ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը ներկայացնում է 2006 թվականի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը

ՀՀ աշխատանքի պետական տեսչության հիմնական գործառույթն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնել գործատուների կողմից ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ:
Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է կենտրոնական ապարատի և 11 տարածքային կենտրոնների միջոցով: ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը ունի 149 հաստիք, որոնցից 131 քաղաքացիական ծառայության պաշտոններ են:
2006 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչության բոլոր ստորաբաժանումների կողմից կազմակերպվել է օրական ավելի քան 100 քաղաքացիների ընդունելություն և հեռախոսազանգերի պատասխանում, որոնցից յուրաքանչյուրին տրվել է անհատական խորհրդատվություն կոնկրետ դեպքերի համար:
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի լուսաբանման նպատակով տեսչությունը յուրաքանչյուր մարզում, նաև Երևան քաղաքի տարբեր թաղային համայնքներում կազմակերպել և անցկացրել է սեմինար պարապուքներ գործատուների համար, մասնակցել է հանրապետական ճյուղային արհմիությունների կողմից կազմակերպված սեմինար–քննարկումներին: Յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրերին տեսչությունում անցկացվում են քաղաքացիների և գործատուների ներկայացուցիչների ընդունելություններ, որոնց ընթացքում տրվում է անհատական խորհրդատվություն կոնկրետ դեպքերի համար: Սեմինար անցկացնելու և աշխատակիցների վերապատրաստում իրականացնելու աշխատանքները կկրեն պարբերական բնույթ և կշարունակվեն նաև 2007 թվականին:
2006 թվականի ընթացքում ստեղծվել է աշխատանքի պետական տեսչության էլեկտրոնային կայքը (www. apt.am), որը պարբերաբար փոփոխվում և լրացվում է:

Տեսչական ստուգումների, թույլ տրված խախտումների, կիրառված վարչական տույժերի, արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն

1. Տեսչական ստուգումներ և գործատուներին ներկայացված միջնորդագրեր.
2006թթ. ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը քաղաքացիներից ստացել է աշխատանքային օրենսդրության խախտումներին առընչվող 105 դիմում-բողոք, որոնցում առկա բավարար հիմքերի հիման վրա իրականացվել են ըստ անհրաժեշտության ստուգումներ, հարուցվել է վարչական վարույթ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ընդունվել են վարչական ակտեր խախտված իրավունքների վերականգնման նպատակով: Նշված ակտերից միայն երկուսն են բողոքարկվել դատական կարգով, սակայն դատարանը բողոքները համարել է անհիմն և մերժել է դրանց բավարարումը:
2006թթ. ընթացքում իրականացվել է 4680 տեսչական ստուգումներ, որից 4569 ծրագրային և 111 ըստ անհրաժեշտության: Ստուգումների արդյունքում կազմվել է 4300 ակտ և 202 տեղեկանք, որի արդյունքում նշանակվել է 358.275.322 ՀՀ դրամ վարչական տուգանք, գրվել է 178 զեկուցագիր ստուգումը իրականացնելու անհնարինության վերաբերյալ: Գործատուներին է ներկայացվել 136 միջնորդագրեր աշխատողների իրավունքները վերականգնելու վերաբերյալ:

2. Թույլ տրված խախտումներ և կիրառված վարչական տույժեր.
Ստուգումների արդյումքում արձանագրվել է աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման ավելի քան 7500 դեպք, որից 6446-ի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ:

Մասնավորապես, արձանագրված իրավախախտումներն ըստ բնույթի տարաբաշխվել են հետևյալ կերպ.

  • աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտում` 1025դեպք, վարչական տուգանք 102.500.000 ՀՀ դրամի չափով,
  • չձևակերպված աշխատողներ (այսինքն, առանց աշխատանքային պայմանագրի կատարվող աշխատանք կամ աշխատանքային օրենսդրության պահանջների խախտումով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանք)` 2671 դեպք, որից 338-ը թաքնված աշխատող, վարչական տուգանք 133.550.000 ՀՀ դրամի չափով,
  • առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտի չկրելը` 944 դեպք, վարչական տուգանք 47.200.000 ՀՀ դրամի չափով,
  • աշխատանքային պայմանագրերը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցել կամ խախտումեվ վարել, ինչպես նաև պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքի վարման կարգի խախտում` 27 դեպք, վարչական տուգանք 2.700.000 ՀՀ դրամի չափով,
  • գործատուի կողմից աշխատավարձի չհաշվարկում կամ չվճարում` 252 դեպք, վարչական տուգանք 36.835.322. ՀՀ դրամի չափով,
  • հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների, բնապահպանական տեսչական մարմինների, աշխատանքի պետական տեսչության աշխատանքին խոչընդոտում` 3 դեպք, վարչական տուգանք 300.000 ՀՀ դրամի չափով,
  • առանց անձնագրի և առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման աշխատանքի ընդունում` 340 դեպք, վարչական տուգանք 6.800.000 ՀՀ դրամի չափով,
  • սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգի խախտում` 1027 դեպք, վարչական տուգանք 20.540.000 ՀՀ դրամի չափով:
  • Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը` 157 դեպք, վարչական տուգանք 7.850.000 ՀՀ դրամի չափով:

3. Արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների թվաքանակ.
Գործատուների կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվությունների համաձայն հանրապետությունում գրանցվել է 26 դժբախտ դեպք, իսկ 59 աշխատող ձեռք է բերել մասնագիտական հիվանդություն:

Տեսչության պետ` Հ. Հարությունյան

ԿԻՍՎԵԼ