Զբաղվածության ոլորտում 2015թ. իրականացված ծրագրեր, արդյունքներ և ցուցանիշներ

2015թ. ընթացքում Զբաղվածության պետական գործակալությունը շարունակել է իրագործել պետության կողմից տարվող զբաղվածության ակտիվ քաղաքականությունը, որի հիմնական սկզբունքը պետական աջակցության տարբեր եղանակներով աշխատանք փնտրողի համար կայուն զբաղվածության ապահովումն է:

2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է եղել 89000 աշխատանք փնտրող, որոնցից 76700՝ ստացել է գործազուրկի կարգավիճակ: Զբաղվածության կարգավորման 2015թ. պետական ծրագրերում ընդգրկված անձանց թիվը տարեվերջին կազմել է 11107, որը աշխատանք փնտրողների 12,5%-ն է: Նրանցից 750-ը հաշմանդամություն ունեցող անձ է: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 16598 անձ կամ աշխատանք փնտրողների 18.7%-ը: Նրանցից 6285 ապահովվել է սեզոնային աշխատանքով, 398 ժամանակավոր աշխատանքով:

Աշխատանքի տեղավորվածներից 2873-ը երիտասարդ է, իսկ 696-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ: 2015թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում 3215 գործատուի կողմից ներկայացվել է շուրջ 7225 թափուր աշխատատեղի հայտ:

Հանրապետությունում առավել պահանջարկված են նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներ, մասնավորապես դեղագետ, դեղագործ, բուժքույր, մատուցող, գանձապահ-օպերատոր, հացթուխ, դերձակ, կարող, վաճառող, խոհարար, հրուշակագործ, մեքենավար, վարորդ (ուղևորափոխադրող), ապարատավար, ոսկերիչ-դիզայներ, գեղարվեստական իրեր պատրաստող, տուրիստական գործակալ, ապահովագրական գործակալ, կահույքագործ, վարսահադար, դիմահարդար, ոստիկանության շարային ծառայող, ցանցի կառավարման տեխնիկ, փականագործ, խառատ, ֆրեզերագործ, ավտոէլեկտրիկ, որակավորված բանվորներ և այլն) և որակավորում չպահանջող աշխատողներ (մաքրուհի, անվտանգության աշխատողներ, բանվորներ):

Բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկը համեմատաբար ցածր է: Այն ոլորտից ոլորտ տարբեր է, այսպես առավել բարձր պահանջարկ առկա է տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, սպասարկման ոլորտներում: Երևանում առկա է ատամնաբույժների, իսկ մարզերում մշտապես առկա է բժշկական նեղ մասնագետների պահանջարկ:

 2015թ ընթացքում իրականացվել են զբաղվածության կարգավորման հետևյալ ծրագրերը.

«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում».– տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց թիվը կազմել է 81, որից 48-ը ընդգրկվել է 2015թ. ընթացքում:

«Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում».- ծրագրի շրջանակներում ուսուցում է անցել 977 գործազուրկ, որից` 85-ը հաշմանդամություն ունեցող անձ:

«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում».- ծրագրում ընդգրկվել է 352 գործազուրկ, որից 7-ը հաշմանդամություն ունեցող անձ:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում».-ծրագրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 700 անձ, 516 անձ ընդգրկվել է 2015թ. ընթացքում: Եվս 184-ը շարունակում է ծրագրում ընդգրկված մնալ նախորդ տարվանից:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում».- ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 70 բիզնես ծրագիր, որից 10-ը ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում».-ծրագրի շրջանակներում աշխատանքի է տեղավորվել 500 անմրցունակ անձ, որից 51-ը հաշմանդամություն ունեցող անձ է: Այս թվից 29 հաշմանդամություն ունեցող անձի համար իրականացվել է աշխատատեղի հարմարեցում:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում».– ծրագրում ընդգրկվել է 1925 անձ, որից 41-ը հաշմանդամություն ունեցող անձ:

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում».-ծրագրի շրջանակներում հանրապետության 10 մարզերի 472 համայնքում 4793 հողօգտագործողի հետ կնքվել է պայմանագիր: Ծրագրերում ընդգրկել է 6285 շահառու, որից 503-ը հաշմանդամություն ունեցող անձ: Ծրագրի իրականացման արդյունքում մշակել է 8076 հա հողատարածք:

2015թ. նոյեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ Տավուշի մարզում իրականացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» փորձնական ծրագիրը, որում ընդգրկվեց մարզի 44 սահմանամերձ համայնք: Ծրագրերում ընդգրկվել է 398 անձ, որից 11-ը հաշմանդամություն ունեցող: Ծրագրերի շրջանակներում իրականացվել են հիմնականում դպրոցի և մանկապարտեզի տարածքներում պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական, ճանապարհների հենապատերի վերականգնման, գերեզմանատան ցանկապատի բարեկարգման, այգու ցանկապատի վերանորոգման, ջրամբարի ցանկապատի վերանորոգման, գյուղամիջյան ճանապարհների կոպիճապատման, սելավատարների մաքրման ու ամրացման և ցերեկային լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ:

«Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում».- 2015թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվել է 11 տոնավաճառ Հրազդան, Իջևան, Ալավերդի, Գյումրի, Կապան, Աբովյան, Արտաշատ, Եղեգնաձոր, Երևան/2/, Արմավիր քաղաքներում: Տոնավաճառներին մասնակցել է 402 գործատու, 12390 աշխատանք փնտրող, գործատուների կողմից ներկայացվել է 1535 թափուր և 690 սպասվելիք աշխատատեղ: Տոնավաճառների ավարտից անմիջապես հետո աշխատանքի է տեղավորվել 685 աշխատանք փնտրող անձ:

«Աշխատաշուկայի հետազոտման աշխատանքների կազմակերպում» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Ուսումնասիրություն գործատուների շրջանում ըստ տնտեսության ճյուղերի» թեմայով հետազոտությունը, որի նպատակն էր գնահատել տնտեսությունում աշխատուժի շարժը և աշխատաշուկայում սպասվելիք փոփոխությունները` առաջիկա 3 տարիների կտրվածքով, ինչպես նաև վեր հանել կանխատեսվող մասնագիտացումներն՝ ըստ ոլորտների:

«Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում».- ծրագիրը չի իրականացվել, քանի որ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետաքրքրվածությունը ծրագրի նկատմամբ խիստ ցածր է: Ծրագրի շրջանակներում համագործակցության հուշագիր է կնքվել 7 կազմակերպության հետ:

Միջազգային համագործակցություն

2015թ. ընթացքում գործակալությունը համագործակցել է Համաշխարհային Բանկի, Եվրոպական Կրթական Հիմնադրամի (ETF), Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն (IOM), «Գերմանիայի միջազգային համագործակցություն» կազմակերպության (GIZ), Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրացիայի գրասենյակի (OFII), Միջազգային միգրացիայի կազմակերպության (CIM), Փրկենք երեխաներին (Save The Children), Մարդը կարիքի մեջ (People in Need), ՍՕՍ մանկական գյուղեր և այլ կազմակերպությունների հետ:

ԿԻՍՎԵԼ