Շնորհակալություն

Այս օրերին, երբ հաճախակի են ոտնահարվում մարդկային արժեքները, զարմանալիորեն դեռ գտնվում են մարդիկ ու հաստատություններ, որոնք նույնիսկ իրենց կարողությունների ու հնարավորությունների սահմաններից էլ դուրս փորձում են սատար կանգնել եւ օգտակար լինել հաճախ նաեւ հասարակությունից օտարված մարդկանց։

 

Այսպիսի մի հաստատությունում են աշխատում իրենց գործի իրական նվիրյալները` տնօրեն Սամվել Խաչատրյանի ղեկավարությամբ։ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում  հիվանդ ու խնամքի կարոտ մարդկանց հանդեպ ուշադրությունը սրտացավ աշխատանքի արդյունք է։ Կենտրոնի «բնակիչները» (այդպես են անվանում այնտեղ հանգրվանած մարդկանց), ապահովված են մարդկային նորմալ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով` սկսած զբաղմունքի, զվարճանքի եւ այլ խմբակներից մինչեւ սանիտարահիգիենիկ նորմալ պայմաններ։ Իսկ բժիշկների կողմից իրականացվող ամենօրյա բուժզննումն ու բուժօգնությունը, նաեւ  բարձրակարգ սնունդը այս կենտրոնում համարվում են առաջնահերթ պայման (ի դեպ, այստեղ օգտագործվող մթերքների մեծ մասը, հատկապես` բանջարեղենն ու մրգերը, «Ձորակի» աշխատակիցների ու «բնակիչների» քրտնաջան աշխատանքի արգասիքն են. կենտրոնի մերձակա տարածքի յուրաքանչյուր սանտիմետրն անգամ օգտագործվում է ըստ նպատակի)։

 

Ցանկանում եմ առանձնահատուկ երախտիքի խոսք ուղղել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին եւ «Ձորակ» կենտրոնի տնօրեն Սամվել Խաչատրյանին, բոլոր աշխատակիցներին նման հաստատության աշխատանքները ուշադրության կենտրոնում պահելու եւ հետեւողական աշխատանք կատարելու համար։

 

Աղբյուրը՝ chi.am

ԿԻՍՎԵԼ