Պայմանագիր

Հունիսի 12-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Ա. Ասատրյանը,  “Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ” միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի տնօրեն Ժ. Էդիլյանը և ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Հ. Պողոսյանը ստորագրեցին “Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների վերաբերյալ համատեղ ծրագրի իրականացման մասին” պայմանագիր:

“Ուրախ եմ, որ այսօր կարող ենք խոսել անցած ճանապարհի մասին, վստահ եմ, որ հետամուտ կլինենք երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող փոփոխություններին, մեր ռեսուրսները կտրամադրենք՝ խնդիրները համատեղ լուծելու համար: Պետական կառավարման մարմինը միայնակ չի կարող լուծել բոլոր խնդիրները: Պետք է ուսումնասիրել, ախտորոշել դրանք և համակարգված առաջ գնալ: Երեխաների խնամքը պետք է կազմակերպվի ընտանիքում, ուստի մեր նպատակն է հզորացնել ընտանիքը: Ճանապարհը երկար է, արդյունքները պետք է լինեն չափելի և գնահատելի”,- նշեց պարոն Ասատրյանը:

Կողմերը պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել, անդրադառնալ պայմանագրով նախատեսված աշխատանքների ընթացքին, լուծել ծագած խնդիրները:

Համաձայն պայմանագրի՝ “Կառավարության հետ համագործակցությամբ երեխայի բարեկեցության բարեփոխում” ծրագիրը կիրականացնի ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, որի շրջանակներում նախատեսվում է կատարել փորձագիտական, իրավական և վերլուծական  աշխատանքներ, որոնք էլ Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության բարեփոխումների իրականացման հիմք կհանդիսանան:

Փորձագիտական աշխատանքների մեկնարկը կտրվի հունիս ամսին և կավարտվի 2014 թվականի սեպտեմբերի 20-ին: Աշխատանքների ավարտին ծրագիրն իրականացնողները հանդես կգան գրավոր հաշվետվությամբ, ինչպես նաև կկազմակերպվի քննարկում շահագրգիռ գերատեսչությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԿԻՍՎԵԼ