Կամավորների աշխատանքը կկանոնակարգվի օրենքով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ձեռնամուխ են եղել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի hայեցակարգի մշակմանը:

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հայեցակարգի նախագիծը մի քանի օրից կներկայացվի կառավարության քննարկմանը, հաստատվելուց հետո մինչև հոկտեմբեր կառավարությանը կներկայացվի օրենքի նախագիծը:

«Օրենքով կանոնակարգումներ չկան, դրա  հետևանքով կամավոր աշխատանք իրականացնող անձինք ու կազմակերպություններն այսօր մի շարք խնդիրների են հանդիպում:  Օրինակ, խնդիրներ են առաջանում պայմանագրերը կնքելիս, հարկային մարմինների հետ առնչվելիս, տարիքային սահմանափակման հարցեր կան, թե որ տարիքից կարելի է ներգրավել որպես կամավոր, օտարերկրյա կամավորների ներգրավումն է երբեմն խնդրահարույց լինում»,-ասաց վարչության պետը:

Թադևոս Ավետիսյանի խոսքով, այս խնդիրները քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների հետ: Հուսով են, օրենքի կանոնակարգումները թույլ կտան խուսափել «այս ու այլ խնդիրներից, պաշտպանել կամավորությամբ զբաղվող քաղաքացիների իրավունքները»:

Նախարարության ներկայացուցչի խոսքով, մշակվող օրենքի նախագծով կսահմանվեն կամավորական աշխատանքն «անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու մեխանիզմները, կապահովվեն կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման, կամավոր աշխատանքների խթանման, քաղաքացիական հասարակության կյանքում նրանց դերի բարձրացման նախապայմանները»:

Օրենքի նախագծով հստակ սահմանվելու են նաև հիմնական հասկացությունները՝ թե ով կարող է համարվել կամավոր, որ կազմակերպությունը կարող է զբաղվել կամավորական գործունեությամբ, որ գործունեություններն ու աշխատանքներն են համարվում կամավոր, ով է հանդիսանում կամավորի կարիք ունեցող:

«Նման օրենք ունանալը նաև Աշխատանքային օրենսգրքի պահանջ է: 102-րդ հոդվածը սահմանում է՝ կամավոր աշխատանքն անօրինական աշխատանքը չէ, բայց թե որն է կամավոր աշխատանքը՝ իր ձևով ու բովանդակությամբ պետք է սահմանվի: Իրավակիրառ պրակտիկայում սա խնդիր է առաջացնում կամավորական աշխատանք իրականացնող կազմակերպությունների համար»,- մանրամասնեց նա:

Նախարարությունում հույս ունեն, որ հստակ կարգավորումների դեպքում պետությունը կկարողանա ավելի մեծ չափով  աջակցել կամավորական գործունեության զարգացմանը:

«Երբ պետությունը հստակ ստանձնի որաշակի պարտավորություններ, օրինակ, կամավորներին խորհրդատվական աջակցության տրամադրում, վարի համապատասխան շտեմարաններ, որտեղ ներառված կլինի իրենց աշխատանքի ու իրենց մասին տվյալներ, արդեն հնարավոր է այս ոլորտում համակարգված աշխատանք կատարել»,- ասաց նախարարության պաշտոնյան:

Այսօր նման շտեմարան չկա, հայտնի չէ, թե քանի մարդ, կազմակերպություն ինչ ոլոտում ինչ գործունեություն է ծավալում, ինչ փորձառնություն ունեն:

«Եթե մենք ուզում ենք համակարգային մոտեցում ցուցաբերել, ապա անհրաժեշտ է  նման տվյալների բազայի ստեղծումը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին կամավորները նման խնդրի առաջ կանգնեցին: Եղան ընտանիքներ, որոնց օգնության չհասավ կամ քիչ հասավ:

Սպասենք նախագծին՝ հասկանալու դրա արդիականությունը:

ԿԻՍՎԵԼ