Նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 28-րդ նիստին

Ուրախ եմ ողջունել ԱՊՀ անդամ պետություններից ժամանած  մեր հարգարժան հյուրերին, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներին և նիստի բոլոր մասնակիցներին:

 

Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել ԱՊՀ բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 28-րդ նիստը:

 

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների կողմից աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ: Այս համատեքստում մեծապես կարևորվում է Խորհրդակցական Խորհդի շրջանակներում սերտ համագործակցությունը: Սա արդյունավետ պլատֆորմ է՝ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման, միասնական մոտեցումների ու սկզբունքների ձևավորման, համագործակցության հետագա շրջանակների հստակեցման համար: Համագործակցության նման ձևաչափը մեծապես նպաստում է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության ապահովմանն ուղղված բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը: Մենք այսօր հնարավորություն կունենանք լսելու նաև անդամ պետություններում սոցիալ-աշխատանքային ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվություն:

 

Նիստի օրակարգում ներառված են մի շարք կարևորագույն հարցեր, որոնք արդեն իսկ անցել են համապարփակ քննարկումների փուլեր և կներկայացվեն խորհրդակցական խորհրդի դիտարկմանը:

 

Վստահ եմ, որ այսօրվա մեր նիստը ևս մեկ հնարավորություն է ընձեռում ԱՊՀ շրջանակներում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության առավել սերտացման, համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացման և իրականացվող բարեփոխումների ուղղությամբ ջանքերի միասնականացման համար:

 

Թույլ տվեք մեկ անգամ ևս ողջունել և բարի գալուստ մաղթել մեր հարգարժան հյուրերին, մաղթել արդյունավետ և բարեհաջող աշխատանքներ նիստի շրջանակներում:

 

Շնորհակալություն:

ԿԻՍՎԵԼ