Փոփոխություններ՝ ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղություններում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 17.03.2016թ. հերթական նիստում ընդունվել է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի` նոր ծնված երեխայի անվամբ բացված պետական աջակցության հաշվին մուտքագրվող ընտանեկան դրամագլխի գումարը չի կարող ծախսվել առողջության ապահովագրության համար (գործող իրավակարգավորումների համաձայն` ընտանեկան դրամագլխի միջոցները սահմանված կարգով կարող են ուղղվել առողջության ապահովագրության համար՝ առավելագույնը ապահովագրավճարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 72000 դրամ` տարեկան մեկ անձի համար):

Որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել վերլուծությունները, որոնք ցույց են տալիս, որ խնդրո առարկա դրույթը օգտագործվում է որպես ընտանեկան դրամագլխի գումարները կանխիկացնելու միջոց և չի ծառայում իր բուն նպատակին՝ ընտանիքի անդամի առողջապահական խնդիրների լուծմանը:

Շարունակում է բարձր մնալ անբարեխիղճ վարքագծի ռիսկը, որը կանխելու նպատակով տարեսկզբին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով հնարավորություն ընձեռնվեց կանխիկացնել ամսական ընտանեկան դրամագլխի գումարը: Այսպես, նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը:

2016 թվականի մարտի 10-ի դրությամբ բանկերին է ներկայացվել ընտանեկան դրամագլխից պարբերական վճարումներ կատարելու շուրջ 700 դիմում, որոնց հիման վրա վճարվել է շուրջ 30 մլն. դրամ գումար:

ԿԻՍՎԵԼ