Ներկայացվել են կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվության ստացման ձևերը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին է ներկայացվել Կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվության ստացման ձևերը:

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի մասնագետները հանդիպման մասնակիցներին մանրամասնորեն ներկայացրել են կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվության ձևերն ու այն  տեղեկությունները, որոնք կարևոր են մասնակցի համար: Մասնավորապես, անհատական հաշվին առկա կենսաթոշակային խնայողությունների չափը, նախորդ տարվա ընթացքում մասնակցի և պետության կողմից մասնակցի համար կատարված հատկացումների չափը, կառավարման արդյունքում վաստակած եկամտի չափը, կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի անվանումը:

Նշելով տարեկան հաշվետվության ստացման կարևորությունը՝ մասնագետները հավաստել են, որ անհատական միջոցների կառավարման գործընթացում անձի ներգրավումը նպաստում է խնայողությունների առավել արդյունավետ կառավարմանը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը տարին մեկ անգամ՝ մինչև ապրիլի 15-ը, անվճար ստանում է իր կենսաթոշակային հաշվի նախորդ տարվա հաշվետվությունը: Այն առաջին անգամ ուղարկվում է բոլոր մասնակիցներին, իսկ երկրորդ և հետագա տարիների դեպքում տարեկան հաշվետվություն ստանալու համար հարկավոր է ներկայացնել դիմում: Մասնակիցը հաշվետվությունը կարող է ստանալ թղթային կամ էլեկտրոնային փոստով: Հաշվետվությունը ստանալու թղթային եղանակը ընտրելու դեպքում նա վերոնշյալ դիմումը պետք է ներկայացնի յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը: Էլեկտրոնային եղանակը ընտրելու պարագայում հետագա տարիներին այլևս լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր. կենսաթոշակի վաղաժամ տրամադրման կարգ, ֆոնդի կառավարչի փոփոխություն, հարկային հաշիվների փոխանցումներ, անձի քաղաքացիության փոփոխության ընթացքում կուտակած կենսաթոշակի տրամադրում, ֆոնդի կառավարչի գործողությունների նկատմամբ վստահության գործոնի առկայություն:

ԿԻՍՎԵԼ