Հետազոտություններ

“Գործող կենսաթոշակային համակարգի առկա վիճակի բացահայտում”

“Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ” ՊՈԱԿ-ի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բաժինն իրականացնում է “Գործող կենսաթոշակային համակարգի առկա վիճակի բացահայտում” թեմատիկ հետազոտություն: Հետազոտությունը, բացի սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում` կենսաթոշակառուներին տրամադրվող այլ դրամական և ոչ դրամական նպաստների հաշվառմամբ կենսաթոշակառուների սոցիալական վիճակի ուսումնասիրություններից, նպատակ ունի  ներկայացնելու  կենսաթոշակառուների սոցիալ-ժողովրդագրական պատկերը, կենսաթոշակառուն հասարակությունում և ընտանիքում,  գնահատել հիմնական  կարիքները, ներկայացնել նրա ակնկալիքները պետական քաղաքականությունից: Հետազոտությունները կատարվել են  հանրապետության  Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի, Տավուշի մարզերում  և Երևան քաղաքում: Նշված մարզերն ընտրվել են բնակչության թվաքանակում կենսաթոշակառուների տեսակարար կշիռների, կենսաթոշակի տարբեր տեսակներում կենսաթոշակառուների թվաքանակների, բնակչության մեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների տեսակարար կշիռների, մակրոտնտեսական և  ժողովրդագրական ցուցանիշների հաշվառմամբ:

Հետազոտության խնդիրներն են`

  1. Կենսաթոշակառուների ընտանիքների բնակկենցաղային պայմանների, եկամուտների և ծախսերի սոցիալական աջակցության տարբեր ձևերով պետության կողմից տրամադրված լրացուցիչ միջոցների, դրանց անհրաժեշտության, հասցեականության և բավարարվածության մասին բնակչության կարծիքի, ինչպես նաև հարազատների, պետական, համայնքային մարմինների, գործատուների և բարեգործական կազմակերպությունների կողմից սոցիալական աջակցության տարբեր ծրագրերով տրամադրված միջոցների միջին չափերի և ընտանիքին հասանելի սոցիալական միջին աջակցության գնահատումը:
  2. Սոցիալական, առողջապահական և կրթական ծառայությունների մատչելիությունը և դրանց մատուցման նկատմամբ շահառուների ամփոփ կարծիքների մասին տեղեկատվության հավաքագրումը:
  3. Հարցվածների տարբեր շերտերի կողմից իրենց  անմիջական շահերին առնչվող կենսաթոշակային օրենսդրությունը, մասնավորապես, կենսաթոշակային համակարգում իրենց իրավունքների և մասնակցության վերաբերյալ  իրազեկվածության աստիճանի բացահայտումը:
  4. Տարբեր սեռատարիքային խմբերին պատկանող կենսաթոշակառուների և կենսաթոշակային գործող համակարգի նկատմամբ գոյություն ունեցող վերաբերմունքի, մարդկանց հոգեկերտվածքում և արժեքային համակարգում կատարված սոցիալ-տնտեսական և սոցիալ-հոգեբանական փոփոխությունների գնահատումը: