Մեկնարկում է «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդման» ծրագիրը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ-ի և «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդման» ծրագրի շրջանակներում ընտրված «Սերվիս գրուպ» (TSG) ընկերության պատասխանատուներին: ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ կազմակերպությունը 2007 թվականից իրականացնելու է հանրապետությունում սոցիալական ոլորտի բարեփոխումների երկրորդ փուլը:

Նախարարը ողջունելով կազմակերպության մուտքը` կարևորեց վերջին տարիներին սոցիալական ոլորտի բարեփոխումների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությամբ կատարված աշխատանքները և հույս հայտնեց, որ նոր ընտրված կազմակերպությունը կշարունակի և կզարգացնի Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի ձեռքբերումները: Նախարարը նշեց այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ ակնկալվում է լուրջ համագործակցություն առաջիկա տարիներին: Դրանք են` սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումները, զբաղվածության և սոցիալական աջակցության ոլորտների զարգացումը, հանրային իրազեկումը: Բացի նախանշված ուղղություններից, ծրագրում կընդգրկվեն նաև «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի, ՀՀ աշխատանքի պետական տեսչության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կարողությունների հզորացման հարցերը:

Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով նախարարի հրամանով կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ:

ԿԻՍՎԵԼ