ՀՀ աշխատանքի պետական տեսչության 2006թ. կատարած աշխատանքները և արդյունքները ներկայացրեց տեսչության պետ Հարություն Հարությունյանը` հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում

ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը ստեղծվել է 2004թ., որի հիմնական գործառույթն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնել գործատուների կողմից ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի պահպանման նկատմամբ: Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Երևանում և հանրապետության տարբեր համայնքներում ստեղծված 11 տարածքային մարմինների միջոցով: Համակարգի կայացման նպատակով մեծ ուշադրություն է դարձվում աշխատակազմի մասնագիտական վերապատրաստմանը և կառույցի տեխնիկական վերազինմանը: Այդ նպատակով զարգանում է արդյունավետ համագործակցություն օտարերկրյա պետությունների նմանատիպ կառույցների հետ: 2006թ. նոյեմբերին տեսչությունը համալրվել է շարժական տեխնիկայով և անհրաժեշտ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների, այդ թվում` վտանգավոր քիմիական նյութերի, ռադիացիոն ճառագայթման մակարդակի, փոշու, աղմուկի նկատմամբ իրականացնել վերահսկողություն, ստուգել թույլատրելի սահմանային չափանիշներին դրանց համապատասխանությունը:
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի լուսաբանման նպատակով տեսչությունը յուրաքանչյուր մարզում, նաև Երևան քաղաքի տարբեր թաղային համայնքներում կազմակերպել և անցկացրել է սեմինարներ գործատուների համար, մասնակցել է հանրապետական ճյուղային արհմիությունների կողմից կազմակերպված սեմինար–քննարկումներին: Յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրերին տեսչությունում անցկացվում են քաղաքացիների և գործատուների ներկայացուցիչների ընդունելություններ, որոնց ընթացքում տրվում է անհատական խորհրդատվություն կոնկրետ դեպքերի համար: Ի դեպ, ընդունելության համար դիմել և խորհրդատվություն է ստացել օրական միջինը 5-7 քաղաքացի և գործատուի ներկայացուցիչ:
2005-2006թթ. ընթացքում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը քաղաքացիներից ստացել է աշխատանքային օրենսդրության խախտումներին առնչվող մոտ 347 դիմում-բողոք, որոնցից 299-ում առկա բավարար հիմքերի հիման վրա իրականացվել են ըստ անհրաժեշտության ստուգումներ, հարուցվել է վարչական վարույթ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ընդունվել են վարչական ակտեր խախտված իրավունքների վերականգնման նպատակով: Նշված ակտերից միայն երկուսն են բողոքարկվել դատական կարգով, սակայն դատարանը բողոքները համարել է անհիմն և մերժել է դրանց բավարարումը:
2005-2006թթ. ընթացքում իրականացվել է 4816 ծրագրային և 299 ըստ անհրաժեշտության ստուգում, որոնց արդյունքում վարչական տուգանքի տեսքով պետբյուջե է գանձվել 304.181.341 ՀՀ դրամ:
Մասնավորապես, արձանագրված իրավախախտումներն, ըստ բնույթի, տարաբաշխվել են հետևյալ կերպ.

  • աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտում` 1111 դեպք, վարչական տուգանք 102.150.000 ՀՀ դրամի չափով,
  • չձևակերպված աշխատողներ (այսինքն, առանց աշխատանքային պայմանագրի կատարվող աշխատանք կամ աշխատանքային օրենսդրության պահանջների խախտումով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանք)` 1167 դեպք, վարչական տուգանք 58.350.000 ՀՀ դրամի չափով,
  • առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտի բացակայություն` 1025 դեպք, վարչական տուգանք 51.250.000 ՀՀ դրամի չափով,
  • աշխատանքային պայմանագրերը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցել, ինչպես նաև պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքի վարման կարգի խախտում`222 դեպք, վարչական տուգանք 22.200.000 ՀՀ դրամի չափով,
  • գործատուի կողմից աշխատավարձի չհաշվարկում և/կամ չվճարում` 101 դեպք, վարչական տուգանք 39.681.341. ՀՀ դրամի չափով,
  • հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների, բնապահպանական տեսչական մարմինների, աշխատանքի պետական տեսչության աշխատանքին խոչընդոտում` 22 դեպք, վարչական տուգանք 2.200.000 ՀՀ դրամի չափով,
  • առանց անձնագրի և առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման աշխատանքի ընդունում` 601 դեպք, վարչական տուգանք 12.030.000 ՀՀ դրամի չափով,
  • սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգի խախտում` 816 դեպք, վարչական տուգանք 16.320.000 ՀՀ դրամի չափով:

Ի դեպ, մշակվել և գործում է ՀՀ աշխատանքի պետական տեսչության www.apt.am հասցեով ինտերնետային կայքը:

ԿԻՍՎԵԼ