Անօթևանների սոցիալական սպասարկման կենտրոնում այսօր ժամանակավոր խնամվում է 43 անձ

Արդեն երկրորդ տարին է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների թիվ 1 տուն-ինտերնատին կից գործում է անօթևան անձանց սպասարկման կենտրոնը: 2006 թվականին ՀՀ պետական բյուջեով ժամանակավոր կացարանի ստեղծման համար հատկացվեց շուրջ 87 մլն. դրամ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագրի իրականցումը սկսեց նախատեսված ժամկետից շուտ` հաշվի առնելով 2006-ի ցրտաշունչ ձմեռը և անօթևան մարդկանց առավել ծանր վիճակը: 2006թ. հունվարի 23-ի դրությամբ անօթևանների ժամանակավոր կացարանում արդեն սպասարկվում էր 15 քաղաքացի, որոնց տրամադրվեց հագուստ, սնունդ: Կացարանի ժամանակավոր բնակիչները ստանում էին նաև սանիտարահիգիենիկ ծառայություններ:

Այսօր արդեն կենտրոնը գործում է վերանորոգված շենքում, որը համապատասխանում է անօթևանների ժամանակավոր կացարանի պահանջներին: Փետրվարի 1-ի դրությամբ այստեղ իրականացվում է 43 անօևանի սոցիալական սպասարկում:

Կենտրոնում անօթևան անձինք ստանում են օրը 3 անգամ սնունդ, բժշկական, սոցիալական, իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ: Որոշ դեպքերում, որպես միայնակ տարեցներ, նրանք տեղավորվում են տուն-ինտերնատներում:

Շահառուների տեղավորման և սպասարկման գործընթացը շարունակվում է: Նախարարությունը փորձում է հարցի լուծման գործընթացում ներգրավել նաև շահագրգիռ կազմակերպությունների:

ԿԻՍՎԵԼ