Անահիտ Գևորգյան. Առաջիկայում նախատեսվում է Սպիտակի խնամքի տան գործարկումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  այլընտրանքյաին ծառայություններ տրամադրելու նպատակով  իրականացնում է փորձնական ծրագիր: Այն նախատեսում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում  ստեղծել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար 16 տեղանոց շուրջօրյա խնամքի տուն: Ներկայումս  խնամքի տան  հետ կապված  աշխատանքներն ավարտված են: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

 

«Արդեն իրականացվել են խնամքի տան վերանորոգման, գազաֆիկացման, անհրաժեշտ  գույքով` այդ թվում կահույքով և անկողնային սպիտակեղենով ապահովման, ինչպես նաև աշխատողների ընտրության աշխատանքները»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:

Հաջորդ շաբաթվա ընթացքում կանցկացվեն  վերապատրաստման դասընթացներ  խնամքի տան ընտրված աշխատողների համար:

Առաջիկայում նախատեսվում է Սպիտակի խնամքի տան  գործարկումը: Ա. Գևորգյանի խոսքով, խնամքի տունն իր տեսակի մեջ աննախադեպ է, քանի որ  բացի շուրջօրյա խնամքից, փորձ է արվելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց այլընտրանքային սոցիալական ծառայությունների մատուցման միջոցով ներառել հասարակություն և նրանց սովորեցնել ինքնուրույն կենցաղավարել:   

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում նախարարության պաշտոնյան ասել էր, որ այսօր հանրապետությունում գործում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չափահաս անձանց շուրջօյա խնամքի ծառայություններ տրամադրող ընդամենը մեկ հաստատություն` Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը: Այն  չի բավարարում առկա պահանջարկը:

 

Ըստ Գևորգյանի, Հայաստանում անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մի զգալի մասը այլևս ակտիվ բուժման կարիք չունի և ունի միայն խնամքի, և մասամբ էլ` հասարակության մեջ հարմարման, ինքնասպասարկման ունակությունների զարգացման և որոշ տարրական հմտություններ զարգացնելու կարիք, ինչը թույլ կտա նրանց ապրելու նաև առանց կողմնակի անձի օգնության: Այս վերջինը վերաբերում է հատկապես նրանց, ովքեր, դուրս գրվելով հիվանդանոցից կարող են վարել ինքնուրույն կյանք, սակայն բոլոր սոցիալական կապերը խզված են, կամ ընտանիքը հրաժարվում է նրանց ընդունելուց:

 

Փորձնական ծրագիրն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: Առաջին 2 տարին ծրագիրը կֆինանսավորվի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կողմից: Ծրագրին  աջակցելու իր  պատրաստակամությունն է հայտնել նաև Սպիտակի քաղաքապետարանը: Այնուհետև կառաջարկվի    ծրագիրը ընդգրկել  ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի ցանկ: Ծրագրի շրջանակում շուրջօրյա խնամքի կենտրոն կստեղծվի նաև Արագածոտնի Մուղնի գյուղում:

ԿԻՍՎԵԼ