Քննարկվել են փորձաքննությունների և հետսթրեսային իրավիճակներին վերաբերող հարցեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հունիսի 10-ին մասնակցել է Հոգեբուժության  և  բժշկական  հոգեբանության ամբիոնի վարիչ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հիմնադիր, պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանի 80–ամյակին նվիրված գիտաժողովին:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է մեծ գիտնական, հոգեբույժ և մանկավարժ Մարիետա Մելիք-Փաշայանի՝ Հայաստանի հոգեբուժության մեջ թողած ավանդը:

«Հոգեկան առողջության ոլորտի նպատակը ընդհանուր առմամբ մարդկանց հոգեկան առողջության պահպանումն է, իսկ սոցիալական պաշտպանության տեսանկյունից՝ նաև գնահատված կարիքներին համապատասխան ծառայությունների տրամադրումը, հոգեկան առողջության վերականգնումն ու սոցիալական ներառումն է»,- ընդգծել է տիկին Ջեմմա Բաղդասարյանը:

 Նա նշել է, որ այսօր Հայաստանի համար շատ արդիական է քննարկել հոգեկան խանգարումներով պայմանավորված հաշմանդամության որոշման հարցերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում և Հայաստանում փոխվում է հաշմանդամության որոշման և գնահատման համակարգը:

Տիկին Բաղդասարյանի խոսքով այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ակտիվ աշխատանքներ է տանում անձին հաշմանդամ ճանաչելու հիմքերն ու չափանիշները փոխելու և ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշման­դամության սահմանման մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ, որտեղ հիմնական շեշտը դրվում է ոչ այնքան անձի որևէ ֆունկցիայի խաթարման կամ կորստի վրա, այլ անձի պահպանված ունակությունների վրա, որոնք զարգացնելու դեպքում հնարավորությոուն է ստեղծվում հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ինտեգրման համար:

Կարևորվել է նաև հետսթրեսային վիճակներում գտնվող անձանց համապատասխան բժշկական, հոգեբանական և սոցիալական  ծառայությունների տրամադրումը: Ելույթի ավարտին նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ոլորտում առկա որոշ խնդիրներ մշտապես կլինեն ոլորտի մասնագետների օրակարգում:

Գիտաժողովին առանձին ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Ս. Թորոսյանը, ով ներկայացրել է դատահոգեբուժական ամբուլատոր և ստացիոնար փորձաքննության արդի խնդիրները Հայաստանում, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Ա. Մելիք–Փաշայանը անդրադարձել է ռազմաբժշկական փորձաքննությանը, իսկ Ժամանակավոր անաշխատունակության և բժշկասոցիալական փորձաքննության խնդիրները ներկայացրել է հոգեբուժական մասնագիտացված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Ա. Արզումանյանը:

Գիտաժողովի շրջանակներում հոգեբուժական փորձաքննության կազմակերպման իրենց փորձը և ներկայիս իրավիճակը ներկայացրել է  նաև  ԼՂՀ ԲՍՓ գործակալության տնօրեն  Հ. Հակոբյանը:

Գիտաժողովը շարունակվել է հունիսի 11-ին, ԼՂՀ-ում:

ԿԻՍՎԵԼ