Պայմանագրի ստորագրում

Մայիսի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը և Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին ստորագրեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող “Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ” պետական ոչ առևտրային կազմակերպությունում շինարարական աշխատանքների կատարման համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության մասին պայմանագիր:

Պայմանագրով նախատեսվում է տուն-ինտերնատի անկողնային խնամքի կարիք ունեցող բնակիչների համար նոր մասնաշենք կառուցելու նպատակով հայկական կողմին տրամադրել 1 մլն. ԱՄՆ դոլար:

“Շնորհակալություն եմ  հայտնում Քուվեյթի Պետությանը և անձամբ պարոն դեսպանին՝ մեր դիմումին արձագանքելու համար: Սա համագործակցության լավ սկիզբ է, ինչը հնարավորություն կտա խնամքի կարիք ունեցող և հաշմանդամ 60 անձի մատուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան  ծառայություններ”,- նշեց նախարարը:

Պարոն Ալ-Քաբանդին ևս շնորհակալություն հայտնեց նախարարին՝ նշելով, որ քուվեյթյան կողմն իր աջակցությունը չի սահմանափակելու միայն այս ծրագրով: “Երկու նախարարների առաջիկայում սպասվող հանդիպումից և համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո մենք կիրականացնենք այլ ծրագրեր ևս: Մենք փոքր պետություններ ենք, ունենք նման խնդիրներ և կարիք՝ միմյանց օգնելու”,-նշեց դեսպանը:

 

Նախատեսվում է մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտել մեկ տարում:

ԿԻՍՎԵԼ