«Շատերը մտնում են աշխատաշուկա ոչ պահանջված մասնագիտություններով». Արտակ Մանգասարյան

2014 թվականի զբաղվածության ցուցանիշների, կատարված աշխատանքի և ընթացիկ տարվա ծրագրերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի հետ:
-Պարոն Մանգասարյան, 2014 թվականը զբաղվածության ինչպիսի՞ ցուցանիշներով ամփոփեցիք:

-Ասեմ, որ Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72 հազար 600, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.2 տոկոսով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91.4 տոկոսը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.9 տոկոսով: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 71.8 տոկոսը: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.7 տոկոսը:
-Ինչո՞վ է պայմանավորված ցուցանիշների նման աճը:

-Աճի ցուցանիշների ավելացումը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ: Զբաղվածության մասին նոր օրենքն ավելի լայն շրջանակների քաղաքացիներին հնարավորություն է տալիս ընդգրկվել զբաղվածության ծրագրերում: Օրինակ, մինչ այդ, հողի սեփականաշնորհումից օգտվողները համարվում էին զբաղվածներ, հիմա արդեն նրանք կարող են ընդգրկվել մեր ծրագրերում: Բացի այդ գիտեք, որ գործազրկության նպաստը հանվել է և դրա փոխարեն ակտիվ զբաղվածության ծրագրեր են իրականացվում: Դա նույնպես նպաստեց, որ մարդկանց  դիմելիության գործընթացն ակտիվանա:
-Աշխատանքի տեղավորման հարցում ունե՞ք դրական տեղաշարժ:

-Նախորդ տարվա վերջին տվյալներով 2014 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 11 հազար 495 աշխատանք փնտրող, որից 7093-ը՝ կին, 7491-ը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 3 հազար 319-ը երիտասարդներ են: Աշխատանքի տեղավորման ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նույնն է: Այստեղ նշեմ, որ զբաղվածության ակտիվ ծրագրերի փուլը սկսել ենք տարվա երկրորդ կեսից:
-Ինչպես նշեցիք տարվա երկրորդ կեսից եք սկսել ակտիվ ծրագրերը, ամեն դեպքում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել:

-Այո, արդյունքները կան, համարյա բոլոր ցուցանիշներով արդյունքները նախատեսվածից ավելին են: Մենք իրականացրել ենք ինչպես հին ծրագրերը, այնպես էլ նորերն ենք կյանքի կոչել: Օրինակ, Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագիրը: Նախատեսվել էր ժամանակավոր աշխատանքով ապահովել 1800 անձի: 10 մարզերի 274 համայնքում կնքվել է 2 հազար 583 պայմանագիր: Ծրագրում ընդգրկվել է 3 հազար 679 անձ, որից 257-ը հաշմանդամություն ունեցող անձ է: Գյուղացիները աշխատել են կամ իրենց, կամ վարձակալած հողատարածքներում՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար ստանալով 4 հազար դրամ, ներառյալ հարկերը: Բացի դրանից իրավունք ունեին այդ աշխատանքներում ընդգրկել իրենց ընտանիքի անդամներին և ստանալ գումար: Որոշակի խրախուսումներ կային գյուղտեխնիկայի վարձակալման համար:
-Ի՞նչ ծրագրեր եք նախատեսել 2015 թվականին:

-Վերը նշված ծրագիրը կշարունակվի, բացի այդ նոր ծրագիր ունենք, որը ենթադրում է փոխհատուցում գործատուին: Վճարում ենք 200 հազար դրամ, որպեսզի գործատուն շահառուին վերցնի աշխատանքի ու համապատասխան հմտություններ տա նրան: Կա ծրագիր, որը պետք է իրականացնենք աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ: Այս ծրագրի արդյունքները դեռ չեն գոհացնում: Այստեղ մենք փոխհատուցում ենք յուրաքանչյուր շահառուին աշխատանքի տեղավորելու համար: Սա նորույթ է, սակայն դժվարություններ կան աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ համագործակցության հարցում: Կարծես, մի տեսակ անվստահություն կա պետական մարմիների հետ շփվելիս: Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ակտիվ համագործակցել մեզ հետ:

Ծրագրերից կառանձնացնեի նաև փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցման ծրագիրը: Դրանում ընդգրկված մարդիկ նախնական ուսուցում են անցնում ՓՄՁ ԶԱԿ-ում, և երբ իրենց ծրագիրը դրական եզրակացություն է ստանում, մենք համաֆինանսավորում ենք 1 մլն դրամի չափով: Դրանք այնպիսի ծրագրեր են, որոնցով աշխատատեղեր են ստեղծվում: Ծրագիր ունենք նախատեսված երիտասարդների համար: Ովքեր ավարտել են ու աշխատանքային փորձ չունեն, մենք փոխհատուցում ենք նվազագույն աշխատավարձը, որպեսզի 3 ամսով աշխատանքի տեղավորվեն և հմտություններ ձեռքբերեն:
-Մի կողմից ակտիվ ծրագրեր եք իրականացնում, մյուս կողմից կան աշխատատեղեր, որոնք մշտապես թափուր են, չեն լրացվում: Ինչո՞վ է պայմանավորած:

-Պատճառները տարբեր են, համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պակաս կա, աշխատավարձերի չափի, ոչ հարմար պայմանների խնդիր կա: Հիմնական պատճառները դրանք են:
-Հաճախ նշվում է ոչ ճիշտ մասնագիտական կողնորոշումը:

-Այո, այդ խնդիրը կա, շատերը ոչ պահանջված մասնագիտություններով են աշխատաշուկա մտնում: Այդ խնդրի լուծման համար երկար ժամանակ կպահանջվի: Ներկայում տարբեր ուղղություններով մասնագիտական ուսուցում ենք իրականացնում: Նախորդ տարի այդ ծրագրերում ընդգրկվել է 1591 քաղաքացի, այս տարի այս ցուցանիշը 100-ով աճելու է: Ուսուցման ուղղությունները ընտրում ենք շուկայի պահանջարկից ելնելով: Այն աշխատատեղերը, որոնք չեն լրացվում մասնագետի պակասի պատճառով փորձում ենք լրացնել նաև մասնագիտական ուսուցումների միջոցով նաև:

 

Հեղինակ ` Աննա Գզիրյան

Աղբյուրը՝ Life.panorama.am 

ԿԻՍՎԵԼ