Այլընտրանքային սոցիալական ծառայությունները կկանխեն երեխայի մուտքը հաստատություն. Ա. Ասատրյան

Նախարարն ընդունել է Երեխաների հարցերով պետքարտուղարի հատուկ խորհրդատուին

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դեկտեմբերի  4-ին ընդունել է  Երեխաների հարցերով պետքարտուղարի հատուկ խորհրդատու, դեսպան  Սյուզն Ս. Ջեքոբսի (ԱՄՆ) ղեկավարած պատվիրակությանը:

 

Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների համագործակցությունը, մասնավորապես` սոցիալական պաշտպանության ոլորտում: Նախարարը նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հիմնական և շատ կարևոր գործընկեր է. «Շատ կարևորում եմ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված  համատեղ ծրագրերը, քանի որ կայուն համագործակցության շնորհիվ բարեփոխումների ողջ ընթացքում  մենք հաղորդակից ենք եղել ոլորտում ունեցած ձեր լավագույն փորձին»:

 

Դեսպան Սյուզն Ս. Ջեքոբսն իր հերթին նշել է, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների մեջ շատ լավ համագործակցություն է ձևավորված՝ հատկապես երեխաների պաշտպանության ոլորտում: «Այն հանգամանքը, որ ԱՄՆ կառավարության կողմից  Հայաստանը նախանշվել է որպես առաջնային երկիր, որի հետ աշխատելու ենք երեխաների բարօրության հարցերի շուրջ՝ դա հատկապես կօգնի այս ոլորտում համատեղ աշխատանքները ամրապնդելու գործում»,-ընդգծել է տիկին Ջեկոբսը: Նրա խոսքով՝  ՀՀ կառավարության կողմից ցուցաբերած պատրաստակամությունը  խթան է  հանդիսացել համագործակցության համար:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումները: Այս առումով նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է  այլընտրանքային սոցիալական ծառայությունների համակարգերի ձևավորումն ու զարգացումը, որը թույլ կտա սոցիալական պատճառներով հաստատությունում հայտնված երեխաներին ապրել ընտանիքում և ստանալ համապատասխան սոցիալական ծառայություններ:

 

Այս գործընթացներում նախարարը կարևորել է նաև սոցիալական աշխատողի ինստիտուտը, մասնավորապես՝ դեպքի վարումը, ընտանիքի կարիքի գնահատումը և ըստ դրա՝ համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումը:  «Այս համատեքստում պետք է ընդգծեմ սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը, որտեղ արդեն կարող ենք արձանագրել առարկայական քայլեր և  որի կայացումը թույլ կտա  սոցիալական վարչարարությունից անցում  կատարել   իրական սոցիալական աշխատանքի մարդու հետ»,-ընդգծել է նախարարը:

 

Հանդիպման ավարտին դեպան Սյուզն Ս. Ջեքոբսը բարձր է գնահատել կատարված աշխատանքները՝ նշելով որ երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումները բավական բարդ գործընթաց է և  վստահեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է համագործակցել և աջակցել բարեփոխման ընթացքին:

 

 

ԿԻՍՎԵԼ