Աշխատանք փնտրող քաղաքացին առաջին հերթին պետք է դիմի զբաղվածության տարածքային կենտրոն

Այսօր աշխատանք փնտրողներն առավել իրազեկված են զբաղվածության պետական ծրագրերի մասին, ինչին նպաստել է քաղաքացիների հանրային իրազեկումը, աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը, գործատուների ակտիվ մասնակցությունը. «Կենսաձև» հաղորդման շրջանակներում կենտրոնների ակտիվ գործունեության, աշխատանք փնտրողի հետ տարվող աշխատանքի մասին խոսել է «Զբաղվածության պետական ծառայության» Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նարինե Մատինյանը:

«Ունենք բազմաթիվ հաջողված ծրագրեր, որոնց շնորհիվ և՛ 2015-ին, և՛ 2016-ին աճ ենք արձանագրել, իսկ արդեն 2017-ին մեր շահառուների հետաքրքրվածությունը բավականին մեծացել է: Գործատուների շրջանում ևս իրազեկվածության մակարդակը բավականին բարձր է: Նրանք տարբեր աղբյուրներից տեղեկանում են մեր ծրագրերի մասին և ակտիվ մասնակցություն ցուցաբերում»,- նշել է Նարինե Մատինյանը:

Վերջինիս խոսքով, թեպետ գործազրկության նպաստ այլևս չի տրամադրվում, բայց դրա փոխարեն կան ծրագրեր, որոնք ուղղված են գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորմանը և կայուն զբաղվածության ապահովմանը:

«Տարածքային կենտրոնները իրականացնում են աշխատանք փնտրող անձանց հաշվառում, որտեղ կարող են հաշվառվել բոլոր աշխատանք փնտրողները, անկախ իրենց զբաղված լինելու հանգամանքից: Եթե մարդն աշխատանք է փնտրում, ուզում է փոխել աշխատանքը կամ ուզում է երկրորդ աշխատանքն ունենալ, դարձյալ կարող է հաշվառվել զբաղվածության տարածքային կենտրոնում և ստանալ աշխատանքի առաջարկ: Գործազուրկի կարգավիճակ ստանում են միայն չզբաղված անձինք: Հաշվառման ընթացքում աշխատանք փնտրողները ստանում են մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, իրականացվում է կարիքի գնահատում՝ ելնելով կոնկրետ անձի կարիքներից: Տարածքային կենտրոնի մասնագետները կազմում են եզրակացություն, որտեղ որոշվում է աջակցության այն հիմնական թիրախները, որոնք կարող են նպաստել անձի աշխատանքի տեղավորմանը, որից հետո համապատասխան աշխատատեղի առկայության դեպքում պայմանավորվածություն է ձեռք բերվում գործատուի հետ»,- մանրամասնել է Նարինե Մատինյանը:

Հատկանշական է, որ Կենտրոնի ծրագրերում կարող են ընդգրկվել նաև աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք: Վերջիններս իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման:

Որպես գործազուրկ հաշվառվելու և զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու համար անձը պետք է դիմի իր բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոն, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում՝ միասնական ընդունարան, ինչը հնարավորություն է ընձեռում բավարար հիմքեր ստեղծել սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու և շահառուներին առավել կարճ ժամկետներում որակյալ ծառայություններ մատուցելու համար:

 

Աղբյուրը՝   aravot.am

ԿԻՍՎԵԼ