Երեքշաբթի, Ապրիլ 7, 2020
Գլխավոր Հարց ու պատասխան Հարց ու պատասխան/Կենսաթոշակային ապահովություն

Հարց ու պատասխան/Կենսաթոշակային ապահովություն

ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Հարց 1. Ովքե՞ր ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք:

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Հարց 2. Թիվ 1 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:

Թիվ 1 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Հարց 3. Թիվ 2 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:

Թիվ 2 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է  59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Հարց 4. Թիվ 3 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:

Թիվ 3 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Հարց 5. Թիվ 4 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:

Թիվ 4 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է  59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 4 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Հարց 6. Ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ (62 տարին լրանալու դեպքում) տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում: 

Հարց 7. Ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք:

Մասնակի կենսաթոշակ նշանակվում է`

1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.

2) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.

3) 1-ին և 2-րդ կետերում նշված այն անձանց, ովքեր մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), և լրացել է նրանց` սույն հոդվածով սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

Հարց 8. Ո՞ր ժամկետում և ի՞նչ կարգով անձը պետք է դիմի մասնակի կենսաթոշակ ստանալու համար:

Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

Հարց 9. Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում ո՞ր ժամանակաշրջաններն են հաշվառված:

Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մինչև 2003թ. օգոստոս 1-ը ներառյալ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը:

Օրինակ.

55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով:

Նրա աշխատանքային գործունեությունը բաղկացած է հետևյալ ժամանակահատվածներից.

1966-1968թթ.` ժամկետային զինծառայող,

1968-1972թթ.` մանկավարժական ինստիտուտի ուսանող,

1972-1975թթ.` թանգարանում էքսկուրսավար,

1975-1978թթ.` ուսումնարանում վարպետ,

1978-2009թթ.` դպրոցում մանկավարժ:

Նրան մասնակի կենսաթոշակ կնշանակվի 1972-1975թթ. և 1978-2003թթ. աշխատանքային ստաժի (28 տարի) համար:

Հարց 10. Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը:

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,

oդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթևեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթևեկության կառավարման աշխատանք,

ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Հարց 11. Ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել`

1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով, անկախ աշխատանքային ստաժից,

2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին և այլ աղետների հետևանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետևյալ աշխատանքային ստաժը.

Տարիքային խումբը Աշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով
մինչև 23 2 տարի
23-ից մինչև 26 3 տարի
26-ից մինչև 29 4 տարի
29-ից մինչև 32 5 տարի
32-ից մինչև 35 6 տարի
35-ից մինչև 38 7 տարի
38-ից մինչև 41 8 տարի
41-ից մինչև 44 9 տարի
44-ից բարձր 10 տարի

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:

Հարց 12. Ու՞մ է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը և ո՞ր

դեպքերում:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին.

1) 18 տարին չլրացած երեխային.

2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.

5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.

5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.

Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` վերը նշված անդամներին՝ անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից և ծառայության տևողությունից: Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է նաև.

1) զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:

Հարց 13. Ովքե՞ր ունեն ծերության նպաստի իրավունք:

Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:

Հարց 14. Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար:

Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: Այսպես. տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`

1) դիմումը,

2) անձը հաստատող փաստաթուղթը,

3) հանրային ծառայու­թյուն­­ների համարանիշը,

4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),

5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների և ամիuների,

6) լուuանկար (4 x 6 uմ չափի):

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձևը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:

Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների և նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:

Հարց 15.Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը:

Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`

  1. անձը չունի կենսաթոշակի իրավունք,
  2. կենսաթոշակի իրավունք ունեցող անձը,ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
  3. ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար: 

Հարց 16. Անչափահասին կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:

Անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ մինչև 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը, կամ հոգաբարձուն): Եթե անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

Հարց 17. Ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակը:

Կենսաթոշակ նշանակվում է`

  1. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից(բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից)` եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
  2. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից,եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում,
  3. կերակրողի մահվան(օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում,
  4. զինծառայությունից արձակվելու օրվանից,եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:

Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Հարց 18. Ի՞նչ ժամկետում պետք է նշանակվի կենսաթոշակը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

  1. նշանակել կենսաթոշակ,
  2. նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,
  3. մերժել կենսաթոշակ նշանակելը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը:

Հարց 19. Ինչպե՞ս է հաշվարկվում կենսաթոշակը:

Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:

Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,

Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

  1. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`

1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.

2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.

3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`

ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով.

բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով.

գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:

Օրինակ` 2020թ. հունվարի 1-ից`

1) 15 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի` 18000 + (10×950դրամ+(15-10) x 500դրամ) x 1,05 (գործակից) = 30600 դրամ:

2) 40 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 18000 + (10×950դրամ+(40-10) x 500դրամ) x 1,3 (գործակից) = 49850 դրամ:

Հարց 20. Ի՞նչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումումը, մինչև կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

Հարց 21. Ինչպե՞ս է հաշվարկվում հաշմանդամության կենսաթոշակը:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում՝

1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով,

2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է համապատասխանաբար՝

1-ին խմբի համար՝ 7200 դրամ (18000×40%),

2-րդ խմբի համար` 3600 դրամով (18000×20%):

Հարց 22. Ինչպե՞ս է հաշվարկվում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Հարց 23. Կենսաթոշակը ե՞րբ է վերահաշվարկվում:

  1. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից,

2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից,

3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից,

4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

  1. Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև`

1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Հարց 24. Ո՞ր դեպքում է վերահաշվարկվում աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը:

Աշխատող կենսաթոշակատռուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում: Ընդ որում, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Հարց 25. Ի՞նչ կարգով է վերահաշվարկվում կենսաթոշակը լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:

Հարց 26. Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը:

Աշխատանքային ստաժում հաշվարկվում են ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործու­նեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանա­կահատվածները:

Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:

Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչև 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

Հարց 27. Ինչպե՞ս է հաստատվում ստաժը` այն հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում:

Աշխատանքային գրքույկի կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ այն չլինելու դեպքում` դատական կարգով:

Հարց 28. Հաշմանդամ երեխային կամ 1-ին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի:

Հարց 30. Երեխային խնամելու ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում:

Սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև ծնողներից մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:

Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Հարց 31. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող վճարովի արձակուրդի ժամանակահատվածը հաշվառվո՞ւմ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում:

Եթե կինը հղիության կապակցությամբ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով նախատեuված աշխատանքից ժամանակավորապեu այլ աշխատանքի է տեղափոխվել նույն գործատուի մոտ կամ մինչև հարմար աշխատանքով ապահովվելը գտնվել է հարկադիր պարապուրդում, ապա այդ աշխատանքը կատարելու կամ չաշխատելու ժամանակահատվածները մինչև երեխայի երկու տարեկան դառնալը հաշվառվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային uտաժում:

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում` առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:

Հարց 32. Գործազրկության ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում:

Աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն գործազրկության նպաստ ստանալու ժամանակաշրջանը:

Հարց 33. Դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ արտասահմանում համատեղ ապրած ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժ:

Օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած ամուսնու հետ արտասահմանում համատեղ ապրած ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում, սակայն 5 տարուց ոչ ավելի, այդ ժամանակահատվածը հաստատվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տված տեղեկանքով:

Հարց 34. Ո՞ր տարիքից է հաշվարկվում աշխատանքային ստաժը:

Աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են ՀՀ օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաև «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգևատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը՝ սկսած 14 տարեկանից:

Հարց 35. Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է հաշվարկվում աշխատանքային ստաժը:

Մինչև 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ ՀՀ կառավարության սահմանած այլ փաստաթուղթը, իսկ 1992թ. հունվարից մինչև 2013թ. հունվարի 1‑ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են տեղեկանքներ, հրամանների քաղվածքներ, աշխատավարձի անձնական քարտեր, աշխատավարձի հաշվացուցակներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների ծագման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր:

Հարց 36. Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում բացթողնված ի՞նչ ժամանակահատվածի համար է կենսաթոշակ վճարվում:

Եթե անձը բաց է թողել հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը և այդ ժամկետից հետո` 3 ամսվա ընթացքում, վերստին հաշմանդամ է ճանաչվել, ապա կենսաթոշակը բաց թողնված ժամանակահատվածի համար վճարվում է, ընդ որում` նախկին չափով: Այդ ժամկետը 3 ամսից ավելի բաց թողնելու և վերստին հաշմանդամ ճանաչվելու դեպքում բաց թողնված ժամանակահատվածի համար կենսաթոշակ չի վճարվում:

Հարց 37. Ի՞նչ չափով է վճարվում կենսաթոշակը բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող ծնողազուրկ երեխային:

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող ծնողազուրկ երեխային վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները մինչև երեխայի չափահաս դառնալը կուտակվում են նրա անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի չափահաս դառնալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում են միանվագ կարգով:

Հարց 38. Ի՞նչ չափով է վճարվում կենսաթոշակը բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին:

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը:

Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող, խնամակալական կազմակերպությունում ապրողներին նպաստ չի վճարվում:

Հարց 39. Որքա՞ն ժամանակ է կենսաթոշակը վճարվում լիազորագրով:

Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

Դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:

Հարց 40. Կենսաթոշակը լիազորագրով վճարվու՞մ է:

Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ վճարվում է 12 ամիս` սկսած այն ամսից, երբվանից կենսաթոշակառուն կենսաթոշակ չի ստացել: Կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:

Հարց 41. Ե՞րբ է դադարեցվում կենսաթոշակ վճարելը:

Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, եթե կենսաթոշակառուն`

  1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է`

1) կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

2) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.

3) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում.

4) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու դեպքում.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում.

7) օտարերկրյա քաղաքացուն այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում.

8) կենսաթոշակի իրավունքը կորցնելու կամ կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.

9) Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում.

10) կենսաթոշակառուի` իր կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում.

11) անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում:

Հարց 42. Չստացված կենսաթոշակի գումարները ո՞ր ժամանակահատվածի համար են վճարվում:

Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:

Հարց 43. Ինչպե՞ս է վճարվում կենսաթոշակը, եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը:

Եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը և այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

Հարց 44. Դադարեցված կենսաթոշակի վճարումը ե՞րբ է վերսկսվում:

Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է, եթե`

1) դատարանը որոշում է կայացրել կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ. այս դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից,

2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, անձը կրկին հաշմանդամ է ճանաչվել, և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացվել է անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքը. այս դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է հաշմանդամ ճանաչվելու օրվանից, իսկ այդ ժամկետից հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` անձի գրավոր դիմումի հիման վրա,
3) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի վճարումը դադարեցնելու oրվանից, եթե ուuման մաuին ուuումնական հաuտատությունից տեղեկանք է ներկայացվում այդ oրվանից հետո` 3 ամuվա ընթացքում, իuկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամuին հաջորդող ամuվա 1-ից,

4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենuաթոշակ նշանակված լինելու դեպքում` անձի տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալու ամuին հաջորդող ամuվա 1-ից:
Դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

Հարց 45. Ու՞մ և ի՞նչ կարգով է վճարվում կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը:

Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման:

Հարց 46. Կենսաթոշակառուի մահվան դեպքում ի՞նչ հիմքով և ի՞նչ չափով է վճարվում թաղման նպաստը:

Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվողթաղման նպաստի չափը սահմանվել է 200000 դրամ:

Հարց 47. Լրացել է անձի հաշմանդամության ժամկետը, բայց նա բժշկասոցիալական վերափորձաքննության համար չի դիմել ու մահացել է: Նրա հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ վճարվու՞մ է:

Այո, վճարվում է, եթե հաշմանդամ ճանաչված անձը հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում չի ներկայացել վերափորձաքննության և մահացել է:

Հարց 48. Անձը ճանաչվել է հաշմանդամ, բայց կենսաթոշակ ստանալու համար չի դիմել և մահացել է: Հուղարկավորությունը կատարած անձը իրավունք ունի՞ ստանալ թաղման նպաստ:

Հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին սահմանված կարգով վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո, երեք ամսվա ընթացքում:

Հարց 49. Կենսաթոշակից ի՞նչ չափով պահումներ կարող են կատարվել:

Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի.

2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:

Հարց 50. Եթե քաղաքացու անձնագրում և աշխատանքային գրքույկում ազգանունները չեն համընկնում, կենսաթոշակ նշանակելիս ի՞նչ լրացուցիչ փաստաթուղթ պետք է ներկայացվի:

Այս դեպքում փաստաթուղթը տվյալ անձին պատկանելու փաստը հաստատվում է ամուսնության վկայականով կամ անունը, կամ հայրանունը, կամ ազգանունը փոխելու մասին վկայականով, կամ դատական կարգով:

Հարց 51. Եթե քաղաքացու անձնագրում նշված չեն նրա ծննդյան ամիսը ևօրը, ո՞ր ժամկետից նրան պետք է կենսաթոշակ նշանակվի:

Եթե քաղաքացու անձնագրում նշված է միայն ծննդյան տարեթիվը` առանց ամuվա և oրվա, ապա ծննդյան ամիu և oր է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ օրը` համապատասխան ամսվա 15-ը:

Հարց 52. Ինչպե՞ս կարելի է բողոքարկել կենսաթոշակին վերաբերող որոշումները:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` կենսաթոշակին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png