Սահմանվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում հնարավոր է ստանալ կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  ՀՀ կառավարության  սեպեմբերի 17-ի նիստում ներկայացրել է  «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Որոշումն ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:

 

Օրենքի 56-րդ հոդվածով սահմանվել է այն հիվանդությունների ցանկը, որոնցով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում  կուտակային բաղադրիչի մասնակիցը, ՀՀ առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա, կարող է դիմել ռեեստրը վարողին՝ կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:

 

Նույն հոդվածով սահմանված են այն պայմանները, որոնցից  գոնե մեկի առկայության դեպքում մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ: Այդ պահանջը մասնակիցը կարող է ներկայացնել ինչպես նախքան կենսաթոշակային տարիքը (63 տարին) լրանալը, այնպես էլ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո` ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը (կուտակային կենսաթոշակների տեսակներն են՝ անուիտետները, ծրագրային վճարները, միանվագ վճարները):

 

Նույն հոդվածով սահմանված  պայմաններից է ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալը (վիճակներում գտնվելը): Այս դեպքում մասնակիցն իր  կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի իրավունքը ձեռք է բերում ՀՀ առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա:

 

Կուտակային բաղադրիչի մասնակցի դիմումը և համապատասխան հիմնավորող փաստաթղթերը ստանալուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը մարում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը և համապատասխան միջոցները միանվագ վճարում  մասնակցին:

 

Սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով:

ԿԻՍՎԵԼ