Անցկացվեց «Կառավարության և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունն ու սոցիալական գործընկերության ներկա փորձը» թեմայով քննարկում

Ապրիլի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման (ՍՊՀՀ) ծրագրի աջակցությամբ, կազմակերպել էր կլոր սեղան, որի նպատակն էր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել կառավարության և սոցիալական ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության կայացման խնդիրները:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ հարկային պետական ծառայության, տեղական և միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ:
Նախ, մասնակիցներին ողջունեցին ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան Սոցիալական բարեփոխումների գրասենյակի ժամանակավոր պաշտոնակատար Վոլոդիմիր Յացենկոն, ԱՄՆ ՄԶԳ ՍՊՀՀ ղեկավար Էմի Ռեմմը: Նրանք կարևորելով այս նախաձեռնությունը` հույս հայտնեցին, որ շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկումները հնարավորություն կտան մոտ ժամանակում արդեն կառավարության և ՀԿ-ների միջև փոխշահավետ համագործակցության նոր արդյունքներ արձանագրել: «Առանձնացնելով կողմերի կարողություններն ու հնարավորությունները` միգուցե և անհրաժեշտություն լինի մշակել առաջարկությունների և նոր մոտեցումների փաթեթ` իրավական դաշտում խոչընդոտները բացառելու համար»,- ավելացրեց դոկտոր Ռեմմը:
Բանախոսների դերում հիմնականում հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, իրավաբանական վարչության պետ Հովանուշ Գորոյանը, ՍՊՀՀ ծրագրի սոցիալական աջակցության փորձագետ Կարինե Բուվրի Բոյախչյանը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացի կարգավորման բաժնի պետ Սերգեյ Շահնազարյանը, ՀԿ-ների ներկայացուցիչներ և սոցիալական, իրավական ոլորտի փորձագետներ: Իրենց զեկույցներում բանախոսներն անդրադարձան, հատկապես, Հայաստանում իրականացվող սոցիալական գործընկերության ներկա փորձին, մեխանիզմներին և խնդիրներին: Վերջինիս շարքում նշվեցին իրավական ու ֆինանսական կողմերը, ինչի լուծման համար կարևորվեց ոլորտի օրենսդրական կարգավորումը:
Արդյունքում, հստակեցվեցին կառավարության և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության մեխանիզմներն ու մեթոդները` կարևորելով այդ համագործակցության ընթացքում միջազգային փորձը:
Փոխշահավետ քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու մոտեցումները գրանցվեցին` դրանք խմբավորվելու և հրապարակելու նպատակով: Այս ուղղությամբ սկսած աշխատանքներն ավարտին հասցնելու համար` որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ օրենսդրության և իրակավական դաշտի վերաբերյալ առաջարկությունները մշակելու և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:

ԿԻՍՎԵԼ