Սոցիալական գործընկերների և Աշխատանքի միջազգային կազմակերպության միջև ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի մասին փաստաթուղթը

Մարտի 26-ին ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) միջև ստորագրվեց ՀՀ և ԱՄԿ 2007-2011թթ. համագործակցության «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի մասին փաստաթուղթը:
Ստորագրող կողմերը ներկայացնում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Մարտին Հարությունյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Արսեն Ղազարյանը, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վերներ Կոնրադ Բլենկը:
Դեռ 2004-2006թթ. սոցիալական գործընկերների և ԱՄԿ-ի միջև ստորագրվեց տեխնիկական համագործակցության առաջին համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանը սկսեց ԱՄԿ կոնվենցիաների վավերացման ակտիվ գործընթացը: Մեկնարկող «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը համագործակցության շարունակությունն է, որը նպատակ ունի խրախուսել արժանապատիվ աշխատանքը` որպես երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության զարգացման կարևոր բաղադրիչ:
Ծրագիրը բխում է սոցիալական գործընկերների և ԱՄԿ քաղաքականության գերակայություններից և սահմանում է համագործակցության 2007-2011թթ. ռազմավարությունը: «Արժանապատիվ աշխատանք» ծրագրում նախանշված գերակա ուղղություններն են`

  1. զբաղվածության քաղաքականության կատարելագործումը,
  2. սոցիալական գործընկերության ամրապնդումը,
  3. սոցիալական պաշտպանության կատարելագործումը:

ԱՄԿ-ն կաջակցի ՀՀ կառավարությանը և սոցիալական մյուս գործընկերներին աշխատաշուկայի քաղաքականության մշակման և իրականացման գործում: Աշխատանքի պաշտպանության հարցերը կարգավորող օրենսդրության կատարելագործման և գործնականում կիրարկման հարցերում կցուցաբերվի տեխնիկական խորհրդատվություն, կանցկացվեն կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ, կհստակեցվի աշխատավարձի սահմանման քաղաքականությունը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել Աշխատանքի անվտանգության և առողջության (ԱԱԱ) հայեցակարգ և համանուն ազգային ծրագիր, որն ուղղված կլինի աշխատանքի ժամանակ աշխատողների անվտանգության ապահովմանը, առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ստեղծմանը: Այդ նպատակով աջակցություն կտրվի ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը:
Մոտեցումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման հարցին կներառի պետական և մասնավոր աշխատատեղերում իրականացվող միջոցառումներ. իրազեկության բարձրացում և քարոզչական աշխատանք կառավարության, գործատուների, աշխատողների և նրանց կազմակերպությունների շրջանում:
Ազգային եռակողմ գործընկերներին ԱՄԿ-ն կաջակցի նաև թիվ 138 և թիվ 182 կոնվենցիաների կիրարկման հմտությունների ձեռք բերման հարցում` նպատակ ունենալով մշակել և իրականացնել Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ:

ԿԻՍՎԵԼ