Սոցիալական ցանցի ստեղծումը տարեցների հիմնահարցերի ոլորտում կբարձրացնի մատուցվող ծառայության հասցեականությունը. Ջ. Բաղդասարյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի նախագահությամբ Գյումրու «Հայկական Կարիտաս»-ի Ծերերի ցերեկային խնամքի կենտրոնում հունիսի 26-ին տեղի է ունեցել տարեցների հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Օրակարգում տարեցների սոցիալական պաշտպանության, մասնավորապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնահարցերն էին, տնային սոցիալական սպասարկման և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանցի ստեղծման աշխատանքների կազմակերպումը:

Ներկայացնելով ոլորտում կատարված աշխատանքներն ու ծրագրերը, առկա խնդիրներն ու բացթողումները` տիկին Բաղդասարյանը խոսել է տարեցների խնամքի ու սպասարկման նոր մոդելների, մատուցվող ծառայությունների մասին: «Ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաքելությունն է ապահովել տարեցների սոցիալական սպասարկման ոլորտում իրավական ակտերով նախատեսված բոլոր դրույթների իրականացումը: Ակնհայտ է, որ համակարգում գործող շուրջօրյա խնամքի հաստատությունները պետք է կատարելագործվեն: Տարեցն ունի ոչ միայն կենսաթոշակի կամ բժշկական օգնության խնդիր, այլև ընտանեկանին մոտ միջավայրի, մատչելի ծառայությունների և համապատասխան սպասարկման կարիք: Ծերունական փսիխոզով տառապող տարեցների համար հարկ է ստեղծել ընտանեկանին մոտ տուն-ինտերնատներ, համապատասխան համայնքային ծառայություններ: Համոզված եմ, որ նախաձեռնած ծրագրերը միասին կյանքի կոչելով կկարողանանք լուծել առկա խնդիրները»,-իր խոսքում ընդգծել է տիկին Բաղդասարյանը:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և նախարարության կողմից մշակված ծրագիրն ու իրականացված աշխատանքները ներկայացրել է նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը:

 Ծրագրի նպատակն է նպաստել հոգեբուժական հաստատությունների բեռնաթափմանը,  այլընտրանքային ծառայությունների, ընտանեկան խնամքի կենտրոնների ստեղծմանը: Կազմակերպության հետ կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն մշակվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարիքների գնահատման մեթոդաբանություն, չափորոշիչներ և կարիքներին համարժեք ծառայությունների նկարագիր: Արդյունքում մշակվել են մի քանի մոդելներ` խնամքի տներ, ընտանեկան փոքրիկ շուրջօրյա խնամքի կենտրոններ: Նախատեսվում է սեպտեմբերի 1-ից Սպիտակ քաղաքում գործարկել 16 անձի համար ստեղծված տարեցների խնամքի կենտրոնը, որտեղ համապատասխան մասնագետների օգնությամբ խնամվողները կկազմակերպեն իրենց առօրյան:

Հանդիպմանը մասնակցել են Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, շահագրգիռ պետական մարմինների, Լոռու և Շիրակի մարզպետարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

ԿԻՍՎԵԼ