Ինչ պայմաններով է գյուղացին վճարվում պետությունից հողօգտագործման համար

Պարզվում է` գյուղացուն հողը մշակելու համար պետությունը վճարում է: Նպատակը սեզոնային զբաղվածության խթանումն է, մարդուն իր հողին կպած պահելը, նրա աշխատանքը հեշտացնելն ու միգրացիան կանխելը:

Ծրագրում, սակայն, բոլոր դիմողները չէ, որ կարող են ընդգրկվել: Ովքե՞ր կարող են օգտվել պետական այս ծրագրից, ի՞նչ պայմաններով:

Այս ու ծրագրի վերաբերյալ այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանի հետ:


-Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին, իր հողում ի՞նչ պետք է աճեցնի գյուղացին, որ պետությունը վարձատրի նրան:

-Ծրագիրն իրականացվում է բոլոր տեսակի աշխատանքների համար: Գյուղնշանակության հողամասերի մշակման նպատակով տրվող աջակցություն է սա: Սահմանված են նորմատիվներ գյուղատնտեսության նախարարության կողմից, այսինքն ծրագրին կա մասնագիտական մոտեցում: Պարբերաբար վերանայվում են նորմատիվները, որովհետև ժամանակ առ ժամանակ մենք մարզերից արձագանքներ ենք ստանում, որ այս կամ այն մշակաբույսը դուրս է մնացել ծրագրի շրջանականերից: Մենք կրկին դիմում ենք գյուղնախարարությանը, մեզ տրամադրվում են տվյալ մշակաբույսի համար նախատեսված նորմատիվներ:


-Ենթադրենք ես որևէ գյուղում ունեմ սեփական հողամաս, որտեղ ցորեն եմ ցանել, ուզում եմ օգտվել այդ ծրագրից, ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ:
-Նախ ծրագրում որոշակի առաջնահերթություններ են սահմանված՝ առաջնահերթություն է տրվում այն գյուղացիական տնտեսություններին, ովքեր երաշտի կամ բնական աղետի հետևանքով վնասներ են կրել, ապրում են լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում:

Մյուս առաջնահերթությունը վերաբերում է ընտանիքի սոցիալական վիճակին, եթե ընտանիքը հաշվառված է սոցիալական անպահովության գնահատման համակարգում և ստանում է նպաստ, ընտանիքում առկա են երկու և ավելի անչափահաս, ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է:

Մենք սահմանափակ թվով մարդկանց կարող ենք ընդգրկել ծրագրում: Օրինակ, 2015 թ. համար մենք սահմանված 3217 ծրագիր ունենք, այսինքն մենք այսքան հողօգտագործողի հետ կարող ենք պայմանագիր կնքել: Մենք հնարավորություն ենք ունենում մի փոքր այս թիվը գերազանցել, որովհետև մեկ անձի համար սահմանված գումարի չափը 350 հազար դրամ է, որը ոչ միշտ է ամբողջությամբ ծախսվում: Այսինքն, թե մեկ հողօգտագործողի հետ կնքված ծրագիրը փոքր է, մենք կարողանում ենք գումարներ տնտեսել, և դրա հաշվին այլ անձանց ևս ընդգրկել դրանում:

Գյուղացին կարող է դիմել գյուղապետարան, այնտեղ ըստ առաջնահերթությունների, կասեն, նա ենթակա՞ է ծրագրում ընդգրկվել, թե՞ ոչ: Հաշվի առնելով այս առաջնահերթությունները, մենք մարզպետարաններից ստանում ենք ցուցակներ, թե ովքեր կարող են ընդգրկվել ծրագրում: Այս պահին մենք ունենք շուրջ 20 հազար մարդու ցուցակ: Բայց մենք կարող ենք ընդամնեը 3217 անձի հետ կնքել պայմանագիր: Մարզպետարաններից ուղարկած ցուցակներում նշված առաջնահերթությունները հաշվի առնված չեն լինում, մենք ստիպված ենք լինում նորից վերանայել դրանք:
-Ինչքա՞ն գումար է ստանում գյուղացին իր հողը մշակելու համար:
-Հողօգտագործողի հետ կքնվում է պայմանագիր, մեկ օրվա աշխատանքի դիմաց նրան վճարվում է 4 հազար դրամ, գյուղացին հնարավորություն ունի իր աշխատանքներում ներգրավել նաև վարձու աշխատողի, որի համար վճարվում է 3 հազար դրամ, իր ընտանիքի անդամին էլ վճարում ենք 4 հազար դրամ:
Մենք ունենք հստակ տվյալներ, թե օրինակ պոմիդորի աճեցման համար ինչ աշխատանքներ են հարկավոր՝ ոռոգում, քաղհան, բերքահավաք: Գիտենք, 1 հա պոմիդորի մշակման համար քանի՞ օր ու քանի՞ մարդ է հարկավոր: Մենք վճարում ենք ըստ այդ նորմատիվների, որոնք շատ մանրակրկիտ կերպով մշակված են:


-Նախորդ տարվա համեմատ ծրագրի ֆինանսավորումը որքա՞ն է ավելացել:

-Այս տարի պետական բյուջեից ծրագրի ֆինանսավորման համար տրամադրվել է 1 մլրդ 125 հազար 808 դրամ: Նախորդ տարվա համեմատ ծրագրին հատկացվող գումարն ավելացել է, նախորդ տարի տրամադրվել էր 638 մլն դրամ: Անցած տարի նախատեսված էր 1800 հողօգտագործողի հետ պայմանգիր կնքել, սակայն մենք կարողացանք պայմանագիր կնքել 2583-ի հետ: Բոլոր մարզերն էլ ընդգրկված են, առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերում այն մարզերը, որտեղ գյուղատնտեսական նշանակության հաղատարածքները շատ են՝ Արարատի, Արմավիրի մարզերը: Այս պահի դրությամբ մենք ունենք 2545 կնքված պայմանագիր:


-Կարո՞ղ ենք խոսել ծրագրի արդյունքների մասին: Օրինակ, կոնկրետ դրա շնորհիվ քանի՞ հեկտարով են ավելացել մշակված հողերը:

-Ճիշտն ասած, նման ուսումնասիրություն չի արվել: Բայց կարող ենք ասել, որ սա գյուղացուն բավականին լուրջ աջակցություն է՝ ցանքից մինչև բերքահավաք: 2013-ին պիլոտային նման ծրագիր իրականացվեց Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժած գյուղերում: Արձագանքները շատ դրական էին:


-Վերահսկողությունն ինչպե՞ս է իրականացվում:

-Վերահսկողությունը բավականին խիստ է: Այն համատեղ իրականացվում է գյուղատնտեսության նախարարության հետ մեկտեղ: Հիմա եթե դուք գնաք մարզեր, տարածքային կենտրոններում մարդ չեք գտնի, բոլորը դաշտերում են, լինում են գյւողերում, գտնում տվյալ հողատարածքը, գյուղապետարանից ճշտում տեղեկությունները, կազմում ծրագիրը: Ամիսը մեկ անգամ նրանք պարտավոր են գնալ ու տեսնել, հողի վրա շախատանք արվա՞ է, թե՞ արված չէ: Դրա հիման վրա կազմվում է եզրակացություն: Եղել են նաև դեպքեր, երբ ծրագրի իրականացումը հողօգտագործողի հետ դադարեցվել է:

ԿԻՍՎԵԼ