Արտեմ Ասատրյանի ելույթը՝ Ծերացման հիմնահարցերին նվիրված միջազգային գիտաժողովում

Հարգելի գործընկերներ, հարգարժան հյուրեր,

 

Ողջունում եմ Ծերացման հիմնահարցերին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում և կարևորում եմ մեր գործընկերների ջանքերը այս ընթացքում կատարված աշխատանքների համար:

 

Պատահական չէ, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում, քանի որ, դեռևս 2002թ Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի «Ծերության խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի ռեգիոնալ իրականացման ռազմավարությունը» և ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այսօր Հայաստանում բնակչության ծերացման խնդիրները շատ ակտուալ են և իրական մարտահրավեր են հասարակության համար: Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ մենք մեր տարեցների ներուժը, փորձը կարողությունները, հնարավորության սահմաններում, պետք է օգտագործենք՝ ի բարօրություն մեր հասարակությանը:

 

Այս տարի Հայաստանը ներկայացրել է թվով երրորդ զեկույցը՝ Հայաստանի Հանրապետությունում «Ծերացման հիմնախնդիրների վերաբերյալ մադրիդյան միջազգային գործողությունների պլանի իրականացման տարածաշրջանային ռազմավարության» կատարման վերաբերյալ:

 

Ստորագրելով Ծերացման Մադրիդյան Ռազմավարությունը՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իր երկրում իրականացնել այդ փաստաթղթի դրույթները, մասնավորապես` 10 հանձնառությունները, որոնք էլ հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության համար մշակելու իր ազգային ռազմավարական ծրագիրը, այսպես՝ ՀՀ կառավարությունը 2012թ. հավանության արժանացրեց «Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարություն և դրա իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիրը», քանի որ ծերացող բնակչություն ունեցող երկիրը իրավունք չունի անմասն մնալ համաշխարհային գործընթացներից:

 

Մեր երկրի համար կարևոր ուղենիշային այս փաստաթղթերի գլխավոր նպատակը` միասնական և համակարգված քաղաքականության մշակման ու իրականացման արդյունքում, հասարակության բոլոր տարիքի մարդկանց, հատկապես` տարեց բնակչության համար, հավասար հնարավորությունների ստեղծումն ու կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելն է, զարգացնելով այսօր գործող սոցիալական ծառայությունների համակարգը և ներդնելով ծառայությունների նոր մոդելներ, որոնք հիմնված կլինեն տարեց մարդու գնահատված կարիքների վրա:

 

ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին վարվող քաղաքականությունը հիմնված է սոցիալական ծառայությունների տրամադրումը գնահատված կարիքների հիման վրա իրականացնելու սկզբունքի հիման վրա, որը իսկապես կարևորագույն մոտեցում է: Այսօր մենք չենք սահմանափակվում միայն դրամական միջոցների տրամադրմամբ, այլ փորձում ենք սոցիալական ծառայությունները մոտեցնել դրա կարիքը ունեցող մարդկանց, որտեղ լրջագույն դերակատարում ունի սոցիալական աշխատողի ինստիտուտը: Իհարկե ոչ պետական հատվածի մեր գործընկերները վաղուց են այդ աշխատանքները այս ձևաչափով իրականացնում: Վստահ եմ, որ մեր համտեղ ուժերով հանրավոր կլինի մեր տարեցների բոլոր խնդիրներին համապարփակ լուծում տալ: Այս առումով մեծապես կարևորում եմ ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայանգրի ստորագրումը և դրա հիման ինստիտուցիոնալ նոր ձևաչափերի ապահովումը, պետական և ոչ պետական հատվածի համագործակցության մեխանիզմների ներդրումը, որն առաջիկայում մեզ հնարավորություն է տալու ամբողջապես իրականացնել այն ծրագրերը, որոնք իրականացվում ենք պետական բյուջեի միջոցների և մասնավոր հատվածի ջանքերով:

 

Ծրագրերի հասցեականությունն ապահովելու, արդյունավետությունը բարձրացնելու համար ստեղծվել են հստակ նախադրյալներ, և մենք այդ առումով կարևորում ենք այս համագործակցությունը: Երկօրյա այս գիտաժողովը, որն անցկացվում է Հայաստանում,միսկապես մեծ ներդրում կունենա այս հիմնախնդիրներին հետագա լուծումներ գտնելու աշխատանքներում:

 

Այստեղ են նաև այլ երկրների մեր գործընկերները, և մենք կարևորում ենք նաև միջազգային փորձը և այլ երկրներում նմանատիպ խնդիրներին լուծումներ տալու նրանց մոտեցումները, որոնք, վստահ եմ, կներակայացվեն այս գիտաժողովի ընթացքում:

 

Կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական կարիքների և տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգում ներկայացված նոր մոդելների նկատմամբ պահանջարկի ուսումնասիրության տվյալների վերլուծությունը, որն իրականացվել է մեր գործընկեների աջակցությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Ուսումնասիրությամբ փորձ է արվում ողջ հանրապետությունում ըստ թիրախ խմբերի և կարիքների գնահատման մեթոդաբանությամբ, վեր հանել տարեցների ոլորտում առկա կարիքները և ներկայացնել, թե ինչպիսի ծրագրեր ու մեխանիզմներ են անհրաժեշտ դրանց լուծման համար: Այս առումով ևս կարևորում եմ այս գիտաժողովի ներդրումը մեր հետագա աշխատանքներում և ՀՀ կառավարության անունից ուզում եմ ասել, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է ոլորտում բարձրացված խնդիրներին գործընկերների հետ համատեղ ուժերով լուծումներ տալ:

 

Մեկ անգամ ևս ողջունում եմ գիտաժողովի բոլոր մասնակիցներին և երկօրյա աշխատանքներում հաջողություն եմ մաղթում:

ԿԻՍՎԵԼ