«Եկել է ժամանակը, որ ամեն մեկն իր արածի համար պատասխան տա»

Ուղիղ 25 տարի առաջ կերտվեց անկախ Հայաստանը, եւ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորները դարձան մեր նոր հանրապետության անդրանիկ օրենսդիրները: Անկախության ակունքներում կանգնած գործիչներից շատերն այսօր քաղաքականության մեջ այլեւս չկան, մի քանիսն էլ պարփակվել է իրենց մեջ ու բավարարվել հայոց պատմության մեջ իրենց անունի հիշատակմամբ: Մինչդեռ, ՀՀ ԳԽ պատգամավոր, ՀՀ ԳԽ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ ՆԱՐԻՆԵ ԲԱԼԱՅԱՆԸ, որը եղել է «Ազատ խորհրդարանականներ» պատգամավորական խմբի անդամ, այսօր էլ շարունակում է պետական, հասարակական օղակներում իր համեստ միջոցներով լուծել մեր երկրի առաջ ծառացած սոցիալական խնդիրները: «Իրավունքի» հետ զրույցում հիշելով պատգամավորական տարիները` տիկին Բալայանը նշեց, որ սոցիալական ծանր տարիներ էին եւ այդ իրավիճակում, լինելով տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ԳԽ անդամները գործել են հանուն պետության:

 

«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՈՉ ՈՔ ՈՉ ՄԵԿԻ ՄԵՋՔԻՆ ՉԷՐ ԿԱՆԳՆՈՒՄ»

 

– Կապ չուներ, թե ով որ կուսակցությունն էր ներկայացնում, եւ եթե ոչ 100 տոկոսը, ապա 90-ը հաստատ այն տարիներին մտածում էր պետության մասին եւ գործում էր այդպես: Այդ տարիներին շատ հարցերում ինքս բանավիճում էի շատ ՀՀՇ-ականների հետ, բայց, մեկ է, կարողանում էինք ընդհանուր հայտարարի գալ: Մեր Գերագույն խորհուրդը տարբերվում էր այսօրվա Ազգային ժողովից նախ նրանով, որ այսօր ամենից ներքին օղակում են գրում օրենքները, իսկ այն գալով կառավարություն` ասում են` փող չունենք, այսքանը կրճատեք, իսկ այն ժամանակ մենք` պատգամավորներս էինք գրում օրենքներն ու համաձայնեցնում նախարարների հետ: Եվ եթե պետք էր լինում, նախարարի հետ ազդում էինք կառավարության որոշման վրա: Այո, նախարարը կառավարության ներկայացուցիչն էր, բայց ինքն էլ էր այն ժամանակ պատգամավորների հետ աշխատում: Հիշում եմ` այն ժամանակ, երբ ուզում էի անցկացնել «Հաշմանդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը, ինձ վրա ծիծաղում էին, քանի որ ասում էի` մինիմալ թոշակը մինիմալ աշխատավարձի չափով պետք է լինի, սակայն կարողացա անցկացնել: Այն ժամանակվա ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին ապացուցում էի, որ սա պետք է, որովհետեւ վաղը բոլորս էլ ծերանալու ենք, եւ չկա մի երկիր, անգամ` աֆրիկական, որտեղ տարեցներին ու հաշմանդամներին թոշակ չտան:

 

– Լինելով Գերագույն խորհրդի այն քիչ կանանցից մեկը` այդ տարիներին որքանո՞վ էր բարդ այս կամ այն հարցում արդյունքի հասնել: 

 

– Եթե չեմ սխալվում, Գերագույն խորհրդում ընդամենը 9 կին պատգամավոր կար: Գիտեք, այն ժամանակ ոչ ոք ոչ մեկի մեջքին չէր կանգնում, եւ ոչ ոք իմ մեջքին էլ չի կանգնել: Իմ աշխատանքով եմ ցույց տվել, թե ով եմ, որի արդյունքում 13 պատգամավորի թեկնածուից, որից 11-ը ՀՀՇ-ական էր, հենց ես եմ ընտրվել: Ոչ մի կաշառք չեմ տվել, ընդհակառակը` ասել եմ մի՛ ոչնչացրեք Ալավերդու կարի գործարանը, որտեղ այն ժամանակ 400 կին էր աշխատում: Նաեւ ինձ համար բավական բարդ էր, քանի որ հակադարձում էի իշխանությանն ու ասում, որ հիմա դառնում ենք մի պետություն, որը շատ փոքր է, պետք է արտաքին հարաբերությունները բոլորի հետ լավ պահենք: Այն ժամանակ Խոսրով Հարությունյանի հետ գնացի Մոսկվա եւ վերադառնալով այնտեղից` առաջինը նա ասաց` չգիտեք, թե ինչ կապեր ունի Բալայանը: Այդ կապերը մինչեւ այսօր կան: Երկու օրում մեզ բոլորն ընդունեցին, չկար մարդ, որ մենք դիմեինք ու չընդունեին: Միայն ցավում եմ, որ հայկական բնավորությանը համահունչ` այն ժամանակ չլսեցին Ռիժկովին, որն ասաց, թե «Նաիրիտ» գործարանը մեկն է եւ պետք է մնա: Մինչդեռ այսօր գլուխ են ջարդում, թե «Նաիրիտի» գոնե մի ցեխն ինչպես աշխատեցնեն: Գուցե խիստ եմ ասում, բայց եկել է ժամանակը, որ ամեն մեկն իր արածի համար պատասխան տա:

 

ՎԱՃԱՌԵԼ Է ՄԵՔԵՆԱՆ ՈՒ ՏՎԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

 Ինչո՞ւ այսօր Նարինե Բալայանն ամենքիչը մի դեսպանի պաշտոնի չէ, այլ զբաղվում է բարեգործությամբ:

 

– Տարբեր առաջարկներ եղան Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, բայց մարդ, եթե սիրում է իր պետությունը, լինի պաշտոնում, թե առանց պաշտոնի, չի հեռանում իր երկրից: Ինչ վերաբերում է դեսպանի պաշտոնին, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն ուզում էին ինձ նշանակել ՌԴ-ում ՀՀ դեսպան, բայց եղավ այն, ինչ եղավ…

 

–Դեռ ոչ մի պաշտոնյա իր մեքենան չի վաճառել ու գումարը Արցախում զոհված զինվորի ընտանիքին տվել, բայց Դուք արել եք դա, սակայն չնշեցիք այդ մասին:

 

– Ճիշտ եք, արել եմ եւ շատ բազմազավակ ընտանիքների եմ օգնել մինչեւ այսօր էլ: Վերջին օգնությունս սեպտեմբերի 1-ի առթիվ էր` ուղղված Սյունիքի սահմանամերձ գյուղերին:

 

 Կա՞ այսօր ափսոսանքի զգացում, որ որպես պատգամավոր` չհասցրեցիք անել այն, ինչ կցանկանայիք:

 

– Երբ ինձ կանչեցին եւ ասացին, որ դուք էլի պետք է լինեք պատգամավոր, այն ժամանակ ուղղակի չէի պատկերացնում, որ իմ կուսակցությանը` ԽՄԿԿ-ին,  կարող եմ դավաճանել, ու չգնացի: Իսկ մյուսները մնացին, որոնց համաձայնության ստորագրություններն ինձ ցույց տվեց նախագահը: Բայց չեմ ափսոսում, որովհետեւ որտեղ էլ աշխատել եմ, իմ պարտքը իմ ժողովրդի հանդեպ կատարել եմ: Վերջին աշխատանքս եղել է սոցապնախարարի խորհրդական: Եթե հարցը հասնում էր ինձ, ինչքան հնարավոր է, բոլոր խնդիրները լուծում էի, բացի մի բանից` չէի կարող թույլ տալ, որպեսզի  անօրինական մարդն իր ավանդը առաջ գցեր եւ ստանար իր հերթից շուտ:

 

«ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱ ԿԱՐԵԼԻ՞ Է ԿՐԱԿԵԼ ՄԻՄՅԱՆՑ ՎՐԱ»

 Դուք եղել եք նաեւ ՀԽՍՀ սոցիալական ապահովության նախարարՀետաքրքիր է` ի՞նչ խորհուրդ կտաք սոցիալական ոլորտի այսօրվա աշխատողներին:

 

– Ոլորտի աշխատողները ոչ թե պետք է չոքեն կառավարության դիմաց, այլ պետք է այնպես անեն, որ ընդհակառակը` վախեցնենգործադիրին: Ես այդպես եմ աշխատել: Սովետի ժամական, եթե չեմ կարողացել Ֆադեի Սարգսյանի հետ հարցը լուծել, ասել եմ` չնեղանաք,գնում եմ վերադասի մոտ: Կենտկոմում, Մոսկվայում ապացուցել եմ, որ պետք է այդ հարցը լուծվի: Ընդորում` կոնյակով չէի հարցեր լուծում, այլգաղափարով: Այսօր խոսում են հաշմանդամների ինտեգրացման մասին, բայց ուզում եմ մի հարց տալ նույն կառավարությանը, ովքեր եղել են եւ ովքեր այսօր կան` դեռեւս նորմալ մարդիկ ունենալով ինժեներական կրթություն` չեն կարողանում ինժեներ աշխատելգործարանում, որովհետեւ այդգործարանները չկան, վաուչերները տվեցին եւ մի քանի հոգի հարստացան, ապա ինչպե՞ս պիտի հաշմանդամն աշխատանքգտնի: Արդեն 25 տարի է անցել, ամեն մի օլիգարխ ոչ թե մենակ խանութ պետք է սարքի, այլ նաեւգործարաններ, որտեղ կլինեն նորմալ գործատուներ:

 

–Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել մեր քաղաքական դաշտն ու երկիրը անկախությունից 25 տարի անց:

 

– Կարծում եմ, որ մեր պետությունն այսօր իսկապես կայացել է, որպես ժողովրդավարական հանրապետություն: Իսկ այսօրվա վիճակը չպետք է ստիպի, որ հայը հայի դեմ դուրս գա դանակով ու զենքով: Սփյուռքի հայերը դրսում  կարոտում են իրենց պետությունը: Փող ունեն, ամեն ինչ ունեն, բայց չեն կարողանում կարոտը փողով գնել: Հիմա այս կամ այն ընտրության համար բա կարելի՞ է կրակել միմյանց վրա, չէ որ պետության անունն են գցում: Սա նրանից է, որ դեռեւս չեն հասկանում պետության քաղցրությունը: Իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, եթե ստեղծում են կուսակցություններ, պետք է սկզբից կուսակցության մասին մտածեն, ոչ թե իրենց գրպանների: Որպեսզի հասարակությունը եւ Ազգային ժողովը լինեն միահունչ, պետք է ամեն մի պատգամավոր իր տված խոսքը կատարի: Այն ժամանակ լույս չունեինք, որպես կոմունիստ` բենզին ու մեքենա չէին տալիս, բայց շաբաթական մեկ օր միշտ ընդունելություն էի կազմակերպում Ալավերդի քաղաքի իմ ընտրողների համար, եւ ինչքան հնարավոր է` նրանց հարցերին լուծում տալիս: Այսօր ինչ լինում է, ասում են` նախագահն է մեղավոր, բայց նախագահը պետության գլուխն է, որն ունի նաեւ թեւեր, որոնք պատգամավորներն են ու ժողովուրդը: Վերջիվերջո, այսօր ամեն մի հայ նախ պետք է հպարտ լինի, որ ունի ազատ, անկախ պետություն:

ԿԻՍՎԵԼ