որով հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված  քաղաքականությունը  և  օրենսդրությունը  համապատասխանեցվում է վերոնշյալ կոնվենցիային:
Նոր  օրենքի  ընդունումը  բխում է հաշմանդամության բժշկական մոդելից սոցիալական մոդելին անցման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունից սոցիալական ներառման և նրանց նկատմամբ ամեն տեսակ խտրականության բացառման քաղաքականության մշակման անհրաժեշտությունից:

Հաստատվել է <<Անձի բազմակողմանի գնահատման>> ԱՀԿ ֆունկցիաների միջազգային  դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 9-ի N 1 արձանագրային որոշումը:

 

Տարեցների  հիմնահարցերի  ոլորտ

 

Չնայած ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում վերջին տարիներին իրականացված բազմաթիվ ծրագրերին, քաղաքականության միջոցառումներին, ընդունված իրավական ակտերին, այդուհանդերձ ծերացման հիմնահարցերի ոլորտում դեռևս կան լուծում պահանջող բազում խնդիրներ, մասնավորապես.

1)տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում գործող սոցիալական ծառայությունների տրամադրման ներկա համակարգի կողմից՝ տարեցների սոցիալ-հոգեբանական, իրավական, առողջապահական, բնակարանային ապահովության կարիքները ամբողջ ծավալով բավարարելու անկարողությունը.

2)տարեցներին տրամադրվող սոցիալական ծառայությունների աշխարհագրորեն անհամաչափ  բաշխվածությունը  (դրանք հիմնականում տեղակայված են քաղաքային համայնքներում և սպասարկում են սահմանափակ թվով տարեցների).

3)Հայաստանում ակտիվ ծերացման ցուցանիշների ամբողջական հավաքագրման մեխանիզմի բացակայությունը. (ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական բաժանմունքի կողմից տարածաշրջանի երկրների ակտիվ ծերացման իրավիճակի գնահատման համար առաջարկված թվով 22 հիմնական ցուցանիշներով բնութագրվում են տարեցների զբաղվածության մակարդակը, նրանց մասնակցությունը հասարակական կյանքին, անկախ, առողջ և անվտանգ կյանքը, ակտիվ ծերացման համար հնարավորություններն ու բարենպաստ միջավայրը: Հայաստանի վարչական և հետազոտական տվյալների աղբյուրներով ներկայումս հավաքագրվում է ընդամենը 11 ցուցանիշ:  Քանի որ ժամանակակից հասարակություններում ակտիվ ծերացման ցուցանիշները համարվում են անհրաժեշտ գործիք տարեց մարդկանց ներուժի չափման համար, ուստի, Հայաստանում բացակայող ցուցանիշների մասով անհրաժեշտ է հնարավորություններ ձևավորել դրանց հաշվարկի և պարբերական գնահատման համար, օգտագործելով այդ ուղղությամբ առկա միջազգային փորձը).

4)խնամքի կարիք ունեցող տարեցներին մատուցվող սոցիալական և առողջապահական ծառայությունների անբավարար որակը և մատչելիությունը.

5)ծերաբուժական և բուժքույրական նեղ մասնագիտացված ծառայությունների բացակայությունը.

6)տարեցների՝ սեփական իրավունքների և գործող ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը.

7)տարեցների՝ առավել երկար աշխատանքային կյանքի ապահովման բավարար հիմքերի բացակայությունը.

8պետական և համայնքային մակարդակներում որոշումների կայացմանը տարեցների մասնակցության ապահովման մեխանիզմների բացակայությունը.

9)տարեցներին պատշաճ ծառայություններ մատուցելու համար պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստացվող ֆինանսավորման անբավարար լինելը.

10 պետական և ոչ պետական մարմինների  կողմից տարեցներին մատուցվող ծառայությունների տրամադրման գործընթացում միասնական մոտեցումների, ընդհանուր նվազագույն չափորոշիչների և կարգավորումների համակարգի ոչ լիարժեք լինելը.

11)պետության կողմից ոչ պետական կազմակերպություններին տարեցների խնամքի և աջակցության ծառայությունների պատվիրակման բավարար ռեսուրսների և  «մրցակցային» մեխանիզմների բացակայությունը.

 

12)տարեցներին խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների վճարովի և համավճարի սկզբունքով տրամադրման մեխանիզմների ու իրավական կարգավորումների անբավարար լինելը: