Ինչ սոցիալական արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում

Զոհված զինծառայողների ընտանիքներում կերակրողին կորցնելու դեպքում նշանակվում է զինվորական կենսաթոշակ: Մասնավորապես, զինծառայողի 18 տարին չլրացած երեխաները կամ ուսանող երեխաները՝ ցերեկային ուսուցմամբ սովորող երեխաները մինչև 23 տարին լրանալը, ինչպես նաև զոհվելու դրությամբ աշխատանքային կենսաթոշակի իրավունքով տարիքը լրացած կամ հաշմանդամ ծնողները և ամուսինը ունեն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով, թե ինչ սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում:

«Բացի դա, ի լրումն զինվորական կենսաթոշակի զոհված զինծառայողների ընտանիքներին նշանակվում և վճարվում է նաև պարգևավճարներ: Ի լրումն զինվորական կենսաթոշակի՝ յուրաքանչյուր երեխային վճարվում է 16 հազար դրամ պարգևավճար, իսկ ընտանիքի այլ անդամը՝ ծնողները, ամուսինը, 13 հազար դրամի պարգևավճար: Աշխատանքային կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամը ստանում է 31 հազար դրամ պարգևավճար և ևս 30 հազար դրամ, որ տրվում է ընտանիքի բոլոր անդամներին տրվում է հավելում յուրաքանչյուր երեխայի համար մինչև 18 տարին լրանալը 20 հազար դրամ»,- տեղեկացրեց Սմբատ Սաիյանը:

Մանրամասնելով ներկայացրածը՝ Սմբատ Սաիյանը բացատրեց. «Օրինակ, եթե զոհված զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի և կին, ով խնամում է երեխաներին, ապա սպայական կազմի զինծառայողի դեպքում այդ գումարը կկազմի մոտ 250 հազար դրամ, իսկ սպայականից բացի պայմանագրային կազմի այլ զինծառայողների պարագայում կկազմի մոտ 200 հազար դրամ ամսական»:

Նրա խոսքով՝ այս դրույթը միշտ եղել է օրենսդրության մեջ, անկախ նրանից, թե երբ է զինծառայողը զոհվել՝ այս քառօրյա պատերազմի ժամանակ, թե՝ մինչ այդ: Տեղեկացվեց նաև, որ նշված պարգևավճարներն ունեն իրենց ժամկետայնությունը:

«Օրինակ, երեխաներն այդ գումարը կստանան մինչև 18 տարին լրանալը, ցերեկային առկա ուսուցմամբ սովորողները՝ 23 տարին լրանալը, կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած ծնողները, ամուսինը կամ հաշմանդամ ճանաչված ծնողները և ամուսինը ցմահ կամ հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար»,- ասաց Սմբատ Սաիյանը:

Ըստ նախարարության աշխատակցի՝ եթե զոհված զինծառայողի կինը չի աշխատում և խնամում է երեխաներին, ապա նա կստանա 30 հազար դրամ կենսաթոշակ:

«Ինչ վերաբերում է զոհված պարտադիր ժամկետային զինծառայողներին, ապա այս դեպքում հաշվարկը փոքր-ինչ այլ է, քանի որ նրանց պարագայում հավանականությունը ցածր է, որ երեխաներ կունենան և պարգևավճարները հաշվարկվում են ծնողներին: Յուրաքանչյուր ծնող, ով կստանա կենսաթոշակ կամ հետագայում, երբ կհասնի կենսաթոշակ ստանալու տարիքին, ի լրումն իր աշխատանքային կենսաթոշակի կստանա նաև լրացուցիչ ևս 31 հազար դրամ, և ևս 30 հազար դրամ ընտանիքին»,- տեղեկացրեց Սմբատ Սաիյանը:

«Այսինքն, յուրաքանչյուր ծնողը կստանա շուրջ 90 հազար դրամ զոհվածի գծով և միջինը 41 հազար դրամ կլինի յուրաքանչյուրի կենսաթոշակի չափը»,- նշեց Սմբատ Սաիյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե եթե զոհված զինծառայողի ծնողները կենսաթոշակային տարիքի չեն, Սմբատ Սաիյանն ասաց, որ նրանք նշված երաշխիքներից չեն օգտվի, բայց անկախ կենսաթոշակային տարիքից ընտանիքին կվճարվի 30 հազար դրամ պարգևավճար:
Աղբյուրը՝ Tert.am

ԿԻՍՎԵԼ