Քննարկվել են տեղահանված կարիքավոր սիրիահայերի սոցիալական խնդիրները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի  4-ին ընդունել է  Հայաստանի Ռեդվուդ ծրագրի տնօրեն Ռաֆֆի Արդհալջյանին, Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանին և «Առաքելության Արևելք» կազմակերպության ներկայացուցչին:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են «Հրատապ բնակարանային աջակցություն տեղահանված սիրիահայ ընտանիքներին» ծրագիրը, որը պետք է նպաստի Սիրիայից տեղահանված կարիքավոր ընտանիքների հումանիտար իրավիճակի բարելավմանը Հայաստանում:  Ներկայացվել է նաև ծրագրում սոցիալական աշխատողի ներգրավածությունն ու դերը, ինչպես նաև նրանց վերապատրաստման գործընթացը:

Ողջունելով ծրագրի միջոցով տեղահանված սիրիահայերի  բնակարանային խնդիրները լուծելու պատրաստակամությունը՝  նախարարը նշել է, որ  կենսաթոշակների, նպաստների համակարգում,  պետական զբաղվածության ակտիվ ծրագրերում սիրիահայերն ամբողջապես ներգրավված  են և մեր քաղաքացիների հետ հավասար օգտվում են բոլոր ծառայություններից:

Ընդգծելով սիրիահայերի խնդիրների լուծման գործում սոցիալական աշխատողի դերը՝ նախարարը նշել է.  «Իհարկե այսօր ունենք ձևավորված միջգերատեսչական կանոնակարգեր, իրավական ակտեր, սակայն ամենակարևոր աշխատանքը պետք է սոցիալական աշխատողն իրականացնի, նա պետք է լինի ուղղակի կենտրոնում և  մարդուն  ցույց տա  անհրաժեշտ ծառայություններից օգտվելու  ճանապարհները»:

Հանդիպման ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է նաև սոցիալական բնակարանային ֆոնդ ստեղծելու  ծրագրի նախագիծը, քննարկվել են երկու ծրագրերի շրջանակներում համագործակցության եզրերը, հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիան և հետագա համատեղ աշխատանքների ձևաչափը:

ԿԻՍՎԵԼ