Եվրոպայի խորհրդի փորձագետին ներկայացվել է հաշմանդամության սահմանման նոր մոդելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը մարտի 28-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի փորձագետ Ֆրենկ Ֆիլինին:

Հանդիպման սկզբում Ֆրենկ Ֆիլինը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի արևելյան գործընկերության տարածաշրջանային ծրագրային համագործակցության շրջանակներում իրականացվող «Արդյունավետ կառավարում և պայքար կոռուպցիայի դեմ, պայքար փողերի լվացման դեմ» սոցիալական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման ծրագիրը և իր այցի նպատակը, այն է՝ հետազոտել ու ծանոթանալ տարածաշրջանի 5 երկրների, այդ թվում  մեր երկրում հաշմանդամության սահմանման ընթացակարգին, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող ծրագրերին ու աշխատանքներին, իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև այդ համակարգում գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերին ու դրանց նվազեցմանն ուղղված մեխանիզմներին: Ըստ փորձագետի իրականացվող հետազոտությունը միտված է համակարգային խնդիրների բացահայտմանն ու լուծմանը:

Նախարարի տեղակալը ողջունելով հյուրին՝ ներկայացրել է  հաշմանդամության բնագավառում, այդ թվում բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում իրականացվող բարեփոխումները: «Հաշմանդամության սահմանման գործընթացը վերջին տարիներին, լինելով ուշադրության կենտրոնում, մեծ փոփոխությունների է ենթարկվել: 2014թ.-ից մեր երկրում սկսվել են անձի բազմակողմանի գնահատման՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման աշխատանքները: Շուրջ 5 տարի լուրջ աշխատանքներ են կատարվել այս ուղղությամբ, փորձարկման փուլեր են անցել հաշմադամության սահմանման նոր չափորոշիչները, 2017թ. նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր՝ ընդ որում նախատեսվում է մոդելը կիրառել բժշկասոցիալական փորձաքննության համար առաջին անգամ դիմած անձանց նկատմամբ: Փորձնական ծրագրի արդյունքները կվերլուծվեն, կգնահատվեն,  ինչպես նաև կշարունակվեն աշխատանքները մոդելի հետագա ներդրման ուղղությամբ»,- ասել է Սոնա Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ներկա գտնվող ոլորտի մասնագետներն իրնեց հերթին փորձագետին ներկայացրել են հաշմանդամության սահմանման գործող կարգն ու չափորոշիչները, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող արտոնությունները, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեությունը, բողոքարկման մեխանիզմը, վերափորձաքննության գործընթացը, մշակված նոր օրենքն ու դրանից բխող փոփոխությունները և պատասխանել փորձագետին հետաքրքրող այլ հարցերի:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է նաև նախարարությունում ներդրվող մշտադիտարկման և գնահատման նոր համակարգը, որը նախատեսում է ինչպես սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, այնպես էլ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մշտադիտարկում և գնահատում: Նա նշել է, որ արդեն իսկ հաստատված կարգի և մեթոդաբանության համաձայն գնահատվել են մի շարք ծրագրեր, իսկ 2017թ. ընթացքում կմշակվի նաև Բժշկասոցիալական փորձաքննության կողմից մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման գործիքակազմը, իսկ  գնահատումը կիրականացվի 2018թ.:

«Այս համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի բարձրացնել ծրագրերի  և մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու հասցեականությունը, ինչպես նաև բացահայտել և կանխել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Ներդրվելու է նաև էլեկտրոնային համակարգ. հստակ մշակված ցուցանիշներով և սահմանված պարբերականությամբ տվյալները ստացվելու են էլեկտրոնային եղանակով՝ հնարավորություն տալով բացահայտել բոլոր հնարավոր ռիսկերը: Բացի այդ, գործող մեթոդաբանությունը ներառում է իրականացվող ծրագրերից և տրամադրվող ծառայություններից՝ շահառուների կարծիքի ուսումնասիրություն: Բոլոր որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալները ստացվելու են անկախ կազմակերպության կողմից: Արդյունքում հնարավոր կլինի ապահովել շահառուների գնահատված կարիքներին համապատասխան ծառայությունների տրամադրումը: Համակարգի լիարժեք ներդրումը հնարավորություն կտա ունենալ մշտադիտարկման կայուն համակարգ, նպաստել վարվող քաղաքականության հետագա բարելավմանն ու իրականացմանը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Եվրոպայի խորհրդի փորձագետ Ֆրենկ Ֆիլինը շնորհակալություն է հայտնել օգտակար հանդիպման, ամբողջական ու բովանդակային տեղեկատվություն տրամադրելու համար և հույս հայտնել, որ հաջորդ այցին տեսանելի կլինեն հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքները:

ԿԻՍՎԵԼ